Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժշկի գործի քննությունը պաշտպանի միջնորդությամբ հետաձգվում է արդեն երկրորդ անգամ
13:26, May 15, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունքԱյսօր՝ 2018 թ. մայիսի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը:
Ծննդաբերությունից ժամեր անց մահացած ծննդկանի նկատմամբ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին:
Տուժող կողմի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը:
Այսօր դատական նիստն արդեն 2-րդ անգամ հետաձգվեց Դ. Շահվերդյանի պաշտպան Արտակ Ոսկանյանի միջնորդությամբ: Պաշտպանը դատարանին տեղեկացրել էր, որ այլ դատական նիստ ունի և այս գործով դատարան չի կարող ներկայանալ, ինչը հարուցեց տուժող կողմի զայրույթը:
Տուժողի իրավահաջորդները դատարանից պահանջեցին գնահատական տալ պաշտպանի արարքին և ապահովել գործի քննությունը: Դրան դատավոր Ս. Գզոգյանը կոպիտ ձևով արձագանքեց՝ տուժող կողմի ներկայացուցչին դուրս հրավիրելով դատարանի դահլիճից:
Հաջորդ դատական նիստը 2018 թ. հունիսի 5-ին՝ ժամը 11:00-ին է: