Գործ ենք ունենալու Հայաստանի պատմության մեջ բացառիկ անպատասխանատու ռեժիմի հետ
11:18, February 15, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵրևանի ավագանու նիստում ՀՀԿ-ական գործիչների վարքն ու կանանց ծեծի ենթարկելու դեպքն անպատժելիության և հոտային մտածելակերպի տիպիկ դրսևորում է: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության կարկառուն ներկայացուցիչները, ովքեր այդպես հախուռն պաշտպանում էին իրենց քաղաքապետին գարշահոտության ոտնձգությունից, թող բարի լինեին նախ և առաջ իրենց ընտրողներին պաշտպանեին ոտնձգությունից: Այսինքն՝ նրանք արձանագրում են, որ նախ և առաջ իրենց համար կարևոր է ոչ թե ընտրողը, այլ կարևոր է իրենց ղեկավարը՝ նայողը: Սա տիպիկ հոտային մտածելակերպին բնորոշ վարքագիծ էր»,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը նշում է, որ այդ աստիճանի ստրկամիտ ծառայամտությունը, որը ՀՀԿ-ականներն են ցուցաբերում, պատիվ չի կարող բերել որևէ արժանապատիվ մարդու:
Միաժամանակ, այդ ոտնձգությունը, որն իրականացվեց բռնությունների տեսքով, դա ոտնձգություն էր ոչ միայն «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչների, այլ նաև քաղաքացիների նկատմամբ: Այսինքն, նրա խոսքով, սա հանրությանն ուղղված ուղերձ էր` «հանկարծ ծպտուն չհանեք, անկախ նրանից, խնդիր ունեք, թե ոչ»: Իսկ խնդիրների մասին բարձրաձայնելու դեպքում, ըստ իրավապաշտպանի, իշխանությունները հասարակությանը հասկացրեցին, որ կստանան նման արձագանք: Այսինքն՝ ոչ թե խնդրի լուծում է տեղի ունենում, այլ բարձրացված խնդրի դեպքում որպես պատասխան բռնություն է կիրառվում: Սա, Արթուր Սաքունցի խոսքով, հանդիսանում է հենց ՀՀԿ-ի հիմնական գաղափարակրի՝ Սերժ Սարգսյանի անմիաջական հովանավորության հետևանք:«Դա հետևյալն է՝ կարող եք ամեն ինչ անել, մնալու եք անպատիժ, միայն թե համաձայնեցված լինի: Այսինքն՝ կարող եք ղեկավարին ամեն ձևի ծառայություն մատուցել, դա է գնահատվում, ոչ թե օրենքի պահպանումը: Սա անպատժելիության տիպիկ դրսևորում էր, և դա անպատժելիության ձևավորման հետևանք էր»,- հավելեց նա:Ըստ Սաքունցի՝ տեղի ունեցածը բավական լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն, որ երկիրն անցում է կատարում կառավարման նոր համակարգի: Սուպերվարչապետության համակարգի ձևավորմանը զուգահեռ, երբ տեղի են ունենում նման երևույթներ, դա խոսում է այն մասին, որ իրոք գործ ենք ունենալու Հայաստանի պատմության մեջ բացառիկ անպատասխանատու, անպատժելի և բռնապետական ռեժիմի հետ:Իրավապաշտպանի գնահատմամբ՝ «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների կողմից ավագանու երեկվա նիստում կատարված որևէ գործողություն ոչ միայն դատապարտելի չէ, այլ նաև այդ ակցիայի անհրաժեշտությունը կար:
«Հստակ է, որ Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների կողմից բողոք էր ներկայացվել իրենց ապրելու պայմանների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է գարշահոտության վերացման պահանջին, ինչի համար բողոքի ակցիաներ էին արել, ընդհուպ փակել էին ճանապարհը: Եվ նման իրավիճակում որևէ ներկայացուցչական մարմին պետք է անպայման արձագանքեր, տվյալ դեպքում Երևանի ավագանին»,- ասաց նա:
Հետևաբար, ըստ Սաքունցի, «Երկիր ծիրանիի» անդամներն իրականացրել են ներկայացուցչական մարմինի գործառույթն այն տեսքով, ինչպես հարմար են գտել:
«ՀՀԿ-ականների այն գնահատականները, թե իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն, դա ուղղակի խոստովանություն է այն մասին, որ ՀՀԿ-ն բռնություն գործադրող կառույց է և բռնությունից բացի այլ կերպ հարաբերվելու ունակություն չունի ընդդիմադիրների ու քաղաքացիների հետ: Եվ այդ առումով նման գնահատականները համարում եմ փարիսեցիություն, որ դրանով փորձ է արվում ոչ միայն ստվերել «Երկիր ծիրանիի» անդամների գործողությունը, այլ նաև, այսպես կոչված, արդարացնելու սեփական անգործությունը: Մարդիկ իբր փորձում են լինել կառուցողական, իբր թե քաղաքակիրթ բոլորովին ոչ քաղաքակիրթ պայմաններում: Ոչ քաղաքակիրթ պայմաններում կառուցողականությունը ես համարում եմ հարմարվողականություն բռնությանը և ոչ քաղաքակիրթ պայմաններին»,- հավելեց իրավապաշտպանը: