Հատուկ միջոցների կիրառման մասին ցուցարարները չեն զգուշացվել
13:39, April 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրվա ողջ ընթացքում ոստիկանությունը նախազգուշացնում էր, որ ստիպված է լինելու ուժի միջոցով դադարեցնել հավաքը, և երեկոյան հատուկ միջոցներ կիրառվեցին: Առողջապահության նախարարության տվյալներով, Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որոնցից 6-ը ոստիկաններ են։ Պաշտոնապես չի հաղորդվում, թե արդյոք հատուկ միջոցների կիրառումն է եղել վնասվածքների պատճառը:
Նախարարության տվյալներով, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ: Ոստիկաններից մեկին, որն ամենավատ վիճակում էր, վիրահատեցին երակի կտրվածքի պատճառով: Բաղրամյան պողոտայում հավաքվածների շրջանում տեղեկություն է տարածվել, որ ոստիկանությունը «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Լուսաձայնային նռնակները ոստիկանության կողմից կիրառվում են իրավախախտների հոգեկամային կայունությունը անսպասելի ձայնային և լուսային ներազդման միջոցով ճնշելու համար: Ազդեցության այս հիմնական գործոնները բերում են նրան, որ պայթյունի կենտրոնին մոտ գտնվող անձինք ժամանակավոր կուրանում, կամ խլանում են, կորցնելով դիմադրելու կարողությունը: Անձը կարող է փափուկ հյուսվածքների վնասում ստանալ, արյունազեղումներ և մեխանիկկան այլ վնասվածքներ:
«Հելսինյկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթոււր Սաքունցը, որը պայթյունների պահին Բաղրամյան պողոտայում է եղել, Forrights. am-ի հարցերին պատասխանելով, ասաց.
«Հատուկ միջոցներ կիրառելու որևէ հիմնավորում չկա: Նախ, մինչև դրանց կիրառելը պետք է զգուշացնեին քաղաքացիներին, երկրորդն էլ՝ պետք է իրապես զանգվածային անկարգություններ լինեն կամ հարձակում ոստիկանների վրա, զինված դիմադրություն, և այլն, իսկ տվյալ դեպքում մենք խաղաղ կանգնած էինք, մեկ էլ սկսեցին նռնակներ նետելը»:
Ըստ իրավապաշտպանի, ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն. ՙՙԿարծում եմ, պետք է քրեական գործ հարուցվի պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու, ինչպես նաև ուժի անհամաչափ կիրառման փաստերով՚՚:
Հիշեցնենք, որ «Զարյա» տեսակի նռնակների գործադրման արդյունքում 2008 թվականի մարտի մեկին զոհվել էր ոստիկանության կապիտան, մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը: Ըստ դատաբժշկական եզրակացության, Հ. Թադեւոսյանի հագուստների վրայի վնասվածքները բեկորային բնույթի են՝ առաջացած բեկորացման ենթակա ամուր պատյան ունեցող պայթուցիկ սարքի պայթյունից, որը պայթել է Հ. Թադեւոսյանի ոտքերի մոտ:
Հետագայում, Նիկոլ Փաշինյանի գործով դատաքննության ժամանակ, /նրան մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանք էին առաջադրել/ փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ապացուցեցին, որ Համլետ Թադևոսյանը սպանվել է ոստիկանների կողմից օգտագործվող «Զարյա» տեսակի նռնակից:
Երվանդ Վարոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջին գրառում էր կատարել. 2008 թվականից ի վեր ոստիկանությունը հատուկ միջոց կիրառել չսովորեց: