Քննիչի որոշմամբ չի կարող արգելվել Դիտորդների խմբի հանդիպումը կալանավորված անձանց հետ
15:34, June 13, 2018 | Համատեղ, ՀայտարարություններՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը 2016 թվականից բարձրաձայնում է Խմբի աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտումների վերաբերյալ։
Դիտորդների խումբը ստանում է բազմաթիվ ահազանգեր ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանցից և նրանց հարազատներից՝ քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ, սակայն այցելություններ կատարելիս Խմբի աշխատանքները խոչընդոտվում են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների աշխատակիցների կողմից։
Ստեղծման օրվանից ի վեր՝ Խմբի աշխատանքները երբևէ չեն խոչընդոտվել: Արատավոր պրակտիկան սկիզբ է առել 2016 թվականի մարտ ամսից և շարունակվում է մինչ օրս։ Սահմանափակումներ կատարվում են մասնավորապես քաղաքական հնչեղություն ստացած գործերով կալանավորված անձանց պահման պայմանները դիտարկելիս՝ քննիչի կողմից սահմանված կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ որոշման հիմնավորմամբ:
2016 թվականի ընթացքում կատարված 94 այցելությունների 8.9%-ի ընթացքում Խմբի աշխատանքները խոչընդոտվել և սահմանափակվել են ՔԿՀ աշխատակիցների կողմից։
2016 թվականի մարտի 2-ին, ահազանգ ստանալով, դիտորդներն այց են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ ՔԿՀ-ի վարչակազմը, սակայն, արգելել է տեսակցել Վահան Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը։ Դիտորդները խմբի աշխատանքները խոչընդոտելու փաստի մասին գրությամբ դիմել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ պահանջելով Վ. Շիրխանյանի հետ հանդիպումը խոչընդոտելու հիմքով հարուցել ծառայողական քննություն և իրավախախտում թույլ տված անձանց ենթարկել համապատասխան պատասխանատվության։ Կից կարող եք ծանոթանալ Խմբի թիվ 16-16 ընթացիկ հաշվետվությանը և արդարադատության նախարարության պատասխան գրությանը:
2016 թվականի հուլիսի 18-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ում Դիտորդների խմբին արգելել են հանդիպել կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին՝ պատճառաբանելով, որ կա քննիչի որոշում՝ Սեֆիլյանի կապը արտաքին աշխարհի հետ սահմանափակելու մասին, և իրենք լիազորված չեն Խմբի անդամներին թույլատրել՝ հանդիպելու վերջինիս:
2016 թվականի հուլիսի 23-ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում աննախադեպ ծավալով խոչընդոտվել են Դիտորդների խմբի աշխատանքները: ՔԿՀ-ի վարչակազմը դիտորդներին չի տրամադրել տեղեկատվություն այցելության պահին ՔԿՀ-ում պահվող կալանավորված և դատապարտված անձանց քանակի վերաբերյալ, արգելել է մտնել կալանավորված անձանց համար նախատեսված որևէ խուց և դիտարկումներ անցկացնել այնտեղ, թույլ չեն տվել դատապարտյալների համար նախատեսված խցերում առանց աշխատակիցների ներկայության դիտարկել խցային պայմանները կամ առանձնազրույց ունենալ դատապարտված անձանց հետ: Դիտորդները ընթացիկ հաշվետվությամբ դիմել են արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ առաջարկելով միջադեպի վերաբերյալ իրականացնել ծառայողական քննություն՝ չարաշահումներ թույլ տված անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Խմբի լիազորությունների իրականացման հետագա խոչընդոտները բացառելու ուղղությամբ։ Կից կարող եք ծանոթանալ Խմբի թիվ 16-47 ընթացիկ հաշվետվությանը և արդարադատության նախարարության պատասխան գրությանը։
2016 թվականի դեկտեմբերի 16-ին Դիտորդների խումբը Հովհաննես Հարությունյանի փաստաբանի դիմումի հիման վրա այցելություն է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Փաստաբանն իր մտահոգությունն էր հայտնում վստահորդի պահման պայմանների, ինչպես նաև տեղեկացնում էր իր պաշտպանյալի հանդեպ վատ և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ իր կասկածների մասին։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից կրկին սահմանափակվել է դիտորդների աշխատանքը և չի թույլատրվել հանդիպել կալանավորված անձ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին։ Արդյունքում դիտորդները չեն կարողացել պարզել՝ արդյո՞ք կալանավորված անձը ենթարկվել է խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, թե՞՝ ոչ: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Դիտորդների խմբի անդամներին խոչընդոտել են հանդիպել Հովհաննես Հարությունյանին և դիտարկել վերջինիս պահման պայմանները»։
2017 թվականի ընթացքում Դիտորդների խումբը 6 հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարություն՝ Խմբի աշխատանքների խոչընդոտման և ՔԿՀ աշխատակիցների կողմից սահմանափակման վերաբերյալ:
2017 թվականի փետրվարի 14-ին Խմբի անդամները այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և ցանկություն հայտնել հանդիպելու Արթուր Սարգսյանին։ Սակայն ՔԿՀ-ի անձնակազմը դիտորդներին տեղեկացրել է, որ Ա. Սարգսյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության:
Հատկանշական է այն փաստը, որ 2017 թվականի փետրվարի 13-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանն այցելություն են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, և նրանց թույլատրել են տեսակցել Ա. Սարգսյանին։ Ստեղծված իրավիճակում քննիչի որոշումը փաստացի տարածվել է միայն Դիտորդների խմբի անդամների վրա, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից։ Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Ա․ Սարգսյանին՝ քննիչի արգելանքի պատճառով»։
2017 թվականի փետրվարի 22-ին Դիտորդների խմբի անդամներն ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Խմբի անդամները այցելության ընթացքում ցանկություն են հայտնել հանդիպել Վահան Շիրխանյանին, սակայն ՔԿՀ-ի անձնակազմը տեղեկացրել է, որ Վ. Շիրխանյանի վերաբերյալ առկա է քննիչի որոշում՝ կալանավորված անձի՝ արտաքին աշխարհի հետ կապը արգելելու վերաբերյալ, իսկ դիտորդների՝ խուց մտնելը կամ ազատազրկված անձին առանձին հանդիպելը հավասարազոր է տեսակցության: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Վ․ Շիրխանյանին՝ քննիչի արգելանքի պատճառով»Դիտորդներին չեն թույլատրել հանդիպել Վ․ Շիրխանյանին՝ քննիչի արգելանքի պատճառով»։
2017 թվականի մարտի 6-ին այցելություն է կատարվել «Երևան Կենտրոն» ՔԿՀ։ Խբի անդամների ցանկությանը՝ հանդիպել և առանձնազրույց ունենալ Վահան Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. Շիրխանյանի տեսակցությունների կապակցությամբ առկա է քննիչի որոշում, որով արգելվում է վերջինիս կապը արտաքին աշխարհի հետ: Այդ արգելքը տարածվել է նաև հասարակական դիտրոդների նկատմամբ: Դիտորդները ցանկություն են հայտնել առանց Վ. Շիրխանյանի հետ հանդիպելու իրականացնել իրենց լիազորությունը՝ այն է դիտարկել խուցը, որտեղ պահվում է Վ. Շիրխանյանը: Վայրկյաններ անց ՔԿՀ անձնակազմը տեղեկացրել է սակայն, որ Վ. Շիրխանյանը «ի վիճակի չէ դուրս գալ խցից»: Վ. Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ ՔԿՀ աշխատակիցները, մտնելով վերջինիս խուց, հայտնել են, որ «հյուրեր են եկել, պետք է խուցն ազատեք, որ նրանք խուցը տեսնեն»՝ առանց բացատրելու, թե ի՞նչ հյուրեր են, ինչո՞ւ պետք է խուցը նայեն և այլն: Ինչին ի պատասխան՝ Վ. Շիրխանյանը հրաժարվել է խցից դուրս գալ։ ՔԿՀ աշխատակիցների նման մոտեցումը ողջամիտ կասկածներ է հարուցել այն մասին, որ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում Վ. Շիրխանյանի պահման պայմանների վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հավաստի է, և ՔԿՀ-ն չի ցանկացել, որ դիտորդները հասանելիություն ունենան այդ խցին: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը»։
2017 թվականի ապրիլի 2-ին Խմբի անդամները այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ և ցանկացել դիտարկել խցերի պայմանները, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները տեղեկացրել են, որ չեն կարող թույլ տալ, քանի որ Խմբի անդամները պետք է անցնեն ընտրական տեղամասի միջով: Նույն օրը Խմբի անդամները, ահազանգի հիման վրա, այցելել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այնտեղ նույնպես Խմբի անդամներին ներս չեն թողել՝ պատճառաբանելով, որ ընտրություններ են: Խնդրին լուծում տալու համար խմբում ներգրավված հասարակական կազմակերպությունները հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որոնց քննությունը դեռևս շարունակվում է, սակայն որևէ արդյունավետ քննություն չի ապահովվում։ Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի թիվ 17-22 ընթացիկ հաշվետվությանը և արդարադատության նախարարության պատասխան գրությունը:
2017 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հնարավոր բռնության վերաբերյալ ահազանգի հիման վրա Դիտորդների խմբի անդամները այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ Գ․ Ս․-ին հանդիպելու նպատակով: Սակայն ՔԿՀ-ի պատասխանատու հերթապահը տեղեկացրել է, որ այդ պահին քնի ժամ է, և չի թույլատրում տեսակցել Գ․ Ս․-ին: Դեպքի վերաբերյալ Դիտորդների խմբի անդամները ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում կազմել են արձանագրություն: 2017 թ.-ի նոյեմբերի 16-ին Դիտորդների խմբի անդամները հրատապ հաշվետվությամբ դիմել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ Խմբի գործունեության խոչընդոտման խնդիրների և կալանավորված անձ Գ. Ս․-ի նկատմամբ կիրառված հնարավոր բռնության վերաբերյալ: Խնդիրն այն է, որ նախկինում բազմիցս Խումբը անարգել ներս է մտել քրեակատարողական հիմնարկ նաև գիշերային ժամերին, սակայն երբևէ այդ պատրվակով խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել: Դիտորդները առաջարկել են ծառայողական քննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել Խմբի աշխատանքները խոչընդոտած համապատասխան աշխատակիցներին: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Հնարավոր բռնություն կալանավորված անձի նկատմամբ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում: Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտում»։
2017 թվականի սեպտեմբերի 27-ին Դիտորդների խմբի անդամները «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցի ընթացքում հանդիպել են կալանավորված անձ Ա. Ք.-ին։ Հանդիպման ժամանակ Ա. Ք.-ի ձախ աչքն ամբողջությամբ կապտուկի մեջ էր: Բացի այդ, դիտորդների գնահատմամբ, Ա. Ք.-ն գտնվում էր հոգեբանորեն ընկճված և լարված վիճակում: Նշված հանգամանքները խմբի անդամների մոտ համոզմունք են ձևավորել, որ Ա. Ք.-ի կյանքի և առողջության համար առկա է լուրջ սպառնալիք: 2017 թվականի հոկտեմբերի 5-ին և հոկտեմբերի 13-ին Խմբի անդամները կրկին այցելություններ են կատարել՝ հանդիպելու նշված անձին, սակայն նրանց աշխատանքը խոչընդոտվել է: Հիմնարկի ղեկավարությունը չի թույլատրել հանդիպել կալանավորված անձին՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է տեսակցությունների արգելք: Դիտորդները թիվ 17-67 և 17-69ընթացիկ հաշվետվություններով դիմել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել Դիտորդների խմբի անդամների աշխատանքը չխոչընդոտելու ուղղությամբ և քննարկել նախաքննության մարմինների կողմից տեսակցությունների արգելքի վերաբերելիությունը Դիտորդների խմբի նկատմամբ: Կից կարող եք ծանոթանալ Խմբի հրապարակմանը՝ «Կալանավորված անձի անվտանգության ապահովման խնդիրները տեսակցությունների արգելքի առկայության դեպքում»։
ՔԿՀ աշխատակիցների կողմից Դիտորդների խմբի աշխատանքների խոչընդոտման և սահմանափակման դեպքեր արձանագրվել են նաև 2018 թվականի ընթացքում:
2018 թվականի հունվարի 22-ին դիտորդները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և ցանկացել հանդիպել կալանավորված անձ Արամ Հակոբյանին: Սակայն հիմնարկի աշխատակիցները չեն թույլատրել հանդիպել վերջինիս՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է տեսակցությունների նկատմամբ արգելանք: Թիվ 18-04 ընթացիկ հաշվետվությամբ դիտորդները արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին առաջարկել են քայլեր ձեռնարկել Խմբի աշխատանքների խոչընդոտները բացառելու ուղղությամբ, ինչին ի պատասխան տեղեկացրել են, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցների գործողությունները եղել են իրավաչափ։
2018 թվականի հունիսի 6-ին Դիտորդների խմբի անդամները այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, սակայն ՔԿՀ աշխատակիցները չեն թույլատրել տեսակցել կալանավորված անձ Ա. Վ.-ին քննիչի արգելանքի պատճառով։ Խմբի աշխատանքները խոչընդոտելու վերաբերյալ դիտորդները ընթացիկ հաշվետվություն են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և սպասում են պատասխանի։
—————————————————————————————
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Նույն օրենքի 48-րդ հոդվածի համաձայն, առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝
- Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
- ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
- միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.
- Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
- սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված՝ արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
Ինչպես երևում է վերոգրյալում, 48-րդ հոդվածում նշված մարմիններն ու անձինք հանդիսանում են օրենքով նախատեսված հենց այն բացառությունները, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի արգելքը չի կարող տարածվել:
ՀՀ արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» 2005թ. նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանի 11-րդ կետով հստակեցվել են դիտորդների Խմբի անդամների իրավասությունները, ըստ որի սահմանվել է, որ դիտորդների Խմբի անդամները իրավասու են անարգել այցելել քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, ծանոթանալ տարաբնույթ փաստաթղթերի բովանդակությանը, այդ թվում՝ ազատազրկվածի կամ քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձի համաձայնությամբ՝ նրա անձնական գործին և գրագրությանը, բացի գաղտնի փաստաթղթերից, հիմնարկի իրավիճակին, ինչպես նաև հանդիպել ազատազրկվածներին և քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց: Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել ձայնագրում, լուսանկարում, տեսագրում՝ պահպանելով սույն Կարգով կամ Խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ իրավական այլ ակտերով նախատեսված դրույթները:
Խմբի ստեղծման պահից երբևէ այդ հիմքով խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել: Խոչընդոտները սկսվել են 2016 թվականին՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով (Վահան Շիրխանյան, Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա Ծռեր» և հարակից գործեր): Այնուհետև այդ արգելքը տարածվել է նաև մյուս կալանավորված անձանց նկատմամբ:
Դիտորդների Խումբը խստագույնս դատապարտում է իր աշխատանքների խոչընդոտմանն ուղղված նման գործելակերպը և Խմբի աշխատանքների սահմանափակումը դիտարկում է որպես կալանավորված անձի հավանական խոշտանգման ենթարկելու վերաբերյալ փաստերը թաքցնելու փորձ, քանի որ Խմբի լիազորությունների սահմանափակումը անօրինական է և կրում է անհատական բնույթ։