Զինծառայող Հարություն Համբարյանը ծառայում էր ԼՂ Մարտակերտի շրջանում
16:53, May 11, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր՝ 2015 թ. մայիսի 11-ին, Լոռու մարզի Արևաշող գյուղի սբ. Աստվածամոր եկեղեցում արարողությունից հետո տեղի ունեցավ 2015 թ. մայիսի 8-ին ԼՂ Մարտակերտի զորամասում մահացած Հարություն Համբարյանի հուղարկավորությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն այցելել էին գյուղ՝ դեպքի հետ կապված մանրամասնությունները ճշտելու նպատակով:
Հարզատների հետ զրուցել չհաջողվեց, սակայն զինծառայողի 2 համագյուղացիներ պատմեցին, որ Հարություն Համբարյանն ապրում էր ծնողների և իր քույրերի հետ:
Դեպքի մանրամասների մասին գրասենյակի աշխատակիցների հետ զրուցող համագյուղացին տեղեկացել էր հեռուստատեսությունից: Ըստ նրա՝ գյուղում դեպքի մանրամասների մասին դեռևս ոչ ոք տեղյակ չէ:
Ինչպես արդեն հայտնել են լրատվական միջոցներով, ըստ նախնական տվյալների, զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից: ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Զինծառայողի գլխի հատվածը (գագաթնային մասից մինչև ծոծրակը) վիրակապված էր:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր ցավակցությունն է հայտնում Հ. Համբարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: