Անպատժելիությունն ամենամեծ խնդիրն է խոշտանգումների գործերով
13:40, July 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի ու Վրաստանի ՄԻ պաշտպաններն այսօր` 2016 թ. հուլիսի 16-ին, մարդու իրավունքների խախտման դեպքերի կանխարգելման փորձի փոխանակման էին հրավիրել միջազգային ու տեղական, ինչպես նաև պետական կառույցների ներկայացուցիչներին:
«Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» քննարկման բացման խոսքում արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ՔԿՀ-ներում խնդիրները բազում տարիների վաղեմություն ունեն՝ 100 տարվա պատմություն, որ այդ պրոբլեմները պետք է լուծվեն աստիճանաբար և հետևողական: Իսկ կտրուկ լուծումներն, ըստ նախարարի, կբերեն նոր ցնցումների:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ներկայացված միջազգային հանրությանը, ԵՄ-ին, քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին ու իր աշխատակազմին: ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակ մուտքագրվող բողոքների թիվը վերջին ժամանակներս եռապակվել է։ «Օրական 80 դիմում է ստացվում, ավելացել են նաև դրական ելքերով գործերը։ Սակայն դրան զուգահեռ, բնական է, ավելացել է պաշտպանի աշխատողների ծանրաբեռվածությունը»,- ասաց Արման Թաթոյանը։
ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ու ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասինն ընդգծեցին մարդու իրավունքների խախտումների կանխարգելման ոլորտում Հայաստանում նոր իրավիճակին համահունչ արդյունքներ գրանցելու համոզմունքի մասին:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով մեր երկրում եռօրյա այցով գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան շեշտեց, որ «ուս ուսի պիտի տանք ու միասին աշխատենք»՝ տեղեկացնելով՝ Արման Թաթոյանի նշանակումից ի վեր ունեցել են ակտիվ համագործակցություն:
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը շեշտեց խոշտանգումների զոհերի պաշտպանության ու վերականգնման կարևորությունը: Անդրադարձավ 18-21 տարեկանում պատժի առավելագույն չափի դատապարտվածների զինվորական գործերին, դրանցով հաճախ ոչ արդյունավետ քննության խնդրին, նաև բանտերում դատապարտյալների կրթության իրավունքի իրացմանը:
Արթուր Սաքունց. «Քրեակատարողական հիմնարկը չպիտի լինի պետության փրկության միակ միջոցը»
Միակ ոլորտը, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո դեռ փոփոխություն չի կատարվել ՔԿ համակարգն է. սա իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկումն է: «Բանտերում շարունակում են մնալ մարդու իրավունքների հետ կապված լրջագույն խնդիրները։ Առաջին պատճառը քրեական ենթամշակույթի չհաղթահարումն է։ Հիմա քաղաքական կամքն առկա է, բայց ՔԿ համակարգում կոռուպցիայի բացահայտման դեպքեր չունենք, գեթ մեկ կոռուպցիոն շղթա բացահայտված չէ»,-ասաց Արթուր Սաքունցը։
Մարդու իրավունքների խախտման թիվ մեկ խնդիրն, ըստ իրավապաշտպանի, կոռուպցիան է։ Դա է պատճառը, նրա համոզմամբ, որ պայմանական վաղաժակետ կիրառել-չկիրառելու հարցեր են առաջանում, բուժսպասարկման որակն է ցածր, ծանր հիվանդությունների հետ կապված հանձնաժողովի խնդիր կա։ «Այն ժամանակ չկար քաղաքական կամք, հիմա կա, բայց այս դանդաղկոտությունը չեմ հասկանում։ Քրեակատարողական հիմնարկը չպիտի լինի պետության փրկության միակ միջոցը։ Այն անձինք, ովքեր տարիներով առնչվել են ապօրինությունների, պետք է լույս տեսնեն: Այս տրամադրության փոփոխությունը, ցավոք, չի հասցվել ՔԿՀ-ներ»,-կարծիք է հայտնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Հոդվածն ամբողջությամբ՝ hetq.am