Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի համար միակ արժեքային համակարգը փողն է. Արթուր Սաքունց
10:10, October 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը նշանակում է վերադարձ Խորհրդային միություն: Այսինքն՝ արտաքին և տնտեսական դաշտում Հայաստանը որոշումների կայացման լիազորությունները հանձնում է վերադաս մարմին, որտեղ ձայների մեծամասնությունը պատկանում է Ռուսաստանին: Այդ մասին Newsline-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ Մինսկում ստորագրել է ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագիրը, որը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
«ԵՏՄ-ի ձևավորման գորընթացում արդեն իսկ օգտագործվել են քաղաքական և ռազմական լծակները. Ռուսաստանը ոչ թե համաձայնեցնում, այլ թելադրում է: Այդ միության ձևավորման հիմքում ընկած է պարտադրանքը, սպառնալիքը, ճնշումը, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանի շահն այս միությանն անդամակցության պարագայում բացակայում է: Այդ նույն սկզբունքները շարունակելու են գործել ԵՏՄ-ի շրջանակներում: Այսինքն՝ Հայաստանը, չունենալով միության ներսում համապատասխան տնտեսական և քաղաքական ռեսուրսներ, դառնալու է պարզապես կցորդ»,- վստահ է իրավապաշտպանը:
Նրա խոսքով, այս տրամաբանությունը բերելու է նաև ազատությունների սահմանափակմանը, քանի որ պարտադրանքի կոնցեպտը կարող է աշխատել մնացած բնագավառներում ևս՝ դառնալով Սովետական Միության նախադեպ:
«Հատկանշական է, սակայն, որ այդ միությունը չունի ապագա, երբեք չի եղել, որ պատմությունն ընթանա հետադարձ ընթացքով: Երբ այդ թափանիվը կանգնում է և սկսում ետ պտտվել, այն ջարդվում է, քանի որ այդ ընթացքն անբնական է, իսկ այդ թափանիվի ջարդվելու վնասներն առաջին հերթին կրելու է Հայաստանը՝ ընդհուպ արձանագրելով կորուստներ Արցախի հարցում»,- ասաց Սաքունցը:
Արթուր Սաքունցի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ոչ թե չի գիտակցում ողջ հարցի լրջությունը, այլ իշխանության պահպանման համար պատրաստ է հանձնել երկիրը. դրանով է պայմանավորված ԵՏՄ-ին միանալու նրա միանձնյա որոշումը:
«Սարգսյանի ու իր շրջապատի համար միակ արժեքային համակարգը փողն է: Այդ հարստությունը նրանք ձեռք են բերել հանցագործ ճանապարհով և ֆիզիկապես վախենում են զրկվել իշխանությունից և պարատասխան տալ այդ հանցագործությունների համար: Այդ է պատճառը, որ երկիրը հանձնում են հանուն սեփական անձեռնմխելիության, իսկ նման երաշխիք կարող է տալ միայն կրիմինալ ակումբը, ինչպիսին է ԵՏՄ-ն»,- եզրափակեց Սաքունցը: