Իշխանությունը վտագի տակ է դրել Լիսկայի ընտանիքի անդամներին
17:34, May 11, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյն, որ Գլխավոր դատախազության ցուցումի հիման վրա են լուծում Սուրիկ Խաչատրյանի որդու հարցաքննության խնդիրը, դա ապացուցում է, որ հենց Գլխավոր դատախազն է պատասխանատու Սուրիկ Խաչատրյանի շահերի պաշտպանության համար: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարությանը:
Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել: Հիշեցնենք, որ այս գործով անցնում է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով, ըստ մամուլի հրապարակումների, փախուստի է դիմել:
Ըստ Սաքունցի՝ Գլխավոր դատախազությունը պարազապես համատեղում է փաստաբանությունը Գլխավոր դատախազության գործառույթի հետ: “Այսինքն՝ ստացվում է, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ քննչական գործողություններ կարող են կատարվել միայն ու միայն Գլխավոր դատախազի թույլտվության հիման վրա կամ միայն նրա, ասպես կոչված, դաբրոյով: Սա դա է նշանակում ընդամենը»,- ասաց իրավապաշտպանը:
Սաքունցի խոսքով՝ նախկինում նմանօրինակ դեպք գրանցվել է, երբ իրավապահները հայտարարում էին, թե փնտրում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Վալերի Օսիպյանի եղբոր որդուն, բայց չեն կարողանում գտնել: Ավելին, այն ժամանակ փաստաբանը հայտարարեց, թե՝ երբ Օսիպյանի եղբոր որդին հարմար կգտնի, այն ժամանակ էլ կներկայանա նախաքննության մարմնին:
“Հիմա երևի այս դեպքում էլ Լիսկայի որդին է որոշել ներկայանալ այն ժամանակ, երբ հարմար կգտնի: Բայց տվյալ դեպքում դատախազությունը տեսել է, որ որպես փաստաբան իր գործառույթներն իրականացնելու ժամանակ կորցրել է որպես Գլխավոր դատախազություն իր դիրքը և փոձել է Գլխավոր դատախազի լիազորություններն օգտագործել՝ ցույց տալու համար, որ այնքան էլ ինքնահոսի ու Տիգրան Խաչատրյանի կամքի վրա թողնված չէ այս գործը: Այսինքն՝ մենք գործ ունենք այնպիսի դեպքերի հետ, որ մարդիկ իրենց հայեցողությամբ են ենթակա արդարադատությանը”,- նշեց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը սկզբունքների և նորմերի իրականացման տեսակետից անկանխատեսելի է, երբ խոսքը վերաբերում է մարդկանց, ովքեր Սերժ Սրագսյանի կողմից անձեռնմխելիություն են ստացել, և դժվար է ասել՝ Լիսկայի որդին այս անգամ կպատժվի, թե ոչ:
«Կպատժվի, թե ոչ, հետագա իրադարձությունները ցույց կտան, բայց որ ակնհայտորեն Տիգրան Խաչատրյանի անունը՝ որպես հանցագործության կատարման մասնակից, տուժողների կողից նշվել է բազմիցս, դա փաստ է: Առաջին բերման ենթարկվող անձը պետք է լիներ հենց ինքը և առաջին հրատապ քննչական գործողությունները պետք է արվեին Տիգրան Խաչատրյանի նկատմամբ՝ որպես հիմնական դերակատարում ունեցող անձի: Այսինքն՝ հիմքերն առավել քան բավարար են՝ նրան որպես կասկածյալ ներգրավելու և խափանման միջոցի հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու համար, բայց այս դանդաղկոտությունն ու հապաղումը խոսում են այն մասին, որ այս գործում ևս, բացի իրավական գործընթացներից, կան նաև այլ գործընթացներ՝ քաղաքական, իշխանական բնույթի, թե չգիտեմ ինչ, որոնք իրենց բնույթով իրավական չեն»,- ասաց նա:
Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ժամանակ էլ, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, ոստիկանները դարձյալ հապաղեցին ու երկու ժամ ուշացումով ժամանեցին դեպքի վայր: Այս դեպքում էլ, ըստ նրա, իրավական նորմերի տեսանկյունից շատ տարօրինակ էր հապաղումը, բայց հավանաբար տրամաբանական է Հայաստանում գոյություն ունեցող պրակտիկայի տեսանկյունից:
«Այդ առումով, թե ինչ ընթացք կստանա գործը, դժվար է ասել: Եթե պատասխանատվությունը համարժեք չլինի այն հանցագործությանը, որում հերթական անգամ ներգրավված է Լիսկայի ընտանիքի ներկայացուցիչը, էլ ավելի է մոտեցնելու ոչ իրավական մեթոդների կիրառման հավանականությանը հենց իրենց ընտանիքի անդամների նկատմամբ, և որի պատասխանատվությունն իրապես կրելու են Գլխավոր դատախազն ու Լիսկայի քաղաքական հովանավորը՝ Սերժ Սարգսյանը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.lragir.am
Տեսե՛ք նաև՝ www.armtimes.com