Սեպտեմբերի 15-ին խորհրդարանը ՀՀ գլխավոր դատախազ ընտրեց. ՀՀ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն է: Իրավապաշտպաններից ու փաստաբաններից NewsBook-ը հետաքրքրվեց՝ նախ ինչպե՞ս կբնութագրեն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեությունը նախկինում զբաղեցրած պաշտոններում, և ինչո՞ւ իշխանության ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:
Բոլորը մասնակից են եղել Մարտի 1-ի և դրանից հետո տեղի ունեցած գործընթացներին. ո՞վ է նոր դատախազը
22:31, September 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՀՀ Գլխավոր դատախազությունԻրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով՝ համակարգի բոլոր աշխատակիցներն էլ ներգրավված են եղել և ներգրավված են մնալու երկրում ընթացող բոլոր գործընթացներում, մասնավորապես, քաղաքական ենթատեքստով գործերի մեջ:
«Նրանք բոլորը մասնակից են եղել մարտի 1-ի և մարտի 1-ից հետո տեղի ունեցած գործընթացներին, և բոլորն իրար նման են՝ մեկը մյուսից էապես չեն էլ տարբերվում»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Իսկ թե ինչո՞ւ իշխանության ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա, Վարդան Հարությունյանը կտրուկ պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել: Նույնիսկ ինձ չի էլ հետաքրքրում, թե ով է դատախազը: Ինձ համար դա միևնույն է: Միևնույն է նաև, թե ինչո՞ւ են նրան նշանակել և ոչ մեկ ուրիշին»:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն այլ կարծիքի է: Նրա խոսքով՝ շրջանառվող թեկնածուների ցանկում, համեմատականի մեջ նայելով, Արթուր Դավթյանի թեկնածությունը լավագույնն էր:
«Համենայն դեպս, որքան առիթ եմ ունեցել նրա հետ դատարանում աշխատելու, տպավորություն է թողել մարդու, որն ունակ է լսել դիմացինին և հասկանալ դիմացինի ասածը: Ցավոք սրտի, այսօր դա կարող ենք դրական բնութագրիչ համարել, թեև, հանգամանքը պետք է բնական լիներ»,- նկատեց փաստաբանը՝ միաժամանակ դժվարանալով պատասխանել, թե ինչո՞ւ իշխանության ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա:
«Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, ով ընտրությունը կատարել է՝ ինքն ավելի լավ կարող է պատասխանել այդ հարցին»,- ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս կբնութագրեք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործունեությունը նախկինում զբաղեցրած պաշտոններում, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատեց, որ նորանշանակ դատախազին կոնկրետ գործերով միայն գիտեն:
«Հանրային ուշադրության կենտրոնում եղած Հարսնաքարի գործն էր: Շատ կարևոր գործերից մեկն է, որն ինդիկատոր է հանդիսանում»,- շեշտեց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է իշխանության ընտրությանը, նա նկատեց. «Գևորգ Կոստանյանի դեպքում առաջխաղացումը նախապատրաստված և պլանավորված էր՝ սկզբից ներգրավել որպես զինդատախազ, հետո որոշ ժամանակ անց Գլխավոր դատախազ: Ի տարբերություն Կոստանյանի՝ այս դեպքում միանգամից, առանց նախապատրաստելու տեղի ունեցավ, որովհետև իրապես անակնկալ էր Կոստանյանի՝ աշխատանքից հեռանալու փաստը: Այս դեպքում հիմքում միայն կարող էին լինել սուբյեկտիվ ինչ-որ կապերը: Օրինակ՝ Դավթյանի՝ Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ ունեցած անձնական կապերը կարող էին նշանակություն ունենալ: Վերջին հաշվով՝ դատախազությունում միայն ինքը չէ, էլի մարդիկ կան, չէ՞: Չկա որևէ հատկանիշ, որ ասես, օրինակ՝ Դավթյանը գերազանցում է մնացածներին կամ՝ հակառակը: Հարցի լուծումն այս կարճ ժամանակահատվածում միայն կարող էր լինել սուբյեկտիվ գործոնը: Եթե նրանցից ինչ-որ մեկին ճանաչում է, դա նշանակում է, որ ոչ թե գործի բերումով, այլ ինչ-որ անձնական կապերի մեխանիզմն աշխատած կլիներ»:
Արթուր Դավթյանն իր ելույթներից մեկում, չառանձնանալով նախորդ դատախազներից, նշեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
«Բացարձակ համաձայն չլինելով Արթուր Դավթյանի այդ պնդման հետ՝ ես ուղղակի չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ այսօր Հայաստանում պետական կառույցի որևէ մի աշխատակից ընդունի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Եվ առհասարակ ցանկացած պետություն պատմական կտրվածքով եթե վերցնեք, որն այս կամ ժամանակահատվածում գտնվել է այնպիսի ցավալի մի իրավիճակում, որ ունեցել է քաղբանտարկյալներ, միևնույն է, որևէ պետական պաշտոնյա չի կարող հաստատել, որ կան քաղբանտարկյալներ»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ նկատելով, որ դա բնական է՝ իրենց դիրքորոշումն է:
«Դա բոլորովին այլ խնդիր է: Քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության հարցը, ցավոք սրտի, դատախազի այս կամ այն թեկնածուով Հայաստանում չի լուծվելու, դա քաղաքական կամքի խնդիր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այն գործերում, որտեղ կա քաղաքական ենթատեքստ, որևէ ակնկալիք չունի որևէ պետական պաշտոնյայից:
«Այդ առումով որևէ դրական տեղաշարժ չի լինելու: Եթե տեղաշարժ լինի սովորական, շարքային գործերով, որոնք քաղաքական ենթատեքստ չունեն, դա չեմ բացառում, բայց քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում որևէ փոփոխություն չի լինելու»,- նշեց նա:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով էլ նման պարագայում նոր դատախազից կարելի է սպասել, որ նա շատ պարտաճանաչ կատարող դատախազ է լինելու:
«Որպես պարտաճանաչ, լավ պիոներ աչքի է ընկնելու ավելին կատարելու իր ձգտմամբ՝ քան իրենից ակնկալում են»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: