Սաքունց․ Սպառնացողի վարքագծի նկատմամբ հսկողության որևէ միջոց կիրառված չէ
10:52, February 15, 2018Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով որպես տուժողի ներկայացուցիչ մասնակցել է «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հարցաքննությանը, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչև այս պահը հայտնի չէ, թե քննիչն ինչ որոշում է կայացրել Գրիգորյանի անվտանգությունն ապահովելու հարցով։
«Մեդիալաբի» խմբագիրն անցած ուրբաթ օրն է դիմել քննիչին, որպեսզի իրավապահները ապահովեն իր և իր ընտանիքի անդամների պաշտպանությունը:
Սաքունցի փոխանցմամբ՝ Մարիաննա Գրիգորյանը 5-րդ օրն է սպասում է պատասխանի։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել էին, թե «քննարկման արդյունքների մասին նախ տեղեկացվելու է տուժողը»:
«Եթե նման որոշում կայացներ, կտեղեկացներ ինքը նման որոշման ընդունման կամ մերժման մասին: Թե քննիչը գնահատման ինչ փուլում է գտնվում կամ ինչ որոշում կկայացնի, ցավոք սրտի, դեռևս ես էլ տեղյակ չեմ», – ասաց իրավապաշտպանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ծաղրանկարի հրապարակումից հետո Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուքի» մի օգտատեր սպառնալից նամակներ է գրել՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը: Փարիզում խմբագրության վրա հարձակման հետևանքով, հիշեցնեմ, 12 մարդ էր զոհվել:
Արդեն անձնական նամակներում օգտատերը հիշատակել է նաև լրագրողի մանկահասակ դստեր անունը։
Գլխավոր դատախազությունը «Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալու ահազանգից ավելի քան մեկ շաբաթ անց՝ փետրվարի 6-ին որոշեց քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Գործն այժմ քննվում է Քննչական կոմիտեում։ «Մեդիալաբի» գլխավոր խմբագիրը գործով տուժող է ճանաչվել։ Հայտնի է, որ երեկ խուզարկություն է կատարվել Մարիաննա Գրիգորյանին «Ֆեյսբուք»-ով նամակներ գրած օգտատիրոջ տանը: Այս պահին էլ օգտատերը հարցաքննվում է, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ «կասկածի շուրջ»:
Ոստիկանության տվյալներով, սպանության սպառնալիքներ հնչեցնողը «Hayk Berman Ohanyan» ֆեյսբուքյան օգտատերն է։ «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, նա Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:
Իրավապաշտպան Արթուր Սարքունցը քննիչի վարքագիծը իրավիճակին համարժեք չի համարում․ – «Նախ սպառնալիք տվող անձը սպա է, թեկուզ պաշտոնաթող: Հանդես է գալիս որպես դիպուկահար: Ընդ որում, ինքը ազատության մեջ է․ չենք ասում, որ պետք է կալանավորվի, բայց գոնե նրա վարքագծի նկատմամբ հսկողության որևէ միջոց չի կիրառված: Նա չի ներգրավված որպես գոնե կասկածյալ, որ, ենթադրենք, ըստ դրա նաև որոշակի քրեադատավարական գործողություններ իրականացվեին նրա նկատմամբ: Եվ անկանխատեսելի է նման մարդու կողմից ցանկացած գործողություն: Մարիաննան մինչև հիմա իր երեխային չի ուղարկում դպրոց, որովհետև երեխային հիշատակել էր իր նամակագրության մեջ»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծիքով, Մարիաննա Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու հարցում դանդաղել չի կարելի․ – «Ակնարկվել է 2015 թվականին «Շառլի Էբդո» պարբերականի ահաբեկչական հարձակումը, այնպես որ այս պարագայում ցանկացած դանդաղկոտությունը լուրջ մտահոգություն է առաջացնում»:
Մելիքյանը լավատես չէ, թե «Մեդիալաբ»-ի խմբագրին սպառնալու գործը կբացահայտվի: Ասաց, որ լրագրողների սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր շատ են եղել, և եթե բարձրաձայնվել են, արդյունավետ չեն հետաքննվել։
Վերջին դեպքից խոսեց․ լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանի հոդվածի տակ ֆեյսբուքյան մի օգտատեր անցած տարվա հոկտեմբերին սպառնալից մեկնաբանություններ էր արել, այնուհետեւ ջնջել էր էջը: Գործի վարույթը, ըստ Մելիքյանի, կասեցվել է՝ ենթադրյալ մեղադրյալին չհայտնաբերելու հիմքով․ – «Մենք հասկանում ենք, իհարկե, որ այստեղ սպառնալիքների հեղինակները կարող են որոշ կերպով կապված լինել իշխանավորների հետ, և դա է պատճառը, որ հետաքննությունը անարդյունավետ է ավարտվում, և գործը կասեցվում է հաճախ: Բայց որպեսզի նաև հասարակությունում այդ արատավոր երևույթը չտարածվի, իհարկե, պետք է որ մեղավորները պատժվեն, և կարծում եմ, որ հակառակը՝ պետք է սերմանել այդ հանդուրժողականությունը հասարակության մեջ, նաև պետական ծառայողների մեջ»:
Տեսանյութը՝ https://youtu.be/rMlbmqs8AjQ