Քրեական աշխարհը խժռեց քաղաքական իշխանությունը
19:08, September 15, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում քրեական հեղինակությունների մասնակցությամբ կրակոցներին ու սպանություններին:
«Սա նշանակում է, որ իշխանությունը, որը բավական լուրջ սերտաճած է քրեական աշխարհի ու քրեական հեղինակությունների հետ, վերադասավորումներ է իրականացնում նաև քրեական աշխարհում»,- ասաց իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ սրա արձագանքները դրսևորվում են այնպես, ինչպես բնորոշ է իրենց, այսինքն՝ ռազբորկաներով, մահափորձերով ու սպանություններով:
«Եվ միաժամանակ տեսնում ենք, նույնիսկ քրեական աշխարհում այդ վերաբաժանումների կամ հստակեցումների դեպքում էլ է իշխանությունն ընտրողական մոտեցում ցուցաբերում, որովհետև կարող է մի քրեական հեղինակության նկատմամբ օրենքի ամբողջ ուժը կիրառել, իսկ մյուսի նկատմամբ՝ չկիրառել»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ այս քրեական ռազբորկաներն արդեն վկայում են, որ անպատժելիությունը իր ծայրահեղ դրսևորումներով ուղղակի խայտառակ դրսևորում է ունենում: Եվ իշխանությունը փաստորեն միայն մեկ գործիք է կիրառում դարձյալ՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով է առաջնորդվում: Բայց դա, ըստ իրավապաշտպանի, մարդկային կյանքեր է արժենում: Իսկ ոստիկանությունը չի կարողանում իր գործառույթները պատշաճ իրականացնել քաղաքական իշխանության քրեական բնույթի պատճառով:«
Ոստիկանությունն ինքն էլ սահմանափակված է քաղաքական իշխանության քրեական բնույթով, որպեսզի կարողանա ամբողջությամբ իրականացնել իր օպերատիվ հետախուզական գործողությունները»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ նման իրավիճակ եղել է 1990-ական թվականներին, երբ մի պետական համակարգը քայքայվել էր, նորը ձևավորման ընթացքում էր: «Բայց երկար ժամանակ նման իրավիճակ ըստ էության չկար: Այն ժամանակ խնդիրը դրված էր կառավարելիության առումով, ինչ-որ ձևով, ուժային մեթոդներով կարողացան կառավարելի դարձնել: Իսկ հիմա քրեական աշխարհը խժռեց քաղաքական իշխանությանը, և քաղաքական իշխանությունը դարձել է քրեական աշխարհի մասը և դրա հետևանքով կորցրել է նաև վերահսկողությունը: Ավելին, օրենսդրական ու իրավական նորմերի չկիրառման, գործադիր իշխանության, իրավապահ մարմինների կողմից իրենց գործառույթները չկատարելու հետևանքները մենք տեսնում ենք: Եվ էլի են լինելու նման դեպքեր», ասաց Սաքունցը: