Պաշտպանը միջնորդեց հարցաքննել ԱԱԾ ևս մեկ աշխատակցի
11:48, September 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կարեն Քյուփելյան2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի, քննության առնվեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Դատարանը մեղավոր էր ճանաչել Հ. Մազմանյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման մեջ և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրան ազատել քրեական պատասխանատվությունից:
Բողոքի քննությանը ներկա էին ամբաստանյալ Հ. Մազմանյանը, նրա պաշտպան Տ. Հակոբյանը, գործով մեղադրող Ա. Շահբազյանը, տուժող Կարեն Քյուփելյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Ամբաստանյալի պաշտպան Տ. Հակոբյանը որպես բողոքի հիմնավորում նշեց, որ Հ. Մազմանյանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտ չի հանդիսանում, վերջինս կատարել է իր վերադասի հրամանը: Պաշտպանի կարծիքով՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հիմք են դատական ակտը բեկանելու համար:
Եվ մեղադրող Ա. Շահբազյանը, և տուժող կողմը անհիմն համարեցին վերաքննիչ բողոքը՝ շեշտելով, որ պատշաճ դատաքննության արդյունքում հիմնավորվել է առաջադրված մեղադրանքում Հ. Մազմանյանի մեղավորությունը:
Ի պատասխան Դատարանի՝ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների վերաբեյալ հարցին՝ Տ. Հակոբյանը միջնորդեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել նաև ՀՀ ԱԱԾ աշխատակից Է. Նանյանին՝ տուժողին բերման ենթարկելու, նրա՝ ՀՀ ԱԱԾ վարչական շենք մուտք գործելու և այնտեղ գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու համար, ինչը հնարավորություն կտա ապահովել գործի բազմակողմանի քննությունը:
Տուժող կողմը, նշելով, որ հաստատված է համարում Հ. Մազմանյանի մեղավորությունը կատարված արարքում, չառարկեց ներկայացված միջնորության դեմ՝ հաշվի առնելով, որ նույնաբովանդակ միջնորդությամբ դատարանը գործով որպես վկա հրավիրել և հարցաքննել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Տ.Աղաջանյանին, ինչպես նաև՝ կարևորելով Է. Նանյանին հարցաքննելը՝ պարզելու համար՝ արդյոք Հ. Մազմանյանին հրահանգ է ներկայացվել Կ. Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում պահելու համար:
Դատարանը միջնորդության վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ համարեց ուսումնասիրել գործի նյութերը և Է. Նանյանի նախաքննական ցուցմունքները և հետաձգեց միջնորդության քննարկումը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2016 թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին:
Հիշեցնենք, որ Կ. Քյուփելյանը 2007 թ. նոյեմբերի 1-ին ժամը 18:00-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Է. Ն.-ի., Հ. Մ.-ի և ՀՀ ԱԱԾ ևս մեկ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, ուր տեղափոխվել է 19:00-ի սահմաններում: Կ. Քյուփելյանը ՀՀ ԱԱԾ վարչական շենք տեղափոխվելուց հետո շուրջ մեկ օր՝ մինչև 2007 թ. նոյեմբերի 2-ը՝ 17:00-ի սահմանները, պահվել է այնտեղ: