Լրագրողների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկման առանցքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող և թմրամիջոց գործածող անձանց խնդիրների լուսաբանման առանձանահատկություններն էին
16:10, February 14, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելում, Պացիենտների իրավունքներՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ և Սիգրիդ Րոսինգ Թրասթ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2017 թ. փետրվարի 11-12-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում լրագրողների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ՝ «Թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով:
Աշխատանքային քննարկման առանցքում նշված թեմաների լուսաբանման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած համապատասխան ուսումնասիրություններն ու դրանց արդյունքում վերհանված խնդիրներն էին:
Քննարկման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը ներկայացրեց իրականացված մշտադիտարկումների արդյունքները, ըստ թեմաների՝ լուսաբանումների վիճակագրությունը, դրանց առանձնահատկություններն ու խնդրահարույց կողմերը:
Ի թիվս այլ հարցերի՝ ուշադրություն հրավիրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորող նյութերի մեծ թվին, ինչպես նաև նրանց և թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ նյութերում կարծրատիպային բառերի հաճախադեպությանը, անձնական տվյալներ պարունակող հրապարակումների առկայությանը: Ապա անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանք գործածելու նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորող նյութերին: Թեմայի շուրջ մասնակիցներն ակտիվ քննարկում ծավալեցին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Արայիկ Զալյանը և Կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Սուսաննա Դավթյանն անդրադարձան խտրականության տեսակներին և խոսքի ազատության սահմանափակմանն ու պատասխանատվությանը: Մասնակիցները հարցեր հնչեցրին խտրականության դրսևորման ձևերի, օրենսդրության մեջ դրանց արտացոլման, ինչպես նաև իրավական ակտերի ընդունման ընթացակարգերի վերաբերյալ:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն առանձին օրինակներով ներկայացրեց խոցելի խմբերի խնդիրների լուսաբանման մեջ մեդիայի դերը և ձևավորվող կարծրատիպերը, խմբային աշխատանքների միջոցով վեր հանվեցին ոլորտի լուսաբանման խնդիրներն ու դրանց հաղթահարման ճանապարհները:
Աշխատանքային քննարկման երկրորդ օրը ևս հագեցած էր:
Դժվար լուսաբանվող թեմաներին նախապատրաստվելուն, դրանց հերոսների հետ հաղորդակցման առանձնահատկություններին և թեմատիկ նյութերը ճիշտ տեսանկյունից ներկայացնելուն անդրադարձան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրաբան Սուրեն Նազինյանն ու հոգեբույժ Խաչատուր Ավետյանը:
Փորձագետներն անդրադարձան նաև առանձին դեպքերի, տրամադրեցին նախնական գիտելիքներ իրենց ներկայացրած ոլորտերի վերաբերյալ:
Երկօրյա աշխատանքային քննարկումը եզրափակվեց խոցելի խմբերի վերաբերյալ լրագրողական նյութերում էթիկական խնդիրների ու դրանց լուսաբանման նորարարական տեխնոլոգիաների ներկայացմամբ:
Աշխատանքային քննարկման արդյունքում մասնակիցների կողմից կպատրաստվեն և կհրապարակվեն թեմատիկ լրագրողական նյութեր:
Հարակից հրապարակումներ՝