Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին
18:17, February 13, 2018 | Համատեղ, Հայտարարություններ2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է ՀՀ Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: ՀՀ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (ՀՀ Սահմանադրություն, հոդված 123):
Որպես ՀՀ նախագահի թեկնածու, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին: Թեկնածուի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության իսկության պարագայում, վերջինս չի համապատասխանում հանրապետության Նախագահին՝ Սահմանադրությամբ ներկայացվող պահանջներին, ուստիև չի կարող ծառայել որպես Հայաստանի Հանրապետության գլուխ և պահպանել ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես,
- ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Ըստ հետաքննող լրագրողների ցանցի բացահայտումների, բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թվականի հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այսինքն, նրա թեկնածության պարագայում չի ապահովվում վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու պահանջը:
- Արմեն Սարգսյանի անվան հետ են կապվում բազմաթիվ բիզնեսներ, թեև նա, լինելով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն իրավունք չուներ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Առկա չէ պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ նա իր բիզնեսները կամ դրանցում ունեցած մասնակցությունը (բաժնեմաս, բաժնետոմս, փայ) հանձնել է հավատարմագրային կառավարման՝ ապահովելու օրենքի պահանջի կատարումը։
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս և հետագայում՝ տարեկան պարբերականությամբ, պարտավոր են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագիր: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի, ինչպես նաև տարբեր բիզնեսներից ստացված շահույթի տեսքով։
Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը, գտնում ենք, որ նախագահի թեկնածուն պարտավոր է փարատել հանրության կասկածները իր ոչ օրինավոր վարքագծի հետ կապված՝ ներկայացնելով հիմնավոր և փաստարկված հերքումներ։ Այլապես, Սահմանադրության ապագա երաշխավորը, դեռևս պաշտոնը չստանձնած, արդեն իսկ հայտնվում է Սահմանադրությունը խախտողի կարգավիճակում։
Վերոնշյալի հիման վրա պահանջում ենք Արմեն Սարգսյանից սեղմ ժամկետներում հրապարակային ներկայացնել՝
- պաշտոնական տեղեկանք՝ հավաստելու իր՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցնելու պահը.
- պաշտոնական տեղեկանք՝ իր բիզնեսները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին.
- իր և իր կնոջ (այդ թվում՝ բիզնեսներից ստացված) եկամուտները, ինչպես նաև՝ հիմնավորում, թե որն է եղել դրանք 2013թ.-ից մինչ օրս չհայտարարագրելու պատճառը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Կանանց ռեսուրսային կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ