Ֆեոդալների ու ճորտերի միջեւ համախմբում չի կարող լինել
13:24, April 12, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը եւ վերջինիս կողմից Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխությունը:
Ներկա իրավիճակում ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին երկու հիմնական մտահոգող հարց կա. մեկը՝ հետագա իրադարձությունները, այսինքն՝ հրադադարի վերականգնումը, երկրորդ՝ հարցերի մի ամբողջ խումբ, որն ուղղված է իշխանություններին։ Մասնավորապես` զոհվածների, անհայտ կորածների և ռազմագերիների հետ կապված խնդիրները։ Եվ կարծում եմ, որ այս երկու կարևոր հարցերն այս պահին պետք է դրվեն ԱԺ-ում։ Առաջին՝ որոնք են այն պատճառները և այն հանգամանքները, որոնց հետևանքով ունեցել ենք այդքան զոհեր, անհայտ կորածներ և ռազմագերիներ։ Երկրորդ՝ որո՞նք են այն պատճառները, որ ԶՈՒ-ն գտնվում էր ոչ պատրաստ վիճակում։ Խոսքը վերաբերում է ռազմական ղեկավարությանը, և առաջին հերթին Գխավոր շտաբի պետը պետք է բացատրություն տա։ Գլխավոր շտաբի պետը ոչ միայն կրակի դադարեցման համար Մոսկվա այցելելու համար է, այլ նաև հենց զինվորական պատրաստվածության, զինծառայության պատշաճ կազմակերպման և սպառազինությունների պատշաճ ապահովման հետ կապված ունի պատասխանատվություն։ Եվ եթե եղել են խնդիրներ, իսկ մենք համոզվել ենք, որ եղել են խնդիրներ տարբեր տեղեկատվությունների հիման վրա, ապա ինչո՞ւ այդպես ստացվեց։ Դա գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության պատասխանատվությա՞ն, թե՞ գերագույն գլխավոր հրամանատարի կամ քաղաքական իշխանության պատասխանատվության հարցն է։ Եվ կարծում եմ, այս հարցերը պետք է քննարկվեն և մարդկանց հարցերին պատասխան տրվի։ Ինչո՞ւ է այդպես լինում, որ զոհվածների, անհայտ կորածների, ռազմագերիների թվում միմիայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են։ Սրանք այն հարցերն են, որոնք անմիջականորեն հուզում են հանրությանը: Բացի այդ, զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի խոշտագումներն են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, և այդ հարցը պետք է անպայման բարձրացվի համապատասխան միջազգային ատյաններում։
Այս պարագայում համախմբման հետ կապված հարցերը կունենան բովանդակություն, որովհետև ես չեմ կարծում, որ կարող ենք առնվազն այս պահին մոռացության մատնել քաղբանտարկյալների հարցը, տվյալ դեպքում՝ Շանթ Հարությունյան և ընկերներ, Գևորգ Սաֆարյան, Հայկ Կյուրեղյան և այլք, որոնց նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդումը, և նրանք գտնվում են ազատազրկման վայրերում։ Ուրիշ ինչը, եթե ոչ նրանց անհապաղ ազատումը կարող է վերականգնել վստահությունը, որպեսզի խոսենք համագործակցության մասին։ Քաղաքացիական հասարակությունը և հանրությունը չեն կարող վստահել, քանի դեռ ունենք քաղբանտարկյալներ։
Եվ վերջապես, երբ խոսում ենք, որ այս պահին կան մարտահրավերներ, ապա ՀՀ և ԼՂՀ հանրությունը ցույց տվեցին, որ իրենք պատրաստ են և կամք ունեն պաշտպանելու իրենց անվտանգությունը և ազատությունը ոտնձգություններից, որը մենք չենք տեսնում իշխանությունների և հիմնական քաղաքական ուժերի կողմից։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Կրեմլի ակնհայտ արկածախնդրական, հակամարտությունը թեժացնելուն ուղղված անթաքույց, հրապարակային և ցինիկ գործողություններին, որոնց չի տրվում որևէ գնահատական։ Անվտանգության նկատառումներից ելնելով, երբ զոհաբերվում է արժանապատվությունը, ապա կորցնում ենք և արժանապատվությունը, և անվտանգությունը։ Սա է եղել մինչև այժմ ՀՀ իշխանությունների և քաղաքական հիմնական ուժերի գործողությունների հիմնական տրամաբանությունը։ Եթե այս սկզբունքի շուրջ են համախմբվում կամ համագործակցում, ապա այն որևէ բան չի կարող տալ: Որևէ ազդակ կամ ուղերձ չկա, որ գործողություններն արվելու են մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքի հիման վրա թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերում։ Կրկնում եմ՝ հանուն անվտանգության՝ գնալ արժանապատվության նվաստացման և արժանապատվությունը ոտնահարելու ճանապարհով, ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Ես դիտակում եմ և տեսնում, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը բացարձակապես որևէ հրապարակային դիրքորոշում չարտահայտեցին հակամարտության թեժացմանը և սրացմանը նպաստող կարևոր, այն է՝ սպառազինությունների մրցավազքին նպաստող գործոնների մասին: Երկրորդ՝ նրանք դիրքորոշում չհայտնեցին ԵՏՄ անդամակցության վերաբերյալ իրենց իսկ կողմից ընդունած որոշումների սնանկության և բացարձակ անհիմն, չհաշվարկված, անհեռանկարային որոշումների վերաբերյալ, և այս պարագայում, երբ կրկին տեսնում ենք հրապարակային չխոստովանելու վարքագիծը, վստահություն համագործակցության առումով չունենք։ Պետք է քաջություն ունենալ տեսնելու սեփական սխալները։ Երբ մենք անընդհատ խոսում էինք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ հիմա կոռուպցիոն ամբողջ համակարգի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես բարերարներ, սա նույնպես անթույլատրելի է ու արժանապատվությունը նվաստացնող։ Չի կարող լինել ճորտերի և ֆեոդալների միջև համախմբում, կարող է լինել համագործակցություն միայն որոշակի սկզբունքների շուրջ։
Պե՞տք է այսօր դնել ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր կամ բոյկոտել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը Երեւանից տեղափոխվել է Մոսկվա:
Սրանք կոնկրետ և մանր քայլեր են, խնդիրն այն է, որ ռազմական գործողությունների դադարից հետո անհապաղ պետք է արտահերթ նստաշրջան հրավիրվեր, իմ նշած երկու հարցերը՝ նկատի ունեմ անհետ կորածների, ռազմագերիների դեպքերի ուսումնասիրության նպատակով, երկրորդ՝ ԶՈՒ պատրաստվածության կամ անպատրաստվածության վերաբերյալ քննարկման նպատակով, որի հիման վրա վերջնական եզրակացություն տային, թե որոնք են այն գործոնները, որոնք հանգեցրին ռազմական գործողությունների թեժացման։ Եվ ԱԺ-ն պետք է հարցեր բարձրացներ ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի դիրքորոշումների վերաբերյալ, որ որպես դաշնակից պետություններ իրենց վարքագիծը խստորեն քննադատում է, և Հայաստանը հարց է դնում այս կառույցներում հետագայում մնալու նպատակահարմարության մասին։ Սա կլիներ արժանապատիվ մոտեցում, այլապես որևէ համագործակցության մասին խոսելը դառնում է բովանդակազուրկ։ Հիմա ԵՏՄ-ին կողմ քվեարկածները, կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությանը կողմ ուժերը, կամ ՌԴ-ի հետ դաշնակցային, բայց իրականում վասալային հարաբերությունների կողմնակիցները փորձում են այդ մոտեցումների շուրջ համախմբվել։ Սա նվաստացուցիչ առաջարկ է մեր հասարակությանը, որը դրսևորեց արժանապատիվ կեցվածք՝ դիմագրավելով արտաքին մարտահրավերներին։ Հիմա մեր ոչ խելամիտ քաղաքականությունը փորձել կոմպենսացնել ինչ-որ համախմբման կոչերով՝ համարում եմ ոչ համապատասխան այն հանրությանը, որն առանց որևէ քաղաքական ուժի կոչի ինքնաբուխ կանգնեց իր արժանապատվության և ազատության պաշտպանության դիրքերում։
Ի՞նչ է նշանակում՝ «համախմբվել, որ Սերժ Սարգսյանը թույլ չզգա»: Սերժ Սարգսյանն ի սկզբանե թույլ է հանրության մոտ իր լեգիտիմության պակասի պատճառով, իսկ իր լեգիտիմությունը բացակայում է ամենավերջին խայտառակ սահմանադրական հանրաքվեի հետևանքով, 2008-ի Մարտի մեկի հանցագործության չբացահայտման, համակարգային կոռուպցիայի, քաղաքական այլախոհների նկատմամբ ապօրինի քրեական հետանդումների, խոսքի ազատության սահմանափակման հետևանքով, հանձինս Հանրային հեռուստաընկերության, որը չի ապահովում բազմակարծություն հանրության ներսում, նաև իրավապահ մարմինների աննախադեպ ոտնձգություններով։
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այս հանդիպումը լեգիտիմացրե՞ց Սերժ Սարգսյանին։
Չեմ կարծում։ Սերժ Սարգսյանն իրապես շատ լավ գիտակցում է, որ այս մարտահրավերները կապված են իր քաղաքականության հետ և հանդիսանում են իր քաղաքականության իրական գնահատականները, որոնց նա պետք է պատասխան տա։ Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ փրկեց Սերժ Սարգսյանին։ Իհարկե, կարող են մեզ ներկայացնել, որ հանդիպման բուն իմաստը ԼՂՀ հարցով է, բայց իմ նշած հիմնահարցերի պատասխանների բացակայության պարագայում ավելի շատ խոսքը իշխանությունը փրկելու հարցի մասին է։ Ուրիշ կոնտեքստ, ուրիշ հիմնավորում նման հանդիպումը չի ունենում։ Ես սա համարում եմ ապագա քաղաքական կայուն մեծամասնության ձևավորման ուղիներից մեկը։ Այս պարագայում շատ հետաքրքիր է մյուս դաշնակցի՝ Դաշնակցության վիճակը, մյուս պոտենցյալ խաղացողի՝ Ռոբերտ Քոչարյանի վիճակը, այսինքն՝ իրենց հնարավոր ակնկալիքներն ամբողջովին սնանկ դարձան։ Սա գուցե ներքաղաքական կամ պալատական խաղի շրջանակներում ձիու քայլ է, բայց դա որևէ կապ չունի ՀՀ քաղաքացու ակնկալիքների հետ։