Արթուր Սաքունց․ Ինչո՞ւ պետք է Խաչատուրովի տղան շարունակի մնալ կորպուսի հրամանատար
17:01, May 11, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններScannews-ի զրուցակիցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն է։
Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի կողմից արդեն իսկ կատարված կադրային նշանակումներին։ Կոնկրետ և մասնավորապես կասե՞ք՝ ում մասով ինչ եք կարծում։
Միայն միանշանակ ընդունելի եմ համարում Դ․ Տոնոյանի նշանակումը։ Բայց առավել կարևոր է նաև գլխավոր շտաբի պետի, կորպուսի հրամանատարների փոփոխությունը, որովհետև, օրինակ, ինչո՞ւ պետք է Խաչատուրովի տղան շարունակի մնալ կորպուսի հրամանատար, երբ «թունդ» հանրապետական է։ Օսիպյանի մասին արդեն արտահայտվել եմ, պետք է փոխել միանշանակ։ ԱԱԾ֊ի պետի մասով դեռ միայն իր ընտանիքի հետ կապված բիզնեսների փաստն է մտահոգիչ։
Դատելով մարդկանց տարաբնույթ մեկնաբանություններից՝ հնարավոր համարո՞ւմ եք բողոքի ու ընդվզման գործողություններ քաղաքացիների կողմից այս կամ այն պաշտոնյայի նշանակմանը դեմ լինելու պատճառով։
Չեմ կարծում, թե ընդվզումներ լինեն, և դրա հիմքերը չեմ տեսնում, քանի որ նոր իշխանությունը, հանձին Ն. Փաշինյանի, մեծ լեգիտիմություն ունի և պետք է ունենա առաջիկա անհրաժեշտ փոփոխությունները կատարելու ազատ և արդար, արտահերթ պառլամենտական ընտրությունների երաշխիքների ապահովման և կազմակերպման համար։ Սա պետք է լինի բոլոր թե կադրային, թե օրենսդրական, թե ինստիտուցիոնալ փոփոխությունների տրամաբանությունը ավտորիտար կառավարման և ընտրովի արդարադատության համակարգից ժողովրդավարական և իրավական, իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործող համակարգին անցնելու անցումային ժամանահատվածի համար։