«Կոռուպցիոն շղթաների կարևոր ինստիտուտ են հանդիսացել հենց նման հիմնադրամները». Արթուր Սաքունց
16:01, June 13, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումներին զուգահեռ տարբեր հիմնադրամների փակումն ու դրանց շուրջ ստեղծված աղմուկը փաստում են, որ այդ հիմնադրամները ներգրավված են եղել կոռուպցիոն գործընթացներում: Նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Դա հաստատում է, որ կոռուպցիոն շղթաների կարևոր ինստիտուտ են հանդիսացել հենց նման հիմնադրամները: Հասկանալի է, որ այդ հիմնադրամներն ապահովել են կոռուպցիոն մեծ եկամուտներ, և կարծում եմ, որ ելնելով այս փաստերից՝ իրավապահ մարմիններն առանց հապաղելու պետք է գործողություններ կատարեն այդ հիմնադրամների գործունեությունը ստուգելու ուղղությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ առնվազն այդ հիմնադրամների՝ նախկինում ունեցած ֆինանսական հոսքերի ու եկամուտների ծագման, օրինականության ստուգման ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարվեն:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ հնարավոր է առաջիկայում «Երևան» հիմնադրամը լուծարվի:
Այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Տարիներ շարունակ մասնագետները բարձրացրել են այն հարցերը, որ «Երևան» հիմնադրամին մեծ գումարներ են հատկացվում պետական ու Երևանի բյուջեից, կասկածի տակ են դրել այդ գումարների արդյունավետ ծախսը:
Նախորդ տարի Երևան հիմնադրամը անհատներից ու կազմակերպություններից ստացել է ավելի քան 1 մլրդ 370 մլն դրամ գումար: Պետական բյուջեից 2017-ին հիմանդրամին ուղղվել է 20 մլն դրամ, իսկ Երևանի բյուջեից՝ ավելի քան 550 մլն դրամ: Երևան հիմնադրամի միոջոցով են իրականացվում մայրաղաքաղի բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր: Այսինքն՝ բյուջեից գումարն ուղղվում է հիմնադրամին, որպեսզի դրա միջոցով իրականացվեն ծրագրերը:
«Երևան» հիմնադրամին դատի է տվել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անհրաժեշտ տեղեկատվություն չստանալու համար:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ այստեղ կարող էին լինել կոռուպցիոն սխեմաներ: Տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար դիմել էինք դատարան, որի առաջին նիստը կկայանա հունիսի վերջին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է նախարարը, ով Երևանի ավագանու նախկին անդամ էր:
Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն իր զարմանքն է հայտնել, որ Երևանի ավագանին հապշտապ որոշել է հիմնադրամի լուծարման առաջարկով հանդես գալ:
Ավելի վաղ՝ իշխանափոխությունից հետո, գործունեությունը դադարեցնելու մասին էր հայտարարել «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Այս հիմնադրամի հիմնադիր է համարվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: «Լույս» հիմնադրամի մասին ավելին՝ «Զուգահեռ կայսրություն. միլիոնավոր դոլարներ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հիմնադրամներին՝ «բարի նպատակներով»»։
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի անվան հետ կապվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս վերջին շրջանում ուշադրության կենտրոնում հայտնվեց: Հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Կարեն Ավագյանը դիմել էր Քննչական կոմիտե, հայտնելով, որ հիմնադրամի տնօրենը հիմնադրամի անունից 326 մլն դրամի փոխառության պայմանագիր է կնքել ինքն իր հետ: Դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ «Երևան» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամների մասին ունեցած տեղեկությունները փաստում են, որ դրանք գումարներ են ստացել նաև պետական բյուջեից: Այսինքն՝ ըստ էության գործ ունենք պետական բյուջեի գումարների մսխման մեխանիզմի հետ: Նա հիշեցնում է, որ Երիտասարդական հիմնադրամի դեպքում նաև բուհերից են ամեն տարի պարտադիր հատկացումներ եղել: Խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է: Եվ կարևոր է պարզել, թե այդ գումարներն ինչ նպատակներով են ծախսվել, ինչպես են տնօրինվել:
Ըստ մասնագետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի այսօրվա գործողություններին զուգահեռ, որոնք իշխանություններն իրականացվում են բիզնես ոլորտում, պետք է ուշադրություն դարձնել նաև հիմնադրամների միջոցով հնարավոր յուրացված միջոցների բացահայտմանն ու վերականգնմանը:
«Տարիներ շարունակ բյուջետային միջոցներ են հատկացվել, ի՞նչ հիմնավորմամբ են այդ հատկացումները կատարվել, ո՞ւր են հոսել: Պետական բյուջեից նման թիրախային հատկացումներն այն հիմնադրամներին, որոնց հիմնադիրներ են հանդիսացել նաև հենց պաշտոնատար անձինք, իր ողջ էությամբ կոռուպցիոն է: Փաստորեն իրենք որոշումներ են կայացրել, այդ որոշումներով էլ գումարները հատկացրել են հիմնադրամներին, որոնց հիմնադիրներ ու ղեկավարներ են հանդիսանում նույն այդ պաշտոնատար կամ նրանց հետ փոխկապակցված անձինք: Սա բացահայտ կոռուպցիոն սխեմա է»,- ասաց նա: Այս սխեմայով, ըստ Սաքունցի, կան կասկածներ, որ տարիներ շարունակ լուրջ գումարներ են յուրացվել: Եվ հարց է՝ արդյոք դրանք հենց այն ռեսուրսնե՞րը չեն, որոնց հիման վրա ստացվել է այն տեղեկատվությունը, որ Հայաստանից վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 10 մլրդ դոլար է դուրս բերվել:
«Այսինքն՝ բացի այն, որ ստվերային եկամուտների հաշվին կարող էր այդ 10 մլրդ դոլարն առաջանալ, նաև այս սխեմաներով կարող էր առաջանալ: Հետևաբար, ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը շատ ավելի ակտիվ ու նախաձեռնողական պետք է լինեն՝ գործադիր իշխանության հակակոռուպցիոն քաղաքականության և գործողությունների իրականացման տեսանկյունից»,- ասում է իրավապաշտպանը: