ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
18:15, May 14, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Կարեն ՔյուփելյանՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ 2016 թ. մարտի 23-ի որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով շուրջ մեկ օր պահված Կարեն Քյուփելյանի գործով վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի ներկայացրած բողոքը, որով պահանջվել էր վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:
Դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար, և կայացրել է իրավաչափ որոշում:
Հիշեցնենք, որ Կ. Քյուփելյանը 2007թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Է. Ն.-ի., Հ. Մ.-ի և ՀՀ ԱԱԾ ևս մեկ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, ուր տեղափոխվել է 19:00-ի սահմաններում: Կ. Քյուփելյանը ՀՀ ԱԱԾ վարչական շենք տեղափոխվելուց հետո շուրջ մեկ օր՝ մինչև 2007թ. նոյեմբերի 2-ը՝ 17:00-ի սահմանները, պահվել է այնտեղ:
Դատարանի վերոնշյալ որոշման դեմ Կ. Քյուփելյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանի կողմից 2016 թ. ապրիլի 18-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով վերջինս դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի քննության շրջանակներում կայացված որոշումները չեն բխում նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներից և պահանջել է բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 23-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ:
Բողոքի քննությունը նշանակված է 2016 թ. մայիսի 16-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: