Եվս մեկ դրական քայլ հոգեկան առողջության բնագավառում
18:16, April 13, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասության, 173-րդ հոդվածի առաջին մասի առաջին նախադասության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել oրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը՝այնքանով, որքանով գործունակ ճանաչվող անձին հնարավորություն չի ընձեռվում անձամբ իրացնել լսվելու իր իրավունքը և հանդես գալ որպես դատավարության մասնակից:
Դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթում առկա է սահմանադրականության խնդիր, քանի որ դատարան դիմող սուբյեկտների շրջանակում բացակայում է սուբյեկտը, ով պետք է ճանաչվի գործունակ: Արդյունքում՝ անձը զրկվում է սեփական գործունակությունը ճանաչելու վերաբերյալ լսվելու, դատական քննությանը մասնակցելու և դատական ակտի բողոքարկման իրավունքների իրականացման հնարավորությունից:
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ ՀՀ կառավարության կողմից 2014 թ. մարտի 27 թիվ 303-Ն որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրով որպես միջոցառում է սահմանված` 70. Հստակեցնել հոգեկան առողջության և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու հիմքերը և մշակել անգործունակության գնահատման տարբերակված չափանիշներ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ողջունում է Սահմանադրական դատարանի այս որոշմամբ արձանագրված դիրքորոշումը: Կազմակերպությունը ևս բազմիցս անդրադարձել է այս խնդրին՝ դրանում կարևոր համարելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հանդեպ խտրականության բացառման նախապայմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի կիրառումը՝ որպես նրանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության միջոց:
Ներպետական oրենսդրությունը մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային նորմերին և ՀՀ Սահմանադրությանը համահունչ դարձնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անհրաժեշտ է համարում նաև ներքոհիշյալ գործողությունների իրականացումը.
1. վերացնել անձին անգործունակ ճանաչելու և խնամակալի կողմից իր փոխարեն որոշումներ կայացնելու համակարգը:
2. Մշակել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա սոցիալ- հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել իրենց պահանջներին և ունակություններին համապատասխան բոլոր հնարավոր հարցերում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ մատչելի աջակցությամբ` ստեղծելով երաշխիքներ այլ անձանց և պատասխանատու պետական մարմինների կողմից չարաշահումներից և անձի իրավունքների խախտումներից զերծ մնալու համար:
3. Մինչ նոր համակարգի ներդրումը անհրաժեշտ է կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան անձին, որի գործունակությունը սահմանափակվել է, կամ իր կողմից ընտրված ներկայացուցչին դիմել իրավասու մարմին գործունակությունը վերականգնելու պահանջով: