Ինչպես կառուցել հարցազրույցը տուժածի հետ. ինչից խուսափել և ինչին ուշադրություն դարձնել. վրացի հոգեբանները դասընթաց վարեցին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
16:40, June 13, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. հունիսի 3-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում կայացավ «Մեդիամասնագետների կարողությունների զարգացում. խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի հոգեսոցիալական ազդեցությունը և լուսաբանումը» դասընթացը:
Դասընթացը կազմակերպվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) կողմից Եվրոպական միության ֆինանասավորմամբ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում:
Այն քառօրյա դասընթացի մաս էր կազմում. դրան նախորդել էր Հայաստանի փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ հետաքննական լրագրության թեմայով դասընթացը, որը կազմակերպել էին «Հանրային լրագրության ակումբն» ու «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնը:
Դասընթացի 4-րդ օրը՝ հունիսի 3-ին, հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար դասընթաց վարեցին Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հոգեբաններ Մաիա Ծիռամուան ու Խաթունա Չկոիձեն:
Հոգեբանները նախ խոսեցին սթրեսի առաջացման պատճառների, դրսևորումների ու մեր կյանքի վրա դրա ազդեցության մասին: Ապա անդրադարձան խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքին, ներկայացրին ձևակերպումները, նշեցին տեսակներն ու հնարավոր պատճառները:
Գործնականում փորձեցին բացատրել, թե ինչ են զգում խոշտանգում վերապրած անձինք, ու ինչպիսի դժվարությունների կարող է բախվել լրագրողը նրանց հետ աշխատելիս:
Հոգեբանների օգնությամբ 4 լրագրողներ փորձեցին սեփական զգացողություններով վերապրել նախապես ներկայացված իրական պատմությունը:
Նրանք նախ խոսեցին իրենց զգացողությունների մասին՝ զոհի դերում, ապա՝ լրագրողի:
Հոգեբան Մաիա Ծիռամուան ուղղորդեց նրանց, թե ինչպես պետք է հաղթահարել խոշտանգում վերապրած անձի հետ հարցազրույցի ժամանակ առաջացած անջրպետն ու ինչից պետք է խուսափել նրանց հետ շփվելիս:
Յուրաքանչյուր մասնակից հոգեբանական դժվարությունները հաղթահարելու իր սեփական «գործիքները» ներկայացրեց և փորձեց կիրառել պայմանական իրավիճակում:
Լրագրող Գոհար Աբրահամյանը հոգեբանական փորձարարության 4 մասնակիցներից մեկն է: Նա տպավորված է դասընթացով և կարևորում է հետաքրքիր մեթոդաբանության կիրառումն ու լսարանի ներգրավվածությունը:
Գոհարը կարծում է, որ մասնագիտական գործունեության մեջ կկիրառի հոգեբանների առաջարկած մեթոդները. «Դասընթացավարը մասնագիտական հմտությամբ շատ սուր ապրումների ու զգացումների դրդեց, ինչը շատ ազդեցիկ էր ու անմոռանալի։ Հենց այս մեթոդը, որը մի փոքր ինքնամաքրման տպավորություն թողեց, կարծում եմ՝ օգտագործելու եմ խոցելի խմբերի հետ առաջիկա աշխատանքներում»։
Հոգեբանական փորձարարության մասնակիցներից Նելլի Միրզախանյանը ևս ընդգծում է «սեփական մաշկի» վրա զոհի ապրումներն զգալու կարևորությունը:
«Գործնական խաղ, որի ժամանակ դու արդեն քեզ վրա զգում ես այն մարդու վիճակը, ով հայտնվում է բանտում, կրում անարգանքներ ու վատ վերաբերմունքի արժանանում։ Ինձ համար իսկապես շատ տպավորիչ էր։ Հոգեբաները կարողացան այնպես անել, որ մենք թեպետ ոչ իրական, մտավոր զգանք այդ դժվարությունները». նշում է Նելլին և հավելում. «Քանի որ ես դատապարտյալների, խոշտանգված մարդկանց հետ աշխատելու փորձ չունեմ, նույնքան հետքրքիր էր նաև լրագրողի դերում»:
Նելլին կարևորեց նաև դասընթացի տեսական մասը, որի ընթացքում մասնակիցներն ընդհանուր պատկերացում կազմեցին հոգեբանական տերմինների ու իրավիճակների մասին:
Մասնակիցները համոզմունք են հայտնում, որ նման դասընթացներն անհրաժեշտություն են հատկապես խոցելի խմբերի հետ աշխատող լրագրողների համար, քանի որ այդ թեմաները լուսաբանելիս շատ կարևոր է պահպանել էթիկական նորմերը և չվնասել անձին:
Գոհարն իր համար խոցելի խմբերի հետ աշխատանքի սկզբունքներին առնչվող հետաքրքիր ուղերձներ է առանձնացրել. և նշում է դրանցից մի քանիսը. «խուսափել տալ «ինչու» հարցը, քանի որ այն ցավոտ է տուժածի համար և կարող է մեղքի զգացում առաջացնել, ինչպես նաև չհամեմատել նրա փորձը Ձեր կամ մեկ ուրիշի փորձի հետ:
Հետաքրքիր էր նաև այն դիտարկումը, որ ֆիզիկական բռնությունը երբեք չի լինում՝ առանց հոգեբանական բռնության»։
Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի հոգեբանները լրագրողներին տուժածների հետ աշխատանքի որոշ սկզբունքներ ներկայացրին, որոնց շարքն, իհարկե, կարելի է լրացնել սեփական փորձառության ու եզրակացությունների արդյունքում:
1. Զրուցակցի նկատմամբ հարգանք ու հոգատարություն դրսևորեք:
2. Տեսողական կոնտակտ պահպանեք:
3. Ներկայացեք, զրուցակցին անձնական բնույթի տվյալներ հաղորդեք:
4. Հիշեք, որ շոկային իրավիճակում մարդկանց մոտ կարող են հիշողության և իրադարձություններն ընկալելու խաթարումներ լինել. հարցազրույցից առաջ ստացեք համաձայնություն, ծանոթացրեք պատրաստված նյութի հետ և համաձայնություն ստացեք նաև դրա հրապարակման վերաբերյալ:
5. Կեղծ խոստումներ մի տվեք: Եթե վստահություն եք ձեռք բերել, մի կորցրեք այն:
6. Անկեղծ եղեք: Ցավակցեք, եթե զրուցակիցը կորուստ է ունեցել:
7. Մի փորձեք ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական օգնություն ցուցաբերել: Հիշեք, որ դրա համար այլ մասնագետներ կան:
8. Թույլ տվեք զրուցակցին վերահսկել հարցազրույցի ընթացքը (ընտրել հարցազրույցի վայրը, տեղը ևն):
9. Հստակ և բաց հարցադրումներ արեք: Խուսափեք «ինչու՞» հարցից. դա կարող է ցավոտ լինել ու մեղքի զգացում առաջացնել:
10. Ուշադիր լսեք, վստահություն և հանգստություն պահպանեք:
11. Եթե զրուցակիցը հուզվում է, մի խուսափեք դադարներից, բայց այդ մասը մի օգտագործեք Ձեր նյութում:
12. Ակտիվ լսող եղեք. կրկնեք նրա խոսքը և փորձեք ճշտել՝ ճիշտ եք հասկացել, թե՝ ոչ:
13. Մի համեմատեք Ձեր կամ մեկ ուրիշի փորձը զրուցակցի փորձի հետ: Խուսափեք «Ես գիտեմ՝ ինչ եք զգում» արտահայտությունից:
14. Պատմությունը մի համեմատեք նաև ավելի վատ իրավիճակի հետ և խուսափեք «կարող էր ավելի վատ լինել» արտահայտությունից: Դա նվազեցնում է նրա ապրումների կարևորությունը:
15. Մի փորձեք մխիթարել «իմաստուն խոսքերով», որից զրուցակիցը ժամանակավորապես լավ կզգա: Եթե գործընթացը դա է պահանջում, ընդհատեք այն կամ դադարեցրեք:
16. Հոգ տարեք սեփական զգացողությունների ու ապրումների մասին, անվտանգության միջոցներ ձեռնարկեք:
17. Ուշադրություն դարձրեք մանուքներին (օրինակ՝ այրի կնոջ հետ հարցազրույցի ժամանակ խուսափեք Ձեր ամուսնու հետ հեռախոսազրույցից ևն):
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ծրագրի շրջանակում հայտարարել է նաև խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.
– Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ
– Լավագույն ռադիո ռեպորտաժ
– Լավագույն հետաքննական նյութ
– Լավագույն հոդված/մարդկային պատմություն
– Լավագույն բլոգային գրառում
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ. նոյեմբերի 5-ը:
Մրցույթի և ծրագրի մասին այլ մանրամասներ հասանելի են այստեղ:
Դասընթացի այլ լուսանկարներ հասանելի են այստեղ