ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
14:06, December 15, 2014 | Մամլո հաղորդագրություններՀայաստանի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) վերջին 10 տարիների ընթացքում համակարգային դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Փոփոխությունները եղել են հատվածական, սակայն համակարգային խնդիրները՝ ազատազրկման վայրերում քրեածին բարքերը, բուժ սպասարկման ցածր մակարդակը, խցերի գերծանրաբեռնվածությունը, կալանքի՝ որպես խափանման միջոց տոտալ կիրառումը և կոռուպցիան, պահպանվում են:
Մասնագետները նշում են, որ փակ հաստատություններում, հատկապես՝ ՔԿՀ-ներում, շարունակվում է խնդիր մնալ կապի միջոցների հասանելիությունը կանալանավորների համար, ինչպես նաև դրանից բխող կոռուպցիոն ռիսկերը:
«Սա շատ կարևոր խնդիր է և ունի կարգավորման կարիք, քանի որ առաջացնում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր: Կալանավայրերում արգելված է բջջային հեռախոս պահելը, բայց շատերը այդ կապի միջոցից օգտվում են, ինչն անհնար է իրականացնել առանց քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների գիտակցության: Սա կոռուպցիոն փակ շղթա է, որի պահպանումը ձեռնտու է և՛ կալանավորներին, և՛ կալանավայրերի աշխատակիցներին», – հայտարարեց Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
«Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ քննարկում «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում. 2014թ.-ի ամփոփում» թեմայով, որի ժամանակ ներկայացվեց փակ հաստատություններում մարդու իրավունքների խախտման դեպքերը և իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը:
Միջոցառմանը մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը, ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:
Սաքունցի կարծիքով կալանավայրերում բուժսպասարկման խնդրի կարգավորման համար կարևոր է, որպեսզի ծառայությունը իրակականցնի ոչ թե ՔԿՀ-ը, այլ առորղջապահության նախարարությունը: «Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ բուժ ծառայության որակից բողոքների դեպքում, կոնկրետ հասցեատեր կլինի, ում կարելի է դիմել», – հավաստեց նա: Սաքունցը խնդիր համարեց նաև կալանավայրերի աշխատակիցների և կալանավորների հարաբերությունները` այս տեսանկյունից կարևորելով ՔԿՀ-ի աշխատակիցների որակավորման հարցը: «Հայաստանում մինչ օրս չկա ՔԿՀ-ի աշխատողներին պատրաստող կրթական ինստիտուտ»,- նշեց նա:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը հույս հայտնեց, որ 2015թ. կլուծվի ՔԿՀ-ներում բուժօգնություն հատկացնելու ու ՔԿՀ-ներում պահվող առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու գործընթացն ավելի արագ կարգով կկատարվի:
Թումանյանցը կարևորեց կալանավայրերի խցերի գերծանրաբեռնվածության խնդիրը, երբ խցում կալանավորները քնում են հերթով: «Արմավիր քրեակատարողական հիմնարի շահագործումից հետո, այս խնդիրը պետք է, որ որոշակիորեն լուծվի, բայց դեռ հիմնարկը չի շահագործվել»,- նշեց նա, միևնույն ժամանակ հավելելով, որ ՔԿՀ-ների խցերի գերծանրաբեռնվածության թեթևացման համար կարևոր է կալանքի՝ որպես խափանման միջոցի համատարած կիրառման պրակտիկայի կրճատումը: «2013 թվականի տվյալներով միայն 3% դեպքերում է պատահել, որ դատարանը չի կիրառել կալանքը որպես խափանման միջոց: Մյուս 97% դեպքերում դատարանը բավարարել է քննչական մարմնի պահանջը», – մանրամասնեց Երանուհի Թումանյանցը:
Հայաստանի 11 ՔԿՀ-ներից Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկն է ամենագերծանրաբեռնվածը: «Այնտեղ պահվում է նախատեսվածից թվով 153 կալանավոր ավել», – նշեց ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը: Ամեն դեպքում, նրա կարծիքով՝ համար առաջին խնդիրը կալանավորների համար, ինչից վերջիններս շատ են բողոքում, պայմանական վաղաժամկետ ազատման ոչ հստակ կանոնակարգն է: «Մեծ բացթողում է, որ վաղաժամկետ ազատման մասին որոշումները բողոքարկելու հնարավորություն չկա, եթե չեն խախտվել ընթացակարգերը», – նշեց նա:
Իր հերթին ՀՀ Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Առողջապահության նախարարության հետ համագործակցություն առկա է, բայց միայն ոստիկանության գծով: «Ոստիկանությունն ու առողջապահության ոլորտը համագործակցում են: 2014թ. ինն ամիսների ընթացքում եղել է 321 իրազեկում ՁՊՎ-ներում մարմնական վնասվածքների գրանցման վերաբերյալ»,- մանրամասնեց նա՝ կարևորելով ՔԿՀ-ի աշխատողներին պատրաստող հատուկ կրթական ծրագրի առկայության հարցը:
Միևնույն ժամանակ նա անուղղակիորեն հանաձայնեց, որ առկա է խնդրիր կալանքի՝ որպես խափանման միջոցի համատարած ընտրման հարցում: «Այստեղ դրական տեղաշարժեր կան, քանի որ եղել են դեպքեր, երբ դատարանը չի բավարարել քննչական մարմնի պահանջը՝ ընտրել կալանք՝ որպես խափանման միջոց: Կարծում եմ՝ նման դեպքերը կավելանան», – ամփոփեց Վահրամ Աբրահամյանը: