Շատ խորհրդանշական հրաժարական…
17:46, January 15, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գործունեությունը գնահատելիս որոշակի վերապահումներ ունի, սակայն ընդհանուր առմամբ, 2014-2015 թթ. մարդու իրավունքների խախտումների փաստերի վերաբերյալ ահազանգի տեսակետից իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջընթաց նկատում է: Նա գտնում է, որ անկյունաքարային նշանակություն ունեցավ հատկապես Անդրեասյանի՝ դատական իշխանությանն առնչվող արտահերթ զեկույցը:
«Կարեւորագույն ինստիտուտի՝ ՀՀ-ում դատական իշխանության վիճակի մասին շատ պատշաճ եւ հիմնավոր կերպով ներկայացրեց՝ լուրջ հարցեր բարձրացնելով դատական իշխանության անկախության հետ կապված»,- առանձնացրեց Արթուր Սաքունցը:
Բացի դրանից՝ ՄԻՊ արագ արձագանքման խումբն արդյունավետ մեխանիզմ էր դարձել՝ խախտված իրավունքների վերաբերյալ բարձրաձայնելու, գործողություններ ձեռնարկելու առումով, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
«Կարեն Անդրեասյանն իր տարեկան զեկույցներում համակարգային խնդիրներ բարձրացնում էր, կարող էինք ակնկալել, որ կարելի էր շատ ավելի խիստ տոնով կամ խտացված գույներով ներկայացնել, բայց խնդիրը Հայաստանում ոչ թե բառերի, այլ պրոբլեմը ներկայացնելու մեջ է: Կարեւոր էր, որ խնդիրը ներկայացվում էր: Բավական ակտիվ էր մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը սահմանադրական հանրաքվեի ժամանակ, քվեարկության ընթացքում խախտումների արձանագրման, ահազանգերին արձագանքելու առումով, եւ որը նույնպես բավական լուրջ նշանակություն ունեցավ: Բայց ցավոք, Կարեն Անդրեասյանը չի հասցնի Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը հրապարակել, որը, կարծում եմ, շատ կարեւոր էր»:
Անդրադառնալով Կարեն Անդրեասյանի հրաժարականին, Արթուր Սաքունցը նշեց, որ պաշտպանի ինստիտուտի անձեռնմխելիությունը հավասարազոր է ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությանը, հաշվի առնելով այս հանգամանքը՝ մինչ լիազորությունների ժամկետը լրանալը հրաժարականի դիմում ներկայացնելը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություն, սպառնալիք:
«Նախ առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված չի զգացել այդ սպառնալիքների դեմ-հանդիման, ինչը հնարավորություն չի տվել նրան շարունակել իր գործունեությունը: Այս պարագայում նախ թեկնածությունն առաջարկած մարմինը՝ նախագահի ինստիտուտը, պետք է հստակ որեւէ պարզաբանում տա, եւ երկրորդը՝ Ազգային ժողովը պետք է ինքը պահանջի պարզաբանումներ իր կողմից նշանակված անձից՝ լիազորությունների ժամկետից շուտ հրաժարականի դիմում ներկայացնելու վերաբերյալ, որովհետեւ պետք է բացահայտվեն այն գործոնները, որոնք որպես սպառնալիք կամ որպես հարկադրող, ստիպող նշանակություն են ունեցել հրաժարականի: Այդ գործոնները պետք է ոչ միայն հաշվի առնվեն, այլ կասեցվեն՝ նոր պաշտպանի գործունեության հետ կապված: Եթե իհարկե նման պատասխանատվության զգացում ունի Ազգային ժողովը»:
Եթե այդ քայլերը չկատարվեն, դա առիթ կտա ենթադրելու, որ նաեւ վերոհիշյալ ինստիտուտներն են շահագրգիռ թաքցնել կամ ուղղակի կապ ունեն այն գործոնների հետ, կամ իրենք են այն գործոնները, որոնք ստիպել են Անդրեասյանին ժամանակից շուտ ազատել պաշտոնը, կարծում է իրավապաշտպանը:
«Զարմանալի օրինաչափությամբ բոլոր երեք պաշտպաններն իրենց գործունեության ընթացքում դառնում են իրենց նշանակողների եւ առաջադրողների ամենաանհաջող կադրերից մեկը: Դա կարելի է դրական համարել պաշտպանի ինստիտուտի կայացման տեսակետից, որ պաշտպանի ինստիտուտը Հայաստանում, այնուամենայնիվ, չի դառնում քաղաքական մեծամասնության կցորդը: Բայց մյուս կողմից էլ արձանագրում ենք, որ մարդու իրավունքների վիճակն այնքան վատ է, որ երբ որ մարդու իրավունքների պաշտպանը սկսում է ակտիվ եւ հետեւողական աշխատել, ինքը ստանում է բավականին լուրջ դիմադրություն այդ խախտումների պատասխանատուների կողմից, ինչպիսին հանդիսանում է թեկնածուին թե առաջադրող, թե նշանակող կայուն քաղաքական մեծամասնությունը: ԱԺ առանձին պատգամավորների անպարկեշտ պահվածքն ԱԺ աշնանային նստաշրջանի ժամանակ եւս խոսում է այն մասին, որ ՀՀԿ կայուն մեծամասնությունը հովանավորում է նման հարձակումները եւ ինքն ուղղակիորեն եւ անմիջականորեն պատասխանատվություն է կրում այդ հրաժարականի համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Արթուր Սաքունցը:
Եւս մեկ կարեւոր նկատառում է անում իրավապաշտպանը, որ Սերժ Սարգսյանի կողմից պարտադրված Սահմանադրության ընդունումից հետո օմբուդսմենի հրաժարականը շատ խորհրդանշական է եւ կարելի է համարել պարտադրված Սահմանադրության առաջին արդյունքը՝ գործողության մեջ, որի նման «արդյունքների» չի բացառվում, որ ականատես կլինենք նաեւ առաջիկայում. «Իրապես պարտադրված Սահմանադրությունն ինքը, թելադրելով նոր խաղի կանոններ, հանգեցնելու է ճգնաժամի, որովհետեւ ոչ թե ապահովում է մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ մեծացնում է նրա խոցելիությունը»: