Փոխոստիկանապետը խոստովանում է, որ պատժի ընտրողական մոտեցում կա իրավապահ համակարգում. իրավապաշտպան
10:08, January 11, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Ճվճվ» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիները, որոնք ճանապարհային երթեւեկության խախտումների եւ մի շարք հանցանքների մասնակից են, հայտնվեցին ճաղերի հետեւում միայն այն բանից հետո, երբ եղբայրներից մեկի՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով օրեր առաջ մահացավ ճանապարհային ոստիկանության երկու ծառայող։
Ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանը մահացել էր տեղում, իսկ ուղևոր, նույն դասակի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Խաչիկ Գասպարյանը՝ հաջորդ օրը հիվանդանոցում։ Ավելի ուշ հրապարակվեց ավտովթարի վերաբերյալ տեսանյութը, ըստ որի՝ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ երթեւեկելով բախվում է ՃՈ մեքենային, որն այդ պահին խաչմերուկում շրջադարձ է անում։ Սարգիս Վարդանյանը ոչ մի վնասվածք չի ստացել, նա դեպքի վայրից փախուստի է դիմել, ավելի ուշ ներկայացել ոստիկանություն։ Քննչական կոմիտեն նույն օրը հետախուզում հայտարարեց մյուս եղբոր՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ, որը ամիսներ առաջ կողոպուտի եւ խուլիգանության գործերով ներգրավվել էլ որպես մեղադրյալ։ Վերջինս էլ «կայծակնային» արագությամբ հայտնաբերվեց եւ կալանավորվեց։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը NEWS.am–ի հետ զրույցում կասկած հայտնեց, որ Վարդանյանները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, քանի որ Հայաստանում արդարադատությունը ընտրովի է, քաղաքական իշխանության հովանավորությունն է որոշիչը, որը վեր է ցանկացած օրենքից եւ սահմանադրական նորմից։ «Արդյոք վստա՞հ եք, որ «Ճվճվ»–ի որդիները պատասխանատվություն կրելու են, ես կասկածում եմ։ Ոչ միայն Հրազդանի քաղաքապետի որդու վրաերթի փաստերով քրեական գործի ճակատագիրը կարող եմ օրինակ բերել, այլ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի տան մոտ գնդապետ Բուդաղյանի եղբոր սպանության գործի ելքը։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ճվճվ»–ի որդիներին հովանավորելու մասով ուշագրավ մեկնաբանություն է տվել, ասում է՝ ամբողջ իրավապահ մարմնի մասին չի կարող ասել, բայց ոստիկանության կողմից փաստեր կարող է ներկայացնել, որ պատասխանատվության ենթարկվել են։ Սա շատ ուշագրավ է, նա խոստովանում է, որ իրավապահ մարմինների միջեւ հակասություն կա եւ ընտրողական մոտեցում գոյություն ունի իրավապահ մարմինների գործունեության դաշտում»։
Հատկանշական է, որ իրավապահների այսօրինակ «օպերատիվությունը» եւ մեղավորներին պատժելու հրամայականը ծառացավ երիտասարդ ոստիկանների զոհվելուց հետո միայն։ Մինչդեռ շատ հանգիստ փակվեց Հրազդանի ՀՀԿ–ական քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու մասնակցությամբ վթարի գործը։ 17–ամյա Ռազմիկ Դանիելյանը ամիսներ առաջ՝ 2017–ի հունիսի 8–ին հոր ծառայողական մեքենայով վրաերթի ենթարկեց 58–ամյա Վալերի Թովմասյանին, որը ժամեր անց հիվանդանոցում մահացավ։ Ռազմիկ Դանիելյանը ոչ միայն չպատժվեց, այլեւ բարձր մակարդակով խախուսանքի արժանացավ։ Նախաքննության փուլում Սերժ Սարգսյանը մի խումբ աշակերտների հետ նրան պարգեւատրեց, իսկ արդեն դեկտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործը կարճվել է, Ռազմիկ Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ ՀՀԿ–ականի որդու վարած մեքենայի անիվների տակ մահացածը շարքային քաղաքացի էր, փորձագիտական եզրակացությունը՝ վարորդի օգտին։
«Հույս մի ունեցեք, որ զոհերը ոստիկաններ են, ու զոհի կարգավիճակը բավարար է լինելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն, սա քաղաքական հովանավորության տրամաբանության տեսակետից ոչ մի նշանակություն չունի։ Իրավապահ համակարգը՝ հանձին ոստիկանության առնչվեց քաղաքական համակարգի կոռումպացված վարքագծին, այս քաղաքական կոռումպացվածության մեջ էլ տեղավորվում են բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ իրավապահ»,- ասում է Արթուր Սաքունցը։