Կրոնական կազմակերպությունների մասին օրինագիծը կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման համար է. Ա. Սաքունց
10:07, February 13, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը կրոնական դաշտում Հայ առաքելական եկեղեցու մոնոպոլացման ապահովման օրինագիծ է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Կարող ենք ասել, որ այս օրենքի նախագիծը սահմանափակող օրինագիծ է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ի դեպ, բավականին կոշտ գործիքներով: Այս պարագայում Հայ առաքելական եկեղեցին բացարձակապես անվերահսկելի գործունեության դաշտ է ունենում»,- նկատեց նա:
Արթուր Սաքունցը նշում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից դեռևս 2017 թ.-ին հոկտեմբերի 16-ին տրված փորձագիտական եզրակացության մեջ հստակ սահմանված են այն ուղենիշերը, մոտեցումներն ու հիմնավորումները, որոնք հաշվի առնելով ՀՀ-ում կգործի Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին պատշաճ օրենք՝ հիմնված միջազգային պարտավորությունների վրա:
«Պետք չէ նոր հեծանիվ հորինել, ԺՀՄԻԳ-ն իր տված եզրակացությունում հստակ սահմանել է ամեն ինչ: Պետք է ուղղակի վերցնել օրենքի նախագիծը և կետ առ կետ ԺՀՄԻԳ-ի կողմից առաջարկությունները ներառել օրենքում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա տեղեկացմամբ՝ ԺՀՄԻԳ-ն իր եզրակացության մեջ հստակ սահմանում է, որ այս օրենքը պետք է տարածվի նաև Հայ առաքելական եկեղեցու վրա: Հակառակ պարագայում, ըստ նրա՝ օրենքն ազդում է կրոնական կազմակերպությունների, բայց ոչ առաքելական եկեղեցու վրա:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ հրապարակված նախագծում մտցված են անհամաչափ սահմանափակումներ, որոնք իրենց բովանդակությամբ հանդիսանում են խտրական մոտեցում:
«Մասնավորապես, արգելվում է ֆինանսական հոսքերն արտասահմանից, պահանջվում է անդամների հաշվառում, որը պետք է հասու լինի լիազոր մարմնին: Սա անհամաչափ միջամտություն է: Հաջորդ կարևոր հարցն այն է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարող է կասեցվել պետական անվտանգության հիմնավորմամբ: Միջազգային կոնվենցիաներով խղճի, կրոնի, համոզմունքների ազատության սահմանափակումների շարքում պետական անվտանգությունը սահմանված չէ: Այսինքն, սա էլ է անհամաչափ»,- նշեց նա:
Իրավապաշտպանը կարևոր է համարում այն, որ օրենքի նախագծում ամրագրված լինի կրոնական կազմակերպությունների իրավական պաշտպանության մեխանիզմը:
«Ես ուզում եմ մի հռետորական հարց բարձրացնել՝ ինչ պայմանների դեպքում կարող է Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը դադարեցվել: Եթե օրենքով նախատեսում եք կրոնական կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն, ապա նման պահանջների չառաջադրելը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իր էությամբ հանդիսանում է խիստ խտրական մոտեցում»,- նկատեց նա:
Արթուր Սաքունցն առաջարկում է ԱԺ պատգամավորների և օրենքի նախագիծը մշակողների համար քննարկում կամ դասընթաց կազմակերպել՝ ԺՀՄԻԳ-ի եզրակացության կետերը մեկ առ մեկ ընթերցելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել: Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայիս օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել է սահմանադրական փոփոխություններ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերի և ստանձնել է որոշակի պարտավորություններ:
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ օրերս խորհրդարանական ամբիոնից օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարել էր, որ օրենքում պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների ու դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը: