Օձունի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով
13:17, February 17, 2016 | Նորություններ, Սեփական լրատվությունԱնհայտ կորած անձանց խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ նրանց հարազատների կողմից, սակայն սկսած 1992թ.-ից մինչ օրս անհայտ կորած անձանց խնդրին լուծում չի տրվել ոչ մարդասիրական առումով, ոչ էլ, առավել ևս, իրավական առումով: Մինչ օրս անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը մնում է չլուծված, իսկ նրանց հարազատների կյանքը վերածվել է անվերջ սպասման և անհատնելի հույսի:
2016 թ. փետրվարի 12-ին Լոռու մարզի Օձուն գյուղի առաջին դպրոցի երրորդ դասարանն անվանակոչվեց 1994թ.-ի ապրիլի 20-ին անհայտ կորած Հրաչյա Սարյանի անունով: Դասարանի անվանակոչման առթիվ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ Հրաչյա Սարյանի մասին հիշողություններով և հարգանքի խոսքերով կիսվեցին Հրաչյայի ուսուցչուհիներն ու դասընկերները: Թումանյանի շրջանի երկրապահ կամավորական ջոկատի կողմից Հայաստանի երկրապահի հուշամեդալով պարգևատրվեցին անհայտ կորած Հրաչյա Սարյանի մայրը և զոհված ազատամարտիկ Արշավիր Կոստանյանի մայրը:
Անհայտ կորածների անլուծելի խնդիրը
Անհայտ կորած անձանց իրավական, սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրները շուրջ 25 տարի լուծում չեն ստանում՝ չնայած բազմիցս առաջարկություններ են ներկայացվել համապատասխան գերատեսչություններին: Մասնավորապես՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակված «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը, որը վերջնական և համակողմանի լուծում էր առաջարկում անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդրիներին:
«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի շուրջ կազմակերպվել են համատեղ քննարկումներ, կատարվել են մի շարք փոփոխություններ, լրացումներ, օրենքի նախագիծը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, բերվել վերջնական տեսքի:
Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են դեռւս 2011թ-ի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ վերջնականապես ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով: Նախագծի մշակման ընթացքում Միջազգային կարմիր խաչի կոմիտեն ցուցաբերել է փորձագիտական աջակցություն: Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի վերջնական ներկայացման վերաբերյալ որեւէ առաջընթաց չկա, օրենքի ընդունման վերաբերյալ առաջարկությունները չեն ներառվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրում, իսկ արդեն այս հարցը իշխանությունների կողմից չկարեւորելու վերջին դիրքորոշումը՝ օրենքի նախագծի ընդունումը ոչ հրատապ համարելն է, որի մասին ՀՔԱ Վանաձրի գրասենյակը տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարության 2015 թ-ի օգոստոսի 4-ի գրությամբ:
Այսպիսով՝ 2005 թ.-ից Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարություններում դեգերող օրենքի նախագծի ճակատագիրը 90-ականներին անհետացած անձանց ճակատագրերի նման մնաց անորորշ…
Ոչ պակաս անորոշ է նաև անհայտ կորած անձանց ընտանիքների ճակատագիրը:
Լոռու մարզի Օձուն գյուղում է բնակվում 1994 թ.-ին անհայտ կորած Հրաչյա Սարյանի ընտանիքը: Կիսակառույց տանը բնակվում են Հրաչյայի հայրը, մայրը և եղբոր ընտանիքը: Նրանք փոձել են սեփական ուժերով իրենց կիսակառույցը վերանորոգել և դարձնել կեցության համար պիտանի, սակայն ոչ ընտանիքի տղամարդկանց առողջական, և ոչ էլ՝ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տվել վերանորոգել տունը: Տան օգտագործելի հատվածը մեկ սենյակն է, որտեղ էլ բնակվում է ամբողջ ընտանիքը, սակայն այդ սենյակն էլ ձնհալների և անձրևների ժամանակ դառնում է բնակության համար ոչ պիտանի: Հրաչյա Սարյանի ընտանիքն ակնկալում է պատկան մարմինների և միգուցե նաև՝ բարի մարդկանց օգնությունը…
Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2015 թ.-ի ներկայացրած տվյալների Կազմակերպության՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակներում հաշվառվել են 4496 անհայտ կորած անձինք, որոնցից 405-ը՝ Հայաստանից, 372-ը՝ Լեռնային Ղարաբաղից:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թթ. անհայտ կորածների թիվը ՀՀ-ից կազմում է 437 մարդ, որից զինծառայող՝ 224, խաղաղ բնակչություն՝ 213: ԼՂՀ-ից ընդհանուր թվով անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250՝ զինծառայող, 473՝ խաղաղ բնակիչ:
Տես նաև՝ aniarc.am