Վերաքննիչը կրկին հետաձգեց երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործի քննությունը
10:43, September 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կարինե ՀովհաննիսյանՀիվանդանոցում մահացած Էրիկի մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը, զայրացավ, երբ արդեն երկրորդ անգամ Վերաքննիչ դատարանը հետաձգեց մանկահասակ երկու երեխաների մահվան համար մեղադրվող բժշկուհու գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Մեկ տարի առաջ Արմավիրի մարզի հիվանդանոցում մահացած 5-ամյա էրիկի ու 4 ամյա Կարինեի հարազատները պնդում են՝ երեխաները կյանքից հեռացել են բժշկի՝ Անահիտ Պետրոսյանի անգործության հետևանքով: Սա իր վճռով հաստատել է նաև առաջին ատյանի դատարանը:
«Ինչի՞ համար ա էս դատարանը էդքան հետաձգում՝ մեկ տարի ուղիղ, երեխեն արդեն եղավ վեց տարեկան, ինքը դեռ հետաձգում ա, երկրորդ դատին եմ սպասում ես՝ տեսնեմ ի՞նչ ա լինում էս դատից հետո, տեսնեմ ինչքա՞ն են քաշքշելու, էս ծնողների տառապանքն ինչքա՞ն պետք ա լինի: Ոչ գիշերն ես կարողանում քնես, ոչ ցերեկն ես կարողանում քնես, ոչ մի ձևով», – «Ազատության» հետ զրույցում ասաց Լուսինե Ամիրխանյանը:
Երեխաներին իրենց ոտքով հիվանդանոց տարած ծնողները չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ հիվանդանոցն իրենց հանձնեց փոքրիկների անշնչացած մարմինները: Ասում են՝ Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Անահիտ Պետրոսյանը պատշաճ բուժում չի իրականացրել ու շարունակ պնդել է՝ տոքսիկ շոկից երեխաներին փրկել հնարավոր չէր: Թեպետ առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել բժշկին ու դատապարտել 3 տարի ազատազրկման՝ արգելելով նաև մասնագիտական գործունեությամբ զբաղվել 1 տարի 6 ամիս ժամկետով, բժիշկի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել այդ որոշումն ու անմեղ ճանաչել Անահիտ Պետրոսյանին:
«Դե նույն կարծիքին եմ, առայժմ ես կարծիքս չեմ փոխել: Քրեաիրավական արձագանքը պետության կողմից եղել է ոչ ճիշտ, հետևաբար՝ այս պահին մենք նույն կարծիքին ենք, դիրքորոշմանն ենք, որ նա հանցանք չի կատարել և պետք է արդարացվի, միանշանակ», – «Ազատությանը» ասաց բժշկուհու փաստաբանը:
Վերաքննիչ դատարան է դիմել նաև հիվանդանոցում մահացած 4-ամյա Կարինեի ծնողների փաստաբան Անի Չատինյանը: Թեև առաջին ատյանի դատարանի որոշումը փաստաբանն աննախադեպ է համարում՝ բժշկի մեղքը ճանաչելու առումով, այդուհանդերձ, Վերաքննիչից պահանջում է խստացնել պատիժը, ասաց՝ բժիշկը պետք է ազատազրկվի ոչ թե 3, այլ 5 տարով:
«Մենք վերաքննիչ բողոքով ներկայացրել ենք 5 տարի ժամկետով ազատազրկում, պահանջել ենք 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, և որպես լրացուցիչ պատիժ՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով զրկել: Այսինքն՝ լրացուցիչ պատիժը առավելագույնն ենք պահանջել, հիմնական պատիժը՝ ոչ: Բայց կարծում ենք, որ 5 տարին բավական կլինի, ամեն դեպքում, սոցիալական արդարությունը գոնե վերականգնելու համար», – «Ազատության» հետ զրույցում ասաց Չատինյանը:
Այսօրվա նիստը հետաձգվեց պատասխանող կողմի փաստաբանի միջնորդությամբ, ասաց՝ դատարանից ծանուցում չի ստացել, ու ժամանակ խնդրեց դրան ծանոթանալու համար:
Անի Չատինյանը, սակայն, կարծում է, որ դատարանը չպետք է նիստը հետաձգեր. – «Չստուգվեց ուղարկելը հավաստող, ստանալը հավաստող փաստաթղթի առկայությունը կամ բացակայությունը: Այս դեպքում պարտավորությունը կողմի վրա չէ՝ մյուս կողմին ծանուցելը, դատարանի վրա է պարտավորությունը»:
Մինչև դատարանի դահլիճ մտնելն ու դրանից հետո բժշկուհի Անահիտ Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» որևէ հարցի:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին: