Դրամահավաքներով աղճատում են պետություն հասկացությունը. Արթուր Սաքունց
10:08, January 17, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ի պատասխան վիրավորի զինվորի համար Պնախարար Վիգեն Սարգսյանի դրամահավաքի կոչին, հանդես է եկել կոչով, որտեղ մասնավորապես ասվում է.
«2018թ․ ՀՀ պետական բյուջեն ըստ հաստատված օրենքի ունի 157 միլիարդ դրամի դեֆիցիտ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանը, երբ աղքատությունը հասնում է ընդհանուր բնակչության մինչև 30 տոկոսը, կոչ եմ անում ՀՀ Ազգային ժողովի դոլարային միլիոնատերերին իրենց կուտակած հարստության մեկ երրորդը նվիրաբերել ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավորներին, որոնք նույնպես հանդիսանում են դոլարային միլիոնատերեր իրենց կուտակած հարստության 20 տոկոսը նվիրաբերեն ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար։ Հայ առաքելական եկեղեցուն իր գանձարանի մեկ երրորդը նվիրաբերի ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար։
Ձեր նվիրատվությունը կվկայի Ձեր նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանը, կհանդիսանա Ձեր բարձր պետական մտածողության և գիտակցության արտահայտությունը։
Ձեր հայրենասիրական քայլը կգրանցվի ՀՀ ողջ պատմության մեջ որպես պետությանը աննախադեպ նվիրվածության և հայրենասիրական գործողություն։ Իհարկե այդ ամենը կամավոր հիմունքներով, բայց եզրակացությունը կարվի պարտադիր։
ՀՀ ֆինանսների նախարարությանը հորդորում եմ նշված աղբյուրներից ըստ անուն ազգանունների երեք ամիսը մեկ հրապարակել պետական բյուջեի մուտքերի մասին այդքան բաղձալի և խիստ կարևոր պետական նշանակության տեղեկատվությունը։Հարգանքներով ՀՀ քաղաքացի Արթուր Սաքունց»:
Կոչի վերաբերյալ զրուցեցինք իրավապաշտպանի հետ և հետաքրքրվեցինք, արդյոք եղել են արձագանքներ բյուջե փող ավելացնելու վերաբերյալ:
Իրավապաշտպանը նշում է, որ օրենքի ուժով հարկեր են արդեն վճարվում, դրոշմանիշային վճար ամեն ամիս 1000 դրամ, եթե լրացուցիչ գումար են ստիպում քաղաքացուն հավաքել, դա աղճատում է պետություն հասկացությունը: Ի դեպ, իրավապաշտպանը նշում է, որ 1000 դրամ դրոշմանիշային վճարի որոշումը հակասահամանդրական է համարում, այն բողոքարկման փուլում է Սահմանադրական դատարանում:
Հանրային շրջանակներում հարց է առաջանում՝ եթե բոլոր հարցերը քաղաքացիների ուսերին են ի վերջո մնում, ապա ինչի համար են անհրաժեշտ պաշտոնյաները: Արթուր Սաքունցը կարծում է, որ նման վարքը սովորացնում են ոչ թե պետության մեջ ապրելու, այլ համայնքային կենցաղին, ինչը աղճատում է պետություն հասկացությունը: