Ինչին են միտված կադրային փոփոխությունները
16:26, September 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՎերջին օրերի կադրային փոփոխությունների շուրջ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորդյուժային փոխարնելու են Սեյրան Օհանյանով։ Ի՞նչպես եք գնահատում սա, ինչպես նաև վարչապետի ու կառավարության փոփոխությունը։
Իմ խորին համոզմամբ՝ Կարեն Կարապետյանին անձամբ Սերժ Սարգսյանն է խնդրել, համոզել, որ համաձայնի լինել Հայաստանի վարչապետ, ու դա եղել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններում քիչ թե շատ նոր, թարմ տեսքով հանդես գա իշխանությունը։ Բոլոր այն դեմքերը, որոնք ունի ՀՀԿ-ն ու իշխանությունը, հանրության մոտ արդեն որևէ դրական ազդակներ կամ ընկալումներ չեն կարող առաջացնել, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է ինչ-որ դրական տոնայնություն ձեռք բերի իշխանությունը, որովհետև չունի որևէ այլ բան առաջարկելու՝ տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության, անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության և այլ ոլորտներում։ Բնականաբար, Սերժ Սարգսյանն ինքը հրաժարական հո չի՞ տալու հանուն իշխանության, և այստեղ առավել քան խոցելի կողմը նա դիտարկում է գործադիր իշխանությունը՝ հանձինս կառավարության և մասնավորապես՝ նրա ղեկավարի։ Կարծում եմ՝ առաջիկա 5-6 ամիսների ընթացքում Կարեն Կարապետյանի դեմքով առավել շատ խոստումների ժամանակը կլինի, թե ինչեր կարող են անել, կամ ինչ քայլեր են նախատեսում։ Այդ 4-5 ամիսները շատ կարճ են, հետևաբար դա կլինի խոստումների կուտակման ժամանակաշրջան, որով փորձ կանեն հասարակությանը մոռացության տալ այն վիճակը, որ կա կամ ցույց տալ, որ այդ վիճակից դուրս գալու հնարավորությունը Կարեն Կարապետյանի նման գործչի միջոցով է հնարավոր, որ իշխանությունը իբր լուրջ մտադրություն ունի հանձինս վարչապետի փոփոխության կատարել լայն փոփոխություններ։ Կադրային այս փոփոխության հիմնական նախաձեռնողը հենց Սերժ Սարգսյանն է։
Շրջանառվող տեղեկությունները, թե իբր Կրեմլն է պարտադրել այս փոփոխությունը, ես տեղին չեմ համարում։ Պետք է հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանն արդեն եղել է Երևանի քաղաքապետ և հասարակության գիտակցության մեջ չի մնացել որպես անթույլատրելի կամ ակնհայտ բացասական կերպար։ Մյուս կողմից, խորհրդանշական է, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակում մեկին, ով «Գազպրոմի» ներկայացուցիչն է։ Այստեղ կարող է լինել գազի հետ կապված որոշակի ակնկալիքներ՝ անձնական մակարդակով, որովհետև միջպետական մակարդակով ՀՀ իշխանությունները բացարձակապես անընդունակ ու անկարող են ՌԴ կառավարության հետ ինչ-որ հարցեր լուծելու։
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հնարավոր նշանակմանը, դա երկու կողմ ունի։ Նախ նա Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանական համակարգերի շատ բարձր ինտեգրվածության աստիճանն է, այդ թվում ոչ միայն ՀԱՊԿ-ի կամ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության շրջանակներում, այլև պաշտպանական կառույցների սերտաճվածության արդյունքում։ Հայ-ռուսական զինված ուժեր հասկացությունը, կարծես, նոր որակ է ստանում, կարծես թե, ավելի նյութականանում են դրանք։ Այս պարագայում Սեյրան Օհանյանի նշանակումն ավելի շատ Կրեմլի նախաձեռնությամբ է։ Սա փորձ է Կրեմլի կողմից մարելու կամ նվազեցնելու ապրիլյան պատերազմի հետ կապված հակառուսական տրամադրությունները Հայաստանում։ Այսինքն՝ ծագումով հայի, հայկական ռազմական գերատեսչության ղեկավարի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կարծես նպատակ ունի հայ հասարակության մոտ ձևավորել բավարարվածության զգացում, թե տեսեք ինչ բարձր պաշտոնում ենք ՀՀ ներկայացուցչին տեսնում։ Այնպես որ, նսեմացվածությունը, ճնշվածությունը, լքվածության զգացումը հաղթահարելուն է միտված դա, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ, որ Հայաստանն ու Ղարաբաղը մենակ էին մնացել իրենց խնդիրների հետ, և բացառությամբ Արևմուտքի լուրջ դիվանագիտական ու քաղաքական, ռազմական որևէ լուրջ աջակցություն չկար։ Ես համարում եմ, որ Սեյրան Օհանյանի նշանակումը գաղութացված կամ գաղութային կախվածության մեջ գտնվող երկրի ներկայացուցչի նշանակում է Կրեմլի պալատում, ինչպես ասենք Պարսից շահի արքունիքում կարող էին ազգությամբ հայի նշանակել և դրանով ցույց տալ Կայսրի կամ շահի կամ սուլթանի բարեհաճ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ։
Սեյրան Օհանյանն այլևս կդադարի համարվել հայկական պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը, այլ կդառնա զուտ ռուսական շահերի ներկայացուցիչ։ Այստեղ միամիտ պետք է լինել մտածելու համար, որ ինքը որևէ էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի շահերի պաշտպանության տեսակետից։ Այնպես որ այդ նշանակումն արդեն համարում եմ Կրեմլի կողմից ՀԱՊԿ-ի կամ ռուսական պաշտպանության կառույցներում ՀՀ պաշտպանական գերատեսչության ինտեգրման կամ ավելի ճիշտ կլանման քայլերից մեկը։
Ինչի՞ սա կհանգեցնի, արդյոք կարո՞ղ է ռուսական տրամադրությունների աճ նկատվել Հայաստանում։
Կարծում եմ՝ իրենք հենց այդ հաշվարկն են արել, բայց Հայաստանի հասարակության մեջ իրականում տեղի է ունեցել բեկում, և հայ հանրությունը շատ ավելի լավ է ճանաչում իրականությունը, իլյուզիաներով չի տառապում։ Բոլորի համար ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, և այլևս չի կարելի ակնկալել, որ հայ-ռուսական բարեկամությունն ունի իրական բովանդակություն։ Հետևաբար, ես կարծում եմ, որ ռուսական կողմի այդ հաշվարկն արդյունք չի ունենա։ Այս պարագայում ինձ համար զարմանալի է, որ մնում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Հենց Զինված ուժերի գլխավոր շտաբի մակարդակով է, որ ապրիլյան պատերազմական գործողությունները դադարեցվել։ Տեղում ռուսական պաշտոնական և քաղաքական անմիջական պաշտոնը մնում է, չի փոխվում։ Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե Սեյրահ Օհանյանին են տեղափոխում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, այլ այն, թե ում են նշանակելու ՀՀ պաշտպանության նախարար։
Հիմա շրջանառվում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը։
Հայաստանի Հանրապետությունում միակ մնացած ազգային ու պետական կառույցը, որը քիչ թե շատ ուներ ինքնուրույնություն, բոլոր թերություններով ու խայտառակ դրսևորումներով հանդերձ, միակ պետակա կառույցը, որ կատարում է իր գործառույթները, զինված ուժերն են։ Հիմա եթե նշանակեն Վիտալի Բալասանյանին, իսկ ես առավել քան համոզված եմ, որ դա կլինի միանշանակ շատ ավելի թույլ, դիրք չունեցող գործիչ, կհարվածեն քիչ թե շատ անկախ մնացած կառույցին՝ ՊՆ-ին։ Այսինքն՝ Կրեմլը փորձում է վերացնել Հայաստանի՝ որպես անկախ միավորի վերջին բաստիոն՝ ՊՆ-ի ինքնուրույնությունը։
Ստացվում է, որ այս կադրային փոփոխություններն էլ ավելի կխորացնե՞ն առկա խնդիրները։ Որքանո՞վ իրատեսական կարող են լինել նոր վարչապետի ծրագրերը։
Նրա ծրագիրն ունի կարճաժամկետ իմաստ և նշանակություն, ընտրությունների նախապատրաստման ժամանակահատվածում փոքր-ինչ պարպել հանրային դժգոհության առկա մթնոլորտը: Չնայած իրականում որևէ էական փոփոխության չի կարող հասնել Կարեն Կարապետյանը, բայց խոսքի, պրոպագանդայի, տեքստերի միջոցով հույս առաջացնել, որ հնարավոր փոփոխությունները պայմանավորված կլինեն ընտրություններից հետո նոր կառավարության հետ, և ՀՀԿ-ն պատրաստ է դրան գնալու, բայց միայն այն դեպքում, երբ դուք պատրաստ եք ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին։ Սա ունի միմիայն ներքաղաքական նշանակություն և արտաքին քաղաքական որևէ ազդակ չունի։ Կարեն Կարապետյանը այն դիրքում է գտնվում, որ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը կարող էր ազատ հրավիրեր։ Պետք է ասել, որ լուրջ արկածախնդրություն է փորձել հերթական անգամ խորամանկել և թյուրիմացության մեջ գցել ժողովրդին։ Նա պետք է դիմեր, խնդրեր, Կարեն Կարապետյանն էլ այդ ընթացքում պետք է Կրեմլից թույլտվություն վերցներ, որ գար Հայաստանի վարչապետ։ Վստահեցնում եմ, որ Սասնա ծռերի զինված գործողությունը ծիծեռնակներ է թվալու շատերի համար։