Վերաքննիչը գտավ, թե իբր Գայանե Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների գործողություններն իրավաչափ են եղել
18:48, May 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Տեղաշարժի ազատություն | Գայանե Առուստամյան2016 թ. մայիսի 2-ի որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի որոշման դեմ, որով մերժվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի կողմից ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացված բողոքը:
Այս որոշմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ՝ համարելով, որ Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ ևս ոստիկանության աշխատակիցները չեն անցել պաշտոնեական լիազորությունները, և նրանց գործողությունները եղել են իրավաչափ:
Անդրադառնալով տուժող կողմի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու համար Գայանե Առուստամյանի ներկայիս առողջական խնդիրների և ոստիկանության աշխատակիցների արարքի միջև կապը, Դատարանն արձանագրում է, որ վերոնշյալը բավարար չափով փաստարկված չէ՝ վկայակոչելով փորձագետի ցուցմունքը՝ դրա վերաբերյալ:
Այսպիսով՝ Դատարանը համարում է, որ Գայանե Առուստամյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում առկա եզրահանգումներն անհիմն են, և բողոքը ենթակա է մերժման:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշման դեմ կներկայացվի վճռաբեկ բողոք:
Հիշեցնենք, որ Գ. Առուստամյանը 2015թ. մայիսի 7-ին ՀՀ Ոստիկանության աշխատակցին վիրավորելու պատճառով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին, որտեղ Գ. Առուստամյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորվել է անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, կիրառվել ֆիզիկական ուժ, որի պատճառով Գ. Առուստամյանն ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության արդյունքում, սակայն, վարույթն իրականացրած Ա. Թադևոսյանը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Քննիչի վերոնշյալ որոշումը բողոքարկվել է նախ վերադասության, ապա դատական կարգով: