«Պերմյակովի մեղսակցությունն որքան է՝ չեմ կարող ասել. Նա առնվազն տեղյակ է՝ ինչ է եղել»
14:35, May 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԵրեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանեկան սպանության գործով նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքներից որոշակի տեղեկություններ: Հանրությանը մասնավորապես ներկայացվեց, որ դեպքի վայրում հայտնաբերված տարբեր իրերի, այդ թվում` ինքնաձիգի, զինվորական համազգեստի վրա հայտնաբերվել է գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով այս գործում ներգրավվածէ նաեւ որպես տուժողներից մեկի իրավահաջորդի ներկայացուցիչ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով հրապարակված դատագենետիկական փորձաքննության արդյունքներին, նշեց, թե որպես տեղեկատվություն՝ դա կարեւոր է հանրության համար, բայց ընդհանուր առմամբ՝ այդ արդյունքները դեռեւս ոչինչ չեն ասում.
«Այն, որ դա Պերմյակովի համազգեստն էր, կամ Պերմյակովի զենքն է, դա ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց մյուս կողմից՝ դա ոչ մի բան չի նշանակում: Եւ բնական է, որ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում պետք է, որ հայտնաբերվեին գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն։
Ինձ հետաքրքիր է՝ այլ ապացույցներ՝ մատնահետքեր, ոտնահետքեր կա՞ն: Շատ կարեւոր հարց է նաեւ այն, թե համազգեստի վրա կրակոցի արգասիքներ կա՞ն, թե՞ ոչ ու որքա՞ն: Միանշանակ է, որ Պերմյակովը տեղյակ է՝ ինչ է կատարվել, բայց Պերմյակովի մեղսակցությունը որքան է, չեմ կարող ասել »,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Նա նշեց նաեւ, թե հրապարակված դատագենետիկական փորձաքննության արդյունքները պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն, ինքը որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ երկուշաբթի օրը քննչական կոմիտեում կծանոթանա դրանց հետ, բայց ընդգծում է, թե միայն բոլոր փորձաքննությունների արդյունքների համադրմամբ պարզ կդառնա, թե դեպքի օրն Ավետիսյանների բնակարանում ի՞նչ է տեղի ունեցել.
«Մեր բոլոր գնահատականները՝ գործի հետ կապված, որոշակի սահմանափակվածություն ունեն, դա միշտ էլ մնում է, որքան էլ փորձաքննություն կատարեն, կամ չկատարեն: Դրա համար առանձնակի մեծ նշանակություն տալ չենք կարող: Փորձաքննությունների ավարտից հետո նոր հնարավոր է՝ կարողանանք ինչ-որ մի որոշակի եզրահանգման գալ՝ իմի բերելով ամեն ինչը: Բայց որոշակի սահմանափակվածություն կա այն պատճառով, որ Պերմյակովը չի գտնվում հայկական կողմի հսկողության տակ»,-նշեց իրավապաշտպանը:
Գործում ներգրավված փաստաբան Երվանդ Վարոսյանն իր հերթին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե քննչական կոմիտեն հրապարակել է փորձաքննության արդյունքների այն տվյալները, որոնք գտել է, որ այս պահին կարեւոր են հասարակության համար, սակայն դատագենետիկական փորձաքննության արդյունքները բավականին ծավալուն են, ու հարկավոր է դրանց ուշադրություն դարձնել.
«Գենետիկական փորձաքննությամբ խոսք է գնում ոչ միայն հագուստի մասին: Եզրակացությունները բավականին ծավալուն են: Քննչական կոմիտեն հրապարակել է այն հատվածները եզրակացության հետեւությունների մասին, որոնք երեւի գտել է, որ հանրությանն առավել հետաքրքրող է, բայց կան այլ տեղեկություններ, այլ տվյալներ եւս: Մենք հիմա վեր ենք հանել այս եզրակացությունը, համադրել այն արդեն իսկ ստացված մյուս եզրակացությունների հետ, որտեղ որ պատկերը հստակ արդեն արտացոլվում է, պատրաստվում ենք հանրությանը ընդհանուր ներկայացնել»,-ասաց Երվանդ Վարոսյանը:
Աղբյուրը՝www.galatv.am