Արցախում ոստիկանների կողմից արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի գործը քննում է ՀՀ ՀՔԾ-ն, բայց հոգեբանական ծառայության համար ուղղորդում են դիմել Արցախի իշխանություններին
13:34, May 14, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյս տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:
2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները Ասյային հետապնդել են 3 օր շարունակ, Ասյայի փոխանցմամբ` տարբերվող արտաքինի և փողոցում ծխելու պատճառով:
Ոստիկանները նախ մոտեցել են ուշ երեկոյան Ստեփանակերտի փողոցներում զբոսնող Ասյային, պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ հաջորդող երկու օրերին գնացել են նրա բնակարան, խուզարկել այն, և Ասյային տարել ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, վիրավորել ու բռնություն գործադրել:
Ասյա Խաչատրյանը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 2018 թ. փետրվարի 23-ին, իսկ մարտի 29-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նաև ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության ավագ դատախազ Հ. Պետրոսյանը 2018 թ. ապրիլի 3-ին քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Ասյա Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին և ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին դիմել է նաև Ասյա Խաչատրյանին հոգեբանական ծառայություն տրամադրելու հարցով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը 2018 թ. մայիսի 4-ին թվագրված պատասխանում նշել է, որ հոգեբանական ծառայությունների հնարավոր մատուցման համար անհրաժեշտ է դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին, քանի որ դեպքը այնտեղ է տեղի ունեցել:
Հետաքրքիր է, որ Հայաստանի քաղաքացու նկատմամբ Արցախի ոստիկանների կողմից արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում ՀՀ Գլխավոր դատախազությունում, սակայն ՀՀ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է հոգեբանական աջակցություն տրամադրել այդ նույն քաղաքացուն և ուղղորդում դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին:
ՀՀ Գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չենք ստացել: