«Պարզ է, որ իշխանությունն իր կենսական շահերի համար պատրաստ է ամեն ինչի». Արթուր Սաքունց
12:59, April 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
– Պարո՛ն Սաքունց, հազարավոր մարդիկ դուրս են եկել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ժամեր առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ ձայնային նռնակներ օգտագործեց, որի հետևանքով տուժեցին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ոստիկաններ: Ո՞ւր կտանի այս ամենը, որքան հեռու է պատրաստ գնալ իշխանությունը։
– Մինչև այժմ ոստիկանության գործողությունները, նկատի ունեմ ոչ միայն այս խաղաղ ցույցերի ժամանակահատվածում, այլև անցած ամբողջ ժամանակահատվածում, եղել են անկանխատեսելի։ Այսինքն՝ ոստիկանությունը շարժվել է ոչ թե օրենքի շրջանակներում, այլ ըստ քաղաքական անհրաժեշտության։ Եվ այսօր հերթական անգամ, չնայած նախորդ երեք օրերի պատկերին, երբ ըստ էության ոստիկանությունը բավական հանգիստ էր իրեն պահում և ոչ համաչափ, անհիմն, ոչ իրավաչափ գործողություններ չէր կատարում խաղաղ ցուցարարների նկատմամբ, այսօր հերթական անգամ ցույց տվեց իր դեմքը Ազգային ժողովի մատույցներում՝ գրողների միության շենքի հարևանությամբ, օգտագործելով հատուկ միջոցներ, որոնց կիրառման արդյունքում կան վիրավորներ, այդ թվում նաև՝ ոստիկանության աշխատակից, նաև Նիկոլ Փաշինյանը, որին բժշկական օգնություն է ցուցաբերվել, և հիմա նա հրապարակում է։
Կրկնում եմ՝ որևէ հիմք չկար հատուկ միջոցներ կիրառելու։ Այսինքն՝ երթը լիովին խաղաղ էր, բոլոր պնդումները, թե իբր բախումներ են եղել ոստիկանության հետ, իրականությանը չեն համապատասխանում։ Առաջին շարքում Ազգային ժողովի չորս պատգամավորներն էին, և մինչ երթը Նիկոլ Փաշինյանն էլ հրապարակավ հայտարարեց, որ իրենք բաց ձեռքերի մոտեցումը որդեգրած շարժում են։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ առանձին անձանց կողմից կլինեն այդ սկզբունքից շեղումներ կամ ոտնձգություններ կամ քայլեր ոստիկանների նկատմամբ, ապա ոստիկանները պետք է նման անձանց առանձնացնեն՝ ապահովելու խաղաղ հավաքի շարունակությունը և անվտանգությունը։ Մինչդեռ ոստիկանությունը բացարձակապես անհամաչափ և առանց որևէ իրավական հիմնավորման կիրառեց հատուկ միջոցներ, որի հետևանքները մենք տեսնում ենք, բավականին մտահոգիչ են։ Հետագա իրադարձությունները, եթե նույն տրամաբանությամբ շարունակվեն, այսինքն՝ շարունակվեն բռնությունները, իսկ ես տեսնում եմ, որ ոստիկանությունը տարածել է այդ հայտարարությունը, ամբողջությամբ ապօրինի է, միանշանակ ոչ իրավաչափ և անհամաչափ է։
– Իշխանությունը ցույց է տալիս, որ որևէ բանի առաջ կանգ չի՞ առնելու։
– Պարզ է, որ իշխանությունն իր կենսական շահերի համար պատրաստ է ամեն ինչի։ Միաժամանակ տեսնում ենք, որ իշխանությունը իր քաղաքացիների հետ շարունակում է խոսել միայն մեկ լեզվով, երբ հարցը վերաբերում է իր կենսական շահերին, իսկ իշխանության կենսական շահերից դուրս մնացած հարցերը նրա համար երկրորդական-երրորդական նշանակության հարցեր են, այդ իբրև թե երկխոսության փաստերը իմիտացիա են, ձևական նշանակություն ունեն, որովհետև, ըստ էության, իշխանության քաղաքական վարքագիծը որևէ կերպ փոխվելու մտադրություն չունի։
– Պարո՛ն Սաքունց, նրանք Ազգային ժողովի պատգամավորին չթողեցին Ազգային ժողով մուտք գործել։ Սա ինչի՞ մասին է վկայում։
– Սա խոսում է այն մասին, որ մենք իրապես գործ ունենք ոստիկանապետության հետ, երբ այսօր արդեն որոշ տեղեկություններ տարածվեցին, որ իբրև ՀՀԿ պատգամավորներն ազատ մուտք են գործել Ազգային ժողով, որևէ խնդիր չեն ունեցել, բայց բանից պարզվում է, որ ընդդիմության պատգամավորները Ազգային ժողով մուտք գործելու հնարավորություն չունեն։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, ոստիկանապետությանը բնորոշ, երբ ոստիկանները կարող են Ազգային ժողովի պատգամավորին թույլ չտալ մտնել Ազգային ժողով, ավելին՝ այնպիսի միջոցներ կիրառել, որից Ազգային ժողովի պատգամավորը վնասվի։