«Եվ դասադուլն էր ճիշտ, և հացադուլը, և կլոր սեղանի գաղափարին համաձայնելը ես պարտություն չեմ համարում». Արթուր Սաքունց
16:12, November 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
– Պարոն Սաքունց, նախօրեին ԱԺ ղեկավարության հետ հանդիպումից հետո տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողները դադարեցրին հացադուլն ու դասադուլը։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այդ քայլը, արդյոք դա քաղաքացիական շարժումների տեսանկյունից հերթական ձախողո՞ւմ չէր։
– Ես նման կարծիք չունեմ։ Ընդհակառակը`ես արձանագրում եմ, որ հերթական անգամ իշխանությունը բացարձակապես հաշվի չի առնում հանրային կարծիքը և նահանջ է գրանցել ժողովրդավարական չափանիշներից։ Որովհետև այն, ինչ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, միանշանակ հակասում է իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներին։ Հակասում է մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին և ուղղակիորեն տանում է դեպի միլիտարիզացիա։ Միաժամանակ, դա ոչ մի խնդիր չի լուծում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Երկրորդ` քաղաքացիական, ուսանողական շարժումը ցույց տվեց, որ ունի պոտենցիալ և ունի նաև անելիքներ, ու չնայած իշխանության բոլոր ոչ օրինական մեթոդներին, ամբողջովին գտնվում է քաղաքակիրթ տիրույթում։ Հիմա հետագա ընթացքը ենթադրում է բոլորովին այլ բնույթի գործողություններ։ Նկատի ունեմ այն, որ թեև օրենքն ընդունվել է առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, բայց օրենքը քարացած նորմ չէ, և պետք է հետամուտ լինել այդ օրենքի փոփոխմանը։ Այսինքն` շարժման բուն նպատակը պետք է լինի օրենքի փոփոխությանը հասնելը, որը ենթադրում է երկարաժամկետ, շատ ավելի համառ, շատ ավելի գրագետ աշխատանք, և ես կարծում եմ, որ ուսանողությունն ունի ներքին պոտենցիալ ու կարողություն։ Խնդիրն այս դեպքում ոչ միայն տարկետումն էր, այլև սոցիալական այն անարդարությունը, որն օրենքի մակարդակով ամրագրվում է։ Նկատի ունեմ մարտական հերթապահության կազմակերպման, չքավոր-ունևոր շերտավորումը ըստ շարքային ու սպայական կազմի և այլն։ Այնպես որ, ուսանողությունը պետք է շարունակի պայքարը, և մենք էլ, որպես քաղաքացիական հասարակության կառույցներ, մեր ունակությունն ու կարողությունը պատրաստ ենք ներդնելու այդ պայքարում։
– Այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է։ Մի կողմից իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են երկխոսության և կլոր սեղանի շուրջը նստելուն, մյուս կողմից` նշում են, որ փոփոխությունների չեն գնա, միայն օրենքի ենթագլուխների հետ կապված կարող են քննարկումներ լինել։ Ձեր կարծիքով` արդյոք այդ կլոր սեղանները կարո՞ղ են արդյունք տալ։ Չէ՞ որ մինչ այդ հանդիպել էին վարչապետի, պաշտպանության ու կրթության նախարարների հետ ու զիջման չէին գնացել։
– Այն, որ նրանք հանդիպեցին վարչապետի, պաշտպանության նախարարի, կրթության և գիտության նախարարի հետ, խոսում է երիտասարդների շարժման ներուժի մասին։ Այսինքն` երիտասարդներն այնքան ներուժ ունեն, որ իշխանությունները չեն կարող նրանց հետ հաշվի չնստել։ Պարզապես, ես պետք է հիշեցնեմ մի հետաքրքիր փաստ, որ երբ սկսվեց լեհական «Սոլիդարնոստ» շարժումը, այն ժամանակ ևս ստեղծվեց կլոր սեղան այն ժամանակվա իշխանության հետ՝ կոմունիստ Յարուզելսկիի գլխավորությամբ։ Դա մի ձևաչափ էր հարցեր լուծելու, քննարկելու համար։ Ըստ էության, հիմա ամբողջ խնդիրը պետք է դրվի այդ կլոր սեղանի աշխատանքներին պատրաստ լինելու, օրակարգը հստակեցնելու վրա և, իհարկե, դրան զուգընթաց, ժամանակ առ ժամանակ կարելի է անցկացնել նաև բողոքի ակցիաներ։ Այսինքն` սա պետք է համարել փաստ, որ իշխանությունը կլոր սեղանի է գնում, ինչը պետք է աներ մինչ այդ։ Այսինքն` այն կլոր սեղանները, քննարկումները, որը պաշտպանության նախարարը, իր կողմից ներգրավված հասարակական կառույցները իրականացնում էին, ցույց տվեց, որ դրանք ամենևին էլ իրական չեն եղել, ձևական բնույթ են կրել, ընդամենը իմիտացիայի նշանակություն ունեին, իսկ իրական կլոր սեղանը, իրական քննարկումը նոր են սկսվում։ Թեև շատերը պնդում են, թե օրենքն արդեն ընդունվել է, և որևէ քննարկում իմաստ չունի, ես կարծում եմ, որ ունի, հենց փոփոխության հասնելու համար։ Փաստն այն է, որ իշխանությունը` հանձինս այդ կլոր սեղանի, ըստ էության, ընդունել է, որ իրական քննարկումներ չեն եղել, նոր է նման քննարկում սկսվում։ Հիմա արդեն հարցը վերաբերում է կլոր սեղանի մասնակիցների պատրաստվածությանը, գրագիտությանը, սկզբունքայնությանը, հետևողականությանը, համառությանը։ Մենք մեր կողմից պատրաստ ենք մեր փորձագիտական կարողությունը ներդնելու, աջակցելու կլոր սեղանի մասնակից ուսանողներին։
– Իսկ ընդհանուր առմամբ, արդյոք ուսանողների պայքարում չկայի՞ն մարտավարական սխալներ, հաշվի առնելով, որ նախկինում էլ քաղաքացիական շարժումների պարտության պատճառներից մեկը եղել է հենց իշխանության հետ փոխզիջման գնալը։
– Ձախողման պատճառը կոմպրոմիսը չէ, այլ այն, որ օրակարգը չեն պահել, այսպես կոչված օրակարգից հոգնել են, հետևողականություն չեն ցուցաբերել, հաշտվել են արդեն դե ֆակտո փաստի հետ։ Այս դեպքում, որքան ես եմ հասկանում, ուսանողությունը փաստի հետ չի հաշտվել, որովհետև եթե հաշտված լիներ, ապա չէր գնա կլոր սեղանի։ Սա քաղաքացիական շարժման նոր որակ և նոր մակարդակ է, նոր հնարավորություններ, իսկ թե դրանից որքանո՞վ կօգտվի երիտասարդությունը, դա կախված է շարժման նախաձեռնողների գրագիտությունից, աշխատանքների հետագա կազմակերպումից։
– Այսինքն՝ ճի՞շտ եք համարում դասադուլն ու հացադուլը դադարեցնելը և փոխզիջման գնալը։
– Եվ դասադուլն էր ճիշտ, և հացադուլը։ Դա այն էր, ինչ հնարավոր էր, և կլոր սեղանի գաղափարին համաձայնելը ես պարտություն չեմ համարում։
– Իսկ ինչո՞ւ չեղավ համաուսանողական պայքար, ինչո՞ւ տարբեր բուհեր չմիացան։
– Այնպես չի, որ ոչ ոք չմիացավ, կոնսերվատորիայի ուսանողները միացան։ Այնպես չի, որ ցուցարար ուսանողները բոլորը մի բուհից էին։ Մենք չենք եղել բոլոր բուհերում, որ տեսնենք, թե քանի ուսանող էր ներկա դասերին։ Մյուս կողմից` դասադուլը չի ենթադրում, որ բոլորն անպայման պետք է մասնակցեն ցույցերին։ Կարող է դասադուլի մասնակիցների թիվն ավելի մեծ լինել, քան երթի մասնակիցներինը։ Դրան գումարած 120 երիտասարդ գիտաշխատողներ, դասախոսներ աջակցեցին ուսանողներին։