Զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան գործով կկայանա հերթական դատական նիստը
22:21, February 16, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Հայկ ԽաչատրյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատական նիստ: Վերջինս մահացել է ջրծաղիկից 2011 թվականի դեկտեմբերի 30-ին:
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Մկրտչյանին և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ գործով ներգրավվել է փաստաբան Մ. Շուշանյանը, ով ներկայացնում է տուժողի իրավահաջորդ Մ. Խաչատրյանի շահերը:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 03.10.2013թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ քրեական գործի վարույթը կարճվել է:
Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, որը 2015 թվականի մայիսի 21-ին որոշել է բեկանել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Հավելենք, որ կողմերը դիմել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարան, որը, սակայն, բողոքները վարույթ չի ընդունել: