«Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի առաջին դասընթացը մեկնարկեց Երևանում
17:27, June 11, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացների շարքը մեկնարկեց Երևանում։
Հունիսի 9-ին Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում առաջին դասընթացին մասնակցեց շուրջ 30 զորակոչիկ, նախազորակոչային տարիքի անձ եւ զինծառայողների ընտանիքի անդամ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը մասնակիցներին ներկայացրին նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերը, զորակոչի ընթացքում զորակոչիկների իրավունքները և պարտականությունները, պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով տարկետման և ազատման հիմքերը, բժշկական հետազոտությունների ընթացքում նախազորակոչիկների, զորակոչիկների, զինծառայողների իրավունքները։ Արմինե Սադիկյանը մանրամասնեց զինվորական ծառայության տեսակների, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների տեսակների, դրանց տրամադրման կարգերի, ժամկետների, խրախուսանքների և կարգապահական տույժերի մասին։
Անդրադարձ կատարվեց նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների պատասխանատվության հարցին։ Բացի դրանից՝ մասնակիցներին ներկայացվեց նաեւ վերջին օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաեւ պրակտիկայում տարածված խնդիրները եւ խոչընդոտները:
Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն անդրադարձավ զինվորական ծառայությանը պիտանիության վերաբերյալ բողոքարկման մեխանիզմներին, ինչպես նաև այդ ոլորտում կազմակերպության պրակտիկ գործունեությանը, առկա խնդիրներին և դրանց հաղթահարման միջոցներին։
Դասընթացի վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան դասընթացավարներին ներկայացնել կոնկրետ դեպքեր, որոնց շուրջ ծավալվեց քննարկում, իսկ առանձին անձանց տրամադրվեց նաեւ իրավական աջակցություն, ոմանց հետ քննարկվեցին նաեւ առողջական խնդիրները Կազմակերպության բժիշկ-փորձագետի ներգրավմամբ:
Մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էին զորակոչի ժամանակ վիճակահանությամբ զինծառայության վայրն ընտրելու անաչառությունը եւ դրա հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, անհավասար վերաբերմունքի դրսևորումները վիճակահանության ընթացքում, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու մասնավոր դեպքեր, զորակոչային հանձնաժողովների կառուցվածքի, ինչպես նաև զինծառայության ընթացքում հիմնական արձակուրդի տրամադրման դեպքում զինծառայողներին տրամադրվող տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի վերաբերյալ հարցեր։
Հարկ է նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է տեղեկատվական գրքույկ ՀՀ զինապարտ քաղաքացիներին իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկելու նպատակով, որը ներկայացվեց դասընթացի մասնակիցներին:
Տեղեկատվական գրքույկը կիրառելի է մասնավորապես զինվորական հաշվառման տարիքի և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ներկայացուցիչների, զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ինչպես նաև իրավաբանների և իրավունքի այս բնագավառով հետաքրքվող այլ անձանց համար:
Հիշեցնենք, որ Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ իրականացվող զորակոչիկների և զինծառայողների իրավունքների իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասընթացների շարքը շարունակվում է. հաջորդ դասընթացները տեղի կունենան 2018 թ. հունիսի 17-ին՝ Գորիսում և հունիսի 18-ին՝ Եղեգնաձորում։
Դասընթացներ նախատեսվում է իրականացնել նաև 2018 թ. հուլիսին՝ Արմավիրում, Սևանում և Աշտարակում։
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ