«Ոստիկանությունում փոխվում է միայն սոուսը» (տեսանյութ)
21:32, February 16, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Ոստիկանություն2015 թվականին ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների խախտումների 304 դեպք է գրանցվել, որոնցից 201-ը հավաքների ժամանակ, 103-ը՝ անհատական։ Տվյալները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակինն են։ Իրավապաշտպան կազմակերպությունը 13 լրատվամիջոց է դիտարկել, որոնց հրապարակած տվյալներն էլ հիմք են դարձել ուսումնասիրության։
Ոստիկանական բռնություններն ու քաղաքացիների իրավունքի խախտման դեպքերը անտարբեր չեն թողել լրագրող Թեհմինե Ենոքյանին, որ որոշել է լրատվամիջոցների կողմից արձանագրած ոստիկանական բռնությունների ու քաղաքական հետապնդումների դեպքերն ամփոփել «Պարբերական հիվանդություն» ֆիլմում։
Ֆիլմի անհրաժեշտությունը հետևյալ կերպ է բացատրում։ «Եթե բռնությունների, քաղաքական հետապնդումների մասնավոր դեպքերի մասին իմանում կամ չենք իմանում, ապա ֆիլմի միջոցով հնարավոր է տեսնել, թե մենք ինչ ունենք, այսինքն՝ երկու տարվա ընթացքում ինչքան մարդ է բռնության ենթարկվել, ինչքան քրեական գործեր են կարճվել»,- ասում է լրագրողը։
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պատահական չի համարում վերջին տարիներին ոստիկանական բռնությունների նման քանակությունը։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների պնդումները, թե տարեցտարի մենք ունենում ենք ավելի լավ ոստիկանություն, ըստ նրա, հիմնավորված չեն. «Փոփոխություն չեմ տեսնում, ընդամենը սոուսն է փոխվել, բովանդակությունը մնում է նույնը»։
Իսկ ըստ պարոն Զեյնալյանի՝ ի՞նչ ելք ունեն այն քաղաքացիները, որոնք զոհ են դառնում ոստիկանական բռնությունների կամ խախտվում են իրավունքները, սակայն հայաստանյան ատյաններում չեն հասնում արդարության.
«Պետք է պաշտպանել իրավունքները ջանասիրաբար, դիմել պաշտպանության իրավական միջոցներին և իրավունքի պաշտպանությունը շարունակել իրավունքի դատարաններում, այդ թվում՝ միջազգային։ Իհարկե՝ ես չեմ կարող մարդուն արգելել դիմել իրավունքի պաշտպանության ամենահին եղանակին՝ իրավունքի ինքնապաշտպանությանը»։