Վալերի Օսիպյանն այն անձը չէ, որ մարդու իրավունքներն ապահովի, նրա նշանակումն անընդունելի է. Արթուր Սաքունց
13:27, May 11, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎալերի Օսիպյանն այն պաշտոնատար անձը չէ, որը կարող է ապահովել մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծումը, անընդունելի է նրա նշանակումը ոստիկանապետի պաշտոնում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա կարծում է, որ որոշումն անհրաժեշտ է վերանայել, և իրավապաշտպանները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն:
«Ես ժամանակավոր կառավարության կազմում ցանկացած նշանակում դիտարկում եմ ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների ապահովման երաշխիքների տեսանկյունից, որը պետք է հիմնված լինի իրավական և ժողովրդավարական պետության չափանիշների պահպանման սկզբունքի հիման վրա: Վալերի Օսիպյանը շատ երկար ժամանակ՝ առնվազն 2008թ. մարտի 1-ից սկսած, ներգրավված է եղել ցուցարարների ապօրինի բերման ենթարկումների, հատուկ միջոցների կիրառման գործողությունների մեջ»,-շեշտեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ Վալերի Օսիպյանի կողմից բազմիցս խոչընդոտվել է ցուցարարների ազատ հավաքի իրավունքը, այդ թվում՝ այս ապրիլյան թավշյա հեղափոխության ժամանակ: Ըստ նրա՝ պետք է իրավական գնահատական տալ, թե ապրիլի 16-ին հատուկ միջոցների կիրառման ժամանակ, երբ 46 անձ վիրավորվեց, ինչ դերակատարություն է ունեցել ներկայիս ոստիկանապետը:
«Ես էլ եմ ոգևորված հեղափոխությամբ, ողջունում եմ, աջակցել եմ, ավտորիտար կառավարման և դրանից բխող հետագա բռնապետական ինստիտուտը կասեցվեց, բայց հիմա առավել քան անհրաժեշտ է քաղաքացիական վերահսկողության էլ ավելի արդյունավետ իրականացումը: Կարող են տարբեր տիպի քննադատություններ լինել նոր ձևավորվող գործողություններին, ըստ քաղաքական շահերի, ըստ անձնական խմբային շահերի, բայց մեր քննադատությունները կամ գնահատականները ձևակերպում ենք՝ ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների չափանիշներից: Քննադատական դաշտը չպետք է աղավաղվի, և խնդրի քննարկումը տեղափոխվի այնպիսի դաշտեր, որոնք ոչ թե բովանդակային լուծում են տալիս, այլ անձնական, խմբակային կամ քաղաքական շահերից ելնելով»,-ընդգծեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի գործողության հետ չի առնչվել, բայց եթե պարզվի, որ նախկին պաշտոնում օրինակ քաղաքացիական ակտիվիստներին գաղտնալսելու գործողություններին մասնակցել է, ապա կներկայացնի իր դիրքորոշումը: