ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ
16:50, December 17, 2014 | Մամլո հաղորդագրություններ | Քաղաքացիական վերահսկողություն2015թ. հունվարի 22-ին Հայաստանը Ժնևում ներկայացնելու է իր համընդհանուր պարբերական զեկույցը՝ կապված Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հետ մարդու հիմնարար իրավունքների ոլորտում։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ) այնքան էլ արդյունավետ իրավապաշտպան մեխանիզմ չէ ասում է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքերով՝ զեկույցում մեր երկրի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ հարցեր հավուր պատշաճի չեն ներկայացվում։
Հիշեցնենք, որ 2010թ-ից Հայաստանը միացել է միջազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կողմից ստեղծված կառույցին, որի շրջանակներում մոտ 192 երկիր 4.5 տարին մեկ անգամ կանչվում է հաշվետվության։
Այս անդամակցության հիմքում ընկած է կամավորության սկզբունքը: Պետությունը պատրաստակամություն է հայտնում վերցնել իր վրա պարտավորություններ մարդու իրավունքների ոլորտում առկա որոշակի խնդիրների շտկման առումով և իրականացնել համապատասխան քայլեր այդ ուղղությումբ:
«Օրինակ, 2010-ը շատ ծանր տարի էր, բոլորս հիշում ենք, մենք ունեինք բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ,10 հոգի էր սպանվել մարտի 1-ին, և մերոնց զեկույցը, որ արվեց Ժնևում՝ մայիսին, ջանում էին շրջանցել այդ թեմաները և ջանում էին քաղբանտարկյալներին ներկայացնել որպես քրեական հանցագործներ»,-ասում է նա։
Այդ մասին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ասաց «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած դեկտեմբերի 17 քննարկման ժամանակ, որը նվիրված էր «Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում. Համընդհանուր պարբերական դիտարկում» թեմային:
Քննարկմանը մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ջատագովության համակարգող Հովհաննես Մադոյանը և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Տվյալ կազմակերպությունները դեկտեմբերի 2-ին Ժնևում ներկայացրել են Հայաստանում, մարդու իրավուքների իրավիճակի մասին զեկույցների նախալսումների շրջանակներում այլընտրանքային զեկույցները տվյալ պետություններում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին:
Հայաստանը 2010 թ. ՀՊԴ մեխանիզմով ստանձնած պարտավորություններից որոշները դեռ չի կատարել:
Երևանը ստանձնել է պարտավորություն ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք, սակայն օրինագիծը մերժվեց 2013 թ. Ազգային ժողովի կողմից:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հարցում կա դիմադրություն Հայաստանի կառավարությունում: «ՀՀ կառավարությունը պնդում է, որ այդ հարցը լուծված է Քրեական օրենսգրքի շրջանակներում, սակայն իրականում այն չի կարող կարգավորել տվյալ հարցը: Օրենքի ընդունում ենթադրում է ոչ միայն ընտանեկան բռնությունների դեպքերի վեր հանում և բացահայտում, այլև՝ կանխարգելում», – նշեց Այվազյանը:
Իրավապաշտպանները ընգծում են, որ մարդու իրավունքների առումով Հայաստանում շարունակվում են արդիական մնալ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ:
«Մենք ունենք մեծագույն խնդիրներ արդարադատության ոլորտում, որտեղ պետք է վերականգնվեն մարդու խախտված իրավունքները: Դատական իշխանության կախվածությունը մնում է խնդիր: Խնդիր է, որ դատավորները նշանակվում են երկրի նախագահի կողմից …», – ասում է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանը:
Ամփոփելով քննարկումը բանախոսները կարծիք հայտնեցին, որ Հայաստանի հասարակության մեծ մասը տեղեկացված չէ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմի մասին և այն հանրամատչելի ներկայացնելու կարիք կա: