Կենտրոնական բժշկական հանձնաժողովի դեմ զորակոչիկի հայցի քննությունն ավարտված է
12:26, July 12, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2017 թ. հուլիսի 11-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց զորակոչիկ Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցի քննությունը:
Հիշեցնենք` Հովհ. Մոսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկյացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը պահանջում են կիրառել ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի այլ դրույթ և տարկետում տրամադրել ոչ թե 10 ամիս, այլ 3 տարի ժամկետով:
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր հայցվոր կողմի՝ դատարան ներկայացրած ապացույցի օրինակը պատասխանող ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովին տրամադրելու նպատակով:
Դատական նիստը կայացավ հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Դատարանը հայտնեց, որ ստացվել է հայցվորի ներկայացուցչի գրությունը, որին կցվել է նաև դատարան ներկայացված ապացույցը ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովին ուղարկելը հավաստող անդորրագիրը, իսկ Հանձնաժողովը որևէ դիրքորոշում դրա վերաբերյալ չի ներկայացրել:
Տ. Սիրադեղյանը դատարան ներկայացրեց գործին առնչվող այլ նյութեր ևս և պնդեց ավելի վաղ միջնորդությամբ ներկայացված դիրքորոշումը:
Այդպիսով, դատարանը գործի քննությունը համարեց ավարտված՝ վճռի հրապարակման օր նշանակելով 2017 թ. հուլիսի 27-ը՝ ժամը 17:50-ը: