«Ովքեր ունեն կոռուպցիոն հնարավորություններ, նրանց ճանաչում են ծառայության համար ոչ պիտանի». իրավապաշտպան
13:34, July 15, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Որքանով հանցագործություն է առողջներին չզորակոչելը, նույնքան էլ հանցագործություն է առողջական խնդիրներ ունեցողներին զորակոչելը:
Ոչ միայն դա է տեղի ունենում, որ առողջ զորակոչիկի փաստաթղթերում հիվանդ են ձևակերպում և կոռուպցիոն մեխանիզմներով ազատում զինվորական ծառայությունից, այլև առողջական լուրջ խնդիրներ ունեցող զորակոչիկներին ոչ պատշաճ բժշկական քննությամբ ձևակերպում են որպես պիտանի և զորակոչում են»:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու և ապօրինի տարկետումներ տրամադրելու համար որոշ պաշտոնատար անձինք ձերբակալվել են։
Ըստ իրավապաշտպանի՝ ընտրողական մոտեցում է այստեղ՝ հանցագործության մի տեսակի դեմ պայքարել, իսկ մյուս տեսակի դեմ՝ ոչ:
«Այսինքն խնդիրն ավելի շատ համակարգային է, և բուն պատճառը կայանում է նրանում, որ հրահանգ է տրված ամեն գնով զինվորական թվաքանակ ապահովել, և այդ թվաքանակը ապահովելու հրահանգը, որը որևէ իրավական հիմնավորում չունի, թելադրում է, որ ամեն գնով զորակոչիկների թիվ ապահովես: Սկզբում թվում է, թե իմ նշած այս երկու մոտեցումների մեջ հակասություն կա, սակայն տրամաբանությունը շատ պարզ է՝ քանակն ապահովում են հիվանդ զորակոչիկների հաշվին և դրա անվան տակ էլ արդեն առողջ զորակոչիկներին, ովքեր ունեն կոռուպցիոն հնարավորություններ, նրանց ճանաչում են ոչ պիտանի»,- նշեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը կարծիք է հայտնում. «Սա կոռուպցիոն համակարգի կոռուպցիոն բնույթն է: Որոշումների կայացման ամեն մի բնագավառում շահ եւ օգուտ ստանալու սկզբունքից է ելնում: Սրա պրոբլեմային հիմքերից մեկն էլ միգրացիան է, որ զինվորների թվաքանակը չի բավականացնում և կոռուպցիոն մեխանիզմները սկսում են դրսևորվել, ծաղկել: Այն խավերի ներկայացուցիչները, որոնք սոցիալապես անապահով են, իսկ պաշտոնական տվյալներով մոտ 30 տոկոսն է, նրանք կրկնակի խոցելի են դառնում, հենց նման պայմաններում: Իսկ այն խավը, ով ունի սոցիալական որոշ պայմաններ, հանդիսանում են կոռուպցիայի աղբյուր: Ապօրինի որոշման կայացմամբ փող կորզել և ֆինանսական հնարավորություններ չունեցողի նկատմամբ էլ ապօրինի որոշում կայացնել, քանզի նրանից դրամ շորթելու ակնկալիք չկա՝ ահա կոռուպցիայի երկու տեսակի դրսևորումները»:
Ամփոփելով խոսքը՝ իրավապաշտպանն ընդգծեց. «Վերջին երկու տարիների ընթացքում բանակում առողջական խնդիրների հետևանքով մահացությունների թիվն աճել է: Այսինքն բժշկական ոչ պատշաճ ծառայությունը մեծացնում է ռիսկերը, և սա էլ իր հերթին կարող է ազդել մեր բանակի մարտունակության վրա»:
Աղբյուրը՝ galatv.am