Անհայտ կորած զինվորի մոր գործով ևս մեկ նախնական դատական նիստ կհրավիրվի
10:08, November 15, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հակամարտություններից տուժածների իրավունքներ2016 թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Ավետիսյանի, շարունակվեց Սվետլանա Սարգսյանն ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի և ՀՀ Պաշտպանության նախարարության գործի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստը դատարանի որոշմամբ հետաձգվեց գործով պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատից ապացույց պահանջելու հիմքով:
2016 թ. նոյեմբերի 14-ի նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր Ս. Սարգսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մանիկ Սանթրոսյանը, ինչպես նաև գործով մյուս պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչ, համապատսխան բաժնի պետ Ն. Բարսեղյանը: Սույն գործով երրորդ անձ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամանակի մասին, չէր ներկայացել դատական նիստին, ուստի՝ դատական նիստը շարունակվեց նրա բացակայությամբ:
Դատարանը նշեց, որ 2016 թ. հոկտեմբերի 25-ին որոշում է կայացրել ապացույց պահանջելու մասին և միաժամանակ գրությամբ որոշակի հարցեր առաջադրել: ՀՀ Զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչը հայտնեց, որ վարույթի նյութերն ուղարկվել են փոստային առաքման միջոցով 2016 թ. նոյեմբերի 8-ին, միաժամանակ, դատարան ներկայացվեց գրության պատճենը:
Գրության ուսումնասիրությունից հետո դատարանը որոշ հարցեր ուղղեց ՀՀ Զինվորական կոմիսարիատի ներկայացուցչին: Վերջինս, ի պատասխան, հայտնեց, որ տվյալ դեպքում նախ բանավոր կարգով դադարեցվել է Ս. Սարգսյանի կենսաթոշակի իրավունքը, որի հիման վրա դադարեցվել է նաև կենսաթոշակի վճարումը, դրա մասին Ս. Սարգսյանին չի տեղեկացվել: Նա պարզաբանեց, որ կենսաթոշակի իրավունքը դադարեցվել է համապատասխան տեղեկանքի բացակայության պատճառով՝ նշելով, որ անհայտ կորչելու վերաբերյալ տրված տեղեկանքը դեռևս հիմք չէ, որ Ռ. Մխիթարյանը մասնակցել է մարտական գործողությունների:
Դատարանը, հաշվի առնելով պատասխանողի կողմից ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև այն փաստը, որ կողմը վարչական վարույթի նյութերն ուղարկել էր փոստով և դրանք դատարանում դեռևս չէին ստացվել, առաջարկեց հայցվորին հայցադիմումի առարկայի և հիմքերի հստակեցման համար հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ: Տ. Սիրադեղյանը նշեց, որ գտնում է, որ անհրաժեշտ է դատական նիստը հետաձգել՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին հստակեցնել հայցադիմումի առարկան և ըստ անհրաժեշտության նաև՝ հայցի հիմքերը:
Կողմերը չառարկեցին դատական նիստը հետաձգելու դեմ: Այդպիսով՝ սույն գործով նախնական դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա 2016 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին: