Ոստիկանությունը մնում է իշխանության գործիքը». Իրավապաշտպան (տեսանյութ)
13:38, February 17, 2016Երբեք չբացահայտվող ոստիկանական բռնությունների առկայությունը իրավապաշտպան Արթուր Սաքունցը քաղաքական նպատակներով է պայմանավորում։
«Ոստիկանությունը, ըստ էության, մնում է քաղաքական իշխանության արդյունավետ և անմիջական գործիքը, և բնականաբար՝ իրենց գործիքի անձեռնմխելիությունը պետք է պաշտպանել»,- ասում է նա։
Պարոն Սաքունցը համոզված է՝ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի մասին կարելի է խոսել այն պարագայում, երբ իրավապահ համակարգը պատշաճ արձանագրի ոստիկանների կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը ու համապատասխան գնահատականի արժանացնի։
Իրավապաշտպանին մտահոգում է հանգամանքը, որ, ի տարբերություն քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ «բռնությունների» դեպքերն արձանագրելուն, պետությունը ձեռնպահ է մնում կազմել վիճակագրություն հակառակի՝ ոստիկանական բռնությունների մասին. «Պետության պարտավորությունն է հանդիսանում իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերով վիճակագրության վարումը»։
Ըստ նրա՝ ոստիկանական համակարգում բարեփոխումների արդյունավետությունը կախված է նաև հանգամանքից, որ այդ կառույցի ներկայացուցիչները մասնակցեն իրենց իսկ գործողությունների վերաբերյալ քննարկումներին՝ առերեսվելով սեփական գործողություններին։