Սա Սերժ Սարգսյանի վերջին փորձն էր
16:24, February 13, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հիմնական նպատակը Սահմանադրության հանրաքվեի խայտառակ հետևանքները սրբագրելն է: Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով Lragir.am-ի հետ զրույցում նկատեց, որ Սերժ Սարգսյանի կողմից դա փորձ էր՝ վերականգնելու իր լեգիտիմությունը, որն ամբողջովին ոչնչացվել էր սահմանադրական հանրաքվեի խայտառակ կեղծիքի հետևանքով: Իսկ այն, որ հանրաքվեն խայտառակ խախտումներով էր անցել, վկայում են տեղական ու միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները:
«Բնականաբար, այդ պայմաններում հետագա գործողությունների իրականացման համար նույն այն մեկնակետը, որում գտնվում էր սահմանադրական հանրաքվեից առաջ, նա չուներ: Պետք էր որոշակի վստահության ինչ-որ պաշար ստեղծել: Սա է հիմնական մեսիջը»,- ասաց նա:
Այլ տարբերակ, քան իր թիմի նկատմամբ պահանջները բարձրացնելու կամ հանրությանը ցույց տալու, որ իրապես բոլորովին այլ վարքագիծ ու մոտեցումներ է որդեգրում ինքը, Սերժ Սարգսյանը չուներ: Ըստ Սաքունցի՝ միայն այդ տարբերակով նա կարող էր վստահության պաշարը ձևավորել, որպեսզի կարողանար առնվազն հոգեբանորեն իրեն ազատ զգալ ու գործել:
Սակայն, նրա խոսքով, տարբեր տարիների Սերժ Սարգսյանը բազմաթիվ հայտարարություններ է արել ու խոստումներ է հնչեցրել, որոնցից ոչ մեկն ըստ էության չի կատարել: Հետևաբար, հանրությունը նրան չի հավատում:
Այս ելույթը, Սաքունցի խոսքով, առաջին հերթին մեսիջ էր՝ ուղղված հենց Սերժ Սարգսյանի թիմին, որին նա մեղադրում է այն խայտառակ իրավիճակի համար, որում հայտնվել է ինքը:
«Ինքը առավել քան շատ լավ գիտակցում է, որ հանրաքվեն չի անցել, արդյունքները կեղծված են: Այդ պատճառով է ինքն անընդհատ իր ելույթում խոսում նոր Սահմանադրության իրականացման մասին: Այլ բան չունի անելու, դա է իր իշխանության երկարաձգման միակ գործոնը: Նա չէր ուզենա, որ իշխանության երակարաձգման իր այդ գործիքն այդպես արատավորվեր: Նա Մարտի 1-ից ստացավ արատավորված իշխանություն, բայց եթե այն ժամանակ պատասխանատվությունն ինչ-որ ձևով կարող էր գցել Ռոբերտ Քոչարյանի վրա, ապա այսօր ամբողջ պատասխանատվությունը կրում է ինքը՝ շնորհիվ այն գործողության, որը կատարեց իր թիմը, մասնավորապես, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով Այո-ի շտաբի ղեկավարն էր»,- ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ այստեղ վերստին գործ ունենք կեղծիքի հետ, որովհետև առնվազն պետք է միամիտ կամ անիրազեկ լինել՝ չհասկանալու համար, որ այդ թիմը վաղուց արդեն արատավորված է, և այդ թիմը, որից ինքը դժգոհում է, չէր էլ ունեցել այն անհրաժեշտ ռեսուրսը, որպեսզի մարդկանց համոզեր «Այո»-ի օգտին քվեարկելու:
“Այսինքն՝ այստեղ պատասխանատվությունը իր թիմի անդամների վրա գցելը, որոնց մեղադրում է, որ պատասխանատվություն չեն ուզում վերցնել և սլաքն ուզում են ուղղել իր վրա, աբսուրդ է, որովհետև դա հենց իր ստեղծած համակարգն է, և բոլոր որոշումները կայացնում է ինքն անձամբ: Մյուսներին, որոնք այդ որոշումների կայացմանը չեն մասնակցում, պատասխանատվություն չվեցնելու մեջ մեղադրելն առնվազն անհեթեթություն է: Այսինքն՝ դու ուզում ես որոշումը միայնակ կայացնել, մյուսներին էլ ասել՝ պատասխանատվությունը կրում եք դուք: Նման բան չի լինում: Այսինքն՝ այստեղ փորձ է նաև՝ խուսափելու պատասխանատվությունից, այն համակարգի պատասխանատվությունից, որը հենց ինքն է ստեղծել: Եվ հիմա Սերժ Սարգսյանը փորձում է քավության նոխազներ գտնել՝ հանձինս իր ստեղծած համակարգի ներկայացուցիչների, որոնք ընդամենը կատարող են, իր հրամաններն ու որոշումներն են կատարել: Ինչպիսի որոշումներ կայացրել ես, այնպիսի կատարում է եղել: Ինչպիսի թիմ հավաքել ես, այնպիսի պատասխան էլ ստանում ես: Այնպես որ, այդ պատասախանատվությունից խուսափել չի հաջողվի”,- ասաց նա:
Հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել, նրա խոսքով, Սերժ Սարգսյանին չի հաջողվի. նա իր թիմի հետ միասին հավասար պատասխանատվություն է կրում այս վիճակի համար: Պատասխանատվությունը տարանջատելու ու բաշխելու գործընթացն անարդար է իր թիմի շրջանակներում, մյուս կողմից էլ դա ակնհայտ խաբեություն է հանրության ընկալման տեսանկյունից, որովհետև հանրությունը շատ լավ հասկանում է:
Սաքունցը նկատում է, որ Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին հետևյալ մեսիջն է տվել ժամանակին՝ ինչպես կարող եք, այնպես էլ աշխատեք: «Ես նկատի ունեմ այդ ամբողջ կոռուպցիոն համակարգից օգտվելն ու կոռուպցիոն մեխանիզմներով հարստություն դիզելը, կոռուպցիոն մեխանիզմներով ազգային հարստությանը տիրանալը: Այդ կոռուպցիոն մեխանիզմների բովանդակությունն այլ գործիքներ չի ճանաչում, քան կեղծել, ուժի գործադրմամբ ստիպել, կաշառել, վախեցնել: Այնպես որ, սա Սահմանադրության՝ որպես իր իշխանությունը շարունակելու գործիքի կեղծման վիճակից դուրս գալու վերջին փորձ է, բայց դա ուղղակի դատապարտված է, որովհետև ոչ ոք չի հավատում իրեն»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Ազգային անվտագության ծառայության պետի պաշտոնում Գեորգի Կուտոյանի նշանակմանը՝ Արթուր Սաքունցը նշում է, որ դա ակնհայտ նոր քայլ է և լիովին տեղավորվում է լեգիտիմության պաշարի ձևավորման տրամաբանության մեջ: Կուտոյանը, նրա խոսքով, լուրջ կենսագրություն ունի, բայց հերթական անգամ մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, թե ինչով էր պայմանավորված հենց այդ նշանակումը:
«Եթե դու նշանակում ես՝ հանրությանը որևէ հիմնավորումներ չներկայացնելով, ապա վերստին ներիշխանական որոշակի խնդիրների լուծման շրջանակներում ես դիտարկում այդ նշանակումը, որը ցավոք սրտի նույն արատավոր գործելաոճի շարունակությունն է: Այսինքն՝ լուծում ես ոչ թե պետական խնդիրներ, այլ՝ իշխանական: Այսինքն՝ հանրաքվեի խայտառակ պատկերը փոփոխելու վերաբերյալ հայտարարության հետ միասին նման նշանակման դեպքում որևէ հիմնավորումներ չներկայացնելով՝ արդեն ինքդ քեզ հակասում ես»,- ասաց նա: