Սարի թաղի գործով կալանավորվածը տառապում է դիաբետով
17:07, November 14, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերՀուլիսի 19-ին Սարի թաղի դեպքերով կալանավորված Հրաչյա Բոյաջյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը:
Պաշտպան Արայիկ Զալյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ինչպես իր պաշտպանյալի, այնպես էլ Սարի թաղի գործով անցնող մյուս 8 անձանց մեղադրանք առաջադրելն անհիմն է: Նրանց գործողություններին էլ ոչ ճիշտ եւ անհիմն իրավական գնահատական է տրվել, ինչպես նաեւ չեն պարզել, թե ինչու են նրանք դուրս եկել փողոց։
«Ցուցարարները, ինչպես նաեւ Հրաչյա Բոյաջյանը բողոքի ակցիա են իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով թաղամասում գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման և երթուղային տրանսպորտի աշխատանքը դադարեցնելու առնչությամբ»,- ասաց պաշտպանը:
Արայիկ Զալյանի խոսքերով՝ մեղադրանքի հիմքում դրվել է միայն այն տեսանյութը, թե ինչպես են ցուցարարները հարվածում ոստիկաններին, սակայն չգիտես ինչու բացակայում է երկրորդ տեսանյութը, որտեղ ոստիկանները, այդ թվում նաեւ քաղաքացիական հագուստով անձինք, իրենց ամրակցված զենքերով փորձել են վախի մթնոլորտ ստեղծել, հայհոյել են, ինչն էլ զայրացրել է ցուցարարներին: «Ոստիկանների գործողություններին գնահատական չի տրվել»,- ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:
Նրա համար տարօրինակ է, որ Սարի թաղի բնակիչներին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով, մինչդեռ նրանք ցանկացել են պարզել, թե ինչու են իրենց իրավունքները ոտնահարվում:
Միեւնույն ժամանակ Արայիկ Զալյանը հիշեցնում է, որ իր պաշտպանյալ Հրաչյա Բոյաջյանը ունի առողջական խնդիրներ ոչ շաքարային դիաբետ եւ հենց այդ հիմքով էլ ազատվել է զինվորական ծառայությունից:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կատարելու գործն արդեն ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել: