Երկու մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած բժշկուհին պետք է ավելի խիստ պատժի արժանանա. փաստաբան
17:24, November 11, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կարինե ՀովհաննիսյանԱրմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար մեղավոր ճանաչված եւ 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքի նիստին այսօր՝ նոյմեմբերի 11-ին, ամբաստանյալի փաստաբանը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին, կամ պայմանականորեն չկիրառել առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը: NEWS.am-ի հետ զրույցում տուժող կողմի շահերի պաշտպան Անի Չատինյանը նշեց, որ երկու մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած բժշկուհին պետք է ավելի խիստ պատժի արժանանա եւ նրա պատիժը մեղմացնելու մասին խոսք պետք է չլինի:
«Գործ ունենք երկու մանկահասակ երեխաների մահվան հետ եւ պետք է խոսել ոչ թե պայմանականորեն պատիժը չկիրառելու մասին, այլ՝ պատիժը խստացնելու: Գործողությունները, որոնց հետեւանքով երեխաները մահացել են հանգեցրել են երեխաների կյանքի իրավունքի խախտմանը եւ 3 տարվա ժամկետով ազատազրկումը համարժեք չէ դրան: Իմ կողմից ներկայացված բողոքը հենց սրան է վերաբերում, ես միջնորդեցի, որպեսզի պատիժը խստացնեն եւ 3 տարվա փոխարեն 5 տարի ժամկետով ազատազրկում նշանակեն, նաեւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկեն»,- ասաց Անի Չատինյանը:
Հիշեցնենք, որ դատարանը «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը:
Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:
Նշենք, որ ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015.թ հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:
Նորապատցի երեխան հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: