Պուտինը որոշել է Հայաստանի իշխանության հարցը
10:26, October 13, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Եռյակի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն անշրջելի համարեց ԵՏՄ անդամակցությունը, այլև այդ միությանը դեմ հանդես եկողներին անվանեց «ջուր պղտորող ջղաձգվողներ»: Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը, մասնավորապես, ԵՏՄ-ին վերաբերող մասը:
Ըստ էության՝ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ գնահատական չտվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, թեև ամենից կարևոր իրադարձությունը հենց դա էր: Փաստորեն փորձում են հնարամիտ երևալ՝ նույն իշխանության կողմից արտաքին քաղաքականության բնագավառում որոշումներն արհեստականորեն տարանջատել ներքին քաղաքականությունից: Բայց նույնիսկ դասագրքային մակարդակի ճշմարտությունը հուշում է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, դրանք տրամաբանորեն փոխկապակցված են, և տարանջատելն ուղղակի անգրագիտություն է: Եթե դու համաձայնում ես արտաքին քաղաքականության բնագավառում նման բախտորոշ նշանակություն ունեցող որոշմանը, ապա ինչի՞ հիման վրա ես ներքին քաղաքականության բնագավառում իրականացվող գործողությունները քննադատում՝ հաշվի առնելով, որ արտաքին քաղաքականության ոլորտում այդ որոշումը բխում է ներքին քաղաքական որոշումներից: Դա նշանակում է, որ խնդիրը ոչ թե այն է, որ համաձայն չես Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այլ ուզում ես դու իրականացնես նույն քաղաքականությունը: Արտաքին և ներքին քաղաքականությունների արհեստական տարանջատում չի կարող լինել:
Մենք տեսանք, որ իշխանափոխության կոչեր գրեթե չհնչեցին քառյակի հանրահավաքում:
Այնպիսի տպավորություն էր, որ հանրահավաքում շնորհավորում էին Պուտինին՝ իր քաղաքական հաջողության համար և լռության էին մատնում Սերժ Սարգսյանի դավաճանական որոշումը: Ցավոք, մարդկանց դժգոհությունն ու անբավարարվածությունը տիրող իրավիճակից ավելի շատ օգտագործվեց կարծես գոլորշի բաց թողնելու համար: Եթե 2008-ի հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ անդրադառնում էր արտաքին քաղաքական, մասնավորապես ԼՂ խնդրին, ապա հիմա Ղարաբաղի մասին ընդհանրապես որևէ ակնարկ կամ անդրադարձ չարվեց, այնինչ ԵՏՄ-ին անդամագրվելու հետ միասին ուղղակիորեն փոխվում է ԼՂ խնդրի լուծման վիճակը: Այսինքն՝ ճակատագրական նշանակություն է ունենալու այն մարդկանց վիճակը, որոնք ապրում են ԼՂՀ-ում:
Մի կողմից Ծառուկյանը հանրահավաքում հայտարարեց, որ միշտ լինելու է ժողովրդի կողքին, մյուս կողմից Տեր-Պետրոսյանը նշեց, որ քառյակն է որոշողը, իսկ ժողովուրդը պիտի հնազանդվի այդ որոշումներին: Ինչպե՞ս եք գնահատում այս հակասությունը:
Նախ, այնքան ակնհայտ էր մանիպուլյացիան, երբ փորձելով պահպանել քառյակ հասկացությունը, քառյակից եռյակ դառնալու կազմաքանդման գործընթացի տպավորությունից խուսափելու համար որպես այդ դաշինքի նոր անդամ հայտարարեցին Ստեփան Դեմիրճյանին: Երկրորդ՝ ես Գագիկ Ծառուկյանին երբեք քաղաքական գործիչ չեմ համարել և ճիշտ էլ չի քննարկումների ժամանակ վկայակոչել այդ անձին: Նրան ավելի շատ պետք է անդրադառնալ բիզնեսի բնագավառում, այն էլ որպես քրեական մեթոդներով գործող գործարարի, քանի որ Հայաստանի նման երկրում նման բիզեսի ծաղկումը չի կարող օրինական լինել: Հետևաբար, մարդկանց մեծ թիվը, որոնք Գագիկ Ծառուկյանին դիտարկում են որպես փրկիչ կամ միակ հույս, մանիպուլյացիայի հերթական դրսևորման արտահայտությունն է: Հենց այդտեղ ավարտվում է ողջ քաղաքականությունը: Այսօր քաղաքական որևէ գործընթաց չկա, կա խնդիրներ ունեցող մարդկանց ակնկալիքների մանիպուլյացիա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Իրավիճակին որևէ լուծում տալու կամ իրավիճակի փոփոխության տեսլական, որևէ ծրագիր կամ մոտեցում չի ներկայացվում, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը հեռանա, մենք գանք, ավելի լավ կլինի: Իհարկե, կարող ենք վկայակոչել ՀԱԿ-ի ծրագիրը և հաշտվենք այն մտքի հետ, որ քառյակի քաղաքական ծրագիրը հենց ՀԱԿ-ի ծրագիրն է, թեև նման որոշում կարծես չի եղել, բայց այն մեթոդները, որ մենք տեսանք, իրենց բնույթով բոլորովին քաղաքական չէին: Նույնիսկ հաջորդ հանրահավաքի ժամկետը չգիտեին, ինչը նշանակում է, որ այսքան երկար ժամանակ միայն այս մի հանրահավաքին էին պատրաստվել: Նույնիսկ ասելիք չուներ Գագիկ Ծառուկյանը: Ի՞նչ պետք է ասեր, կամ ի՞նչ է ասելու հետո, անհասկանալի է: Ինձ համար շատ տխուր է այս իրավիճակը որպես ՀՀ քաղաքացի: Այսօր Հայաստանի դե ֆակտո կորցրած անկախությունը դե յուրե ամրագրվում է մի որոշմամբ, և քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են քաղաքական դաշտում, ասելիք չունեն այդ խնդրի վերաբերյալ: Սա ես որակում եմ որպես վախկոտություն:
Ձեր կարծիքով, ի՞նչ զարգացումներ կլինեն հոկտեմբերի 10-ից հետո:
Չգիտեմ, երևի կգնա միայն Հայաստանի գեներալ-գուբերնատորի պաշտոնի համար պայքար, և այդ խնդրի լուծումն այսօրվա ուժերը կփորձեն գտնել Կրեմլում: Ճիշտն ասած, ես չեմ էլ ուզում ենթադրել, որ գուցե նրանք մտածում են, որ ԵՏՄ-ն ապագա չունի, ուստի իրենց այսօրվա գործողություններում չեն ուզում խոսել որևէ գործընթացի մասին, որը գոյություն չի ունենալու: Բայց նույնիսկ այդ դեպքում հարց է ծագում. ԵՏՄ-ին անդամակցելու քայլը կատարել է մի մարդ, որի իշխանությունը քննադատում ես: Այսինքն դու ոչ թե ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին անդրադարձիր, եթե չես ուզում հարաբերություններ փչացնել Պուտինի հետ, բայց բոլոր դեպքերում դա վերաբերում է այն որոշմանը, որը կայացրել է մարդը, որի գործողությունները քննադատում ես:
Հաշվի առնելով, որ ոչ իշխանականների հանրահավաքում չհնչեց իշխանափոխության հստակ պահանջ, հնարավո՞ր է, որ սա 2018-ի ընտրությունների նախապատրաստական փուլի սկիզբն էր՝ թեկնածուների հստակեցման, քառյակի անելիքների առումով:
Քառյակի հանրահավաքը բացելով՝ Տիգրան Ուրիխանյանը հստակ նշեց, որ հանրահավաքն ուղղված չէ ոչ Ռուսաստանի դեմ, ոչ Արևմուտքի: Իհարկե, Արևմուտքի դեմ լինելու որևէ հիմք ու առիթ չկա, բայց հոկտեմբերի 10-ին Մինսկում Պուտինի գլխավորությամբ Հայաստանին ընդունեցին ԵՏՄ կազմ, ինչը հենց Հայաստանի անկախության մարտահրավեր է և անկախության զիջում: Երբ այդ որոշումն արդեն կայացվել էր, դրանից 1,5 ժամ հետո հանրահավաքում չանդրադառնալ այդ փաստին: Հայտարարել, որ Ռուսաստանի դեմ ոչինչ չի լինելու, ես որակում եմ Պուտինին հավատարմություն հայտնելու քայլ: Այդ կուսակցությունները հանրահավաքի միջոցով, ըստ էության, Պուտինին ասացին. «Եթե Սերժին դու ճնշելով ես համոզում, կան ուժեր, որոնք առանց ճնշման կամ համոզելու, կարծում են, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին անշրջելի է»: Դրանով նրանք փորձեցին քաղաքական դիվիդենտներ հավաքել Պուտինի մոտ: Նրանք հասկանում են, որ այսօր Հայաստանում իշխանությունը վերցնելու ամենից ազդեցիկ գործոններից մեկը հենց Պուտինի հովանավորությունը վայելելն է: Այսինքն՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ նրանք ձևավորեցին իշխանափոխության կարևոր գործոնը՝ հավատարմությունը Պուտինին: Իսկ երբ նման վիճակ են ձևավորում, ապա իշխանափոխության հարցն արդեն Պուտինի ձեռքին է, ուստի իրենք չէին կարող ինքնագլուխ իշխանափոխություն պահանջել: Փոխարենը Պուտինին ասացին՝ «արի այստեղ իշխանափոխություն արա, մենք ավելի հավատարիմ կլինենք քեզ»: Եթե Սերժ Սարգսյանը Մինսկում հայտարարեց, որ ԵՏՄ-ի անդամակցության հարցը հեշտ չի եղել, խնդիրներ են եղել, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ոչ մի խնդիր չկա, անշրջելի գործընթաց է: ԵՏՄ անդամակցության դեմ թեթևակի ընդվզեց Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց տեսանք, որ նրան չթողեցին, որ շարունակի խոսքը: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ օգտագործվեց, ինչպես օգտագործվեց Գագիկ Ծառուկյանը, Ստեփան Դեմիրճյանն ու հանրահավաքին ներկա բազմահազարավոր մարդիկ:
Ո՞ւմ կողմից, Տեր-Պետրոսյանի՞:
Այո, արժանին պետք է մատուցել Տեր-Պետրոսյանին, նա լավ մանիպուլյատոր է: Քառյակի կազմում թե Տեր-Պետրոսյանը, թե Ստեփան Դեմիրճյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը եղել են նախագահի թեկնածուներ: Այսինքն՝ մարդիկ, որոնք, ըստ էության, ընտրված են եղել, բայց արդյունքների կեղծման հետևանքով չեն կարողացել իշխանությունը վերցնել: Նրանք մարդիկ են, որոնք իշխանությունը վերցնելուն շատ մոտ են եղել և այսօր իշխանությունը վերցնելու ձգտումը նրանց միավորում է: Այնտեղ մնում է միայն Գագիկ Ծառուկյանը, և կարծում եմ, քառյակը պիտի լուծի նրա առաջադրման խնդիրը: Այսինքն՝ միակ մարդը, որը նախագահի թեկնածու չի եղել, նրան էլ առաջադրեն, որպեսզի բավարարվի նաև նրա ամբիցիաները: Բայց դա Հայաստանի և հայ ժողովրդի խնդիրների հետ ոչ մի կապ չունի, և միայն իրենց իշխանության խնդրի լուծման հարցն է դրվում:
Այսինքն, մենք երկրում փոփոխություն չենք ունենա:
Այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն ապօրինի և հանցագործ է իր էությամբ, միանշանակ է, բայց հանրահավաքին ներկայացված մարդկանց կողմից անկախության զիջմանը վերաբերող որոշման վերաբերյալ լռելը նրանց ևս դարձնում է նույնպիսի հանցագործ, ինչպիսին Սերժ Սարգսյանն է: Դրանից հետո վստահել, որ նրանք կարող են ավելի լավ թագավոր լինել, պարզապես միամտություն է, որովհետև նրանք չեն առաջարկում կաշառքի, կոռուպցիայի դեմ պայքար, չեն առաջարկում անօրինականության դեմ պայքար: Իրենց ձևաչափը թույլ չի տալիս խոսել նման խնդիրների մասին, որովհետև այդ բոլոր հարցերը կվերաբերեն նաև Գագիկ Ծառուկյանին:
Ի մի բերելով կարող եմ ասել հետևյալը. ԵՏՄ-ին անդամակցության գործընթացն իրականում յուրատեսակ լյուստրացիա էր: Մյուս կողմից, բացի այն, որ Սերժ Սարգսյանն իր հանցավոր և անողնաշար իշխանությամբ է մարտահրավեր, քառյակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ևս մարտահարվեր է ՀՀ քաղաքացիների համար:
Աղբյուրը՝ www.lragir.am