Անապահով ընտանիքից զինվորը ՝ հակառակորդի նշանառության տակ. Ըստ իրավապաշտպանների, պաշտոնյաների զավակներն հեռու են առաջնագծից
21:44, January 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինված ուժերԵրբ ամիսներ առաջ ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, թե մարտական առաջին գծում գեներալի՝ արցախցի բարձրաստիճան պաշտոնյայի որդի է ծառայում, իսկ սեպտեմբերին զոհված երկու զինծառայողներն էլ բավականին բարձրաստիճան սպաների զավակներ էին, շատերը թերահավատությամբ վերաբերեցին նրա այս գրառմանը կամ էլ համարեցին, որ դա ընդհանուր կանոնից բացառություն է:
Հայաստանյան հասարակությունում շարունակում է գերակայող մնալ այն համոզմունքը, որ պաշտոնյաների զավակները այս կամ այն ճանապարհով կարողանում են խուսափել զինվորական ծառայությունից կամ էլ այն անցկացնում են տաքուկ, անվտանգ վայրերում՝ ի տարբերություն հասարակ ընտանիքների երեխաների։
Իրավապաշտպանները նշում են, որ եթե նույնիսկ էլիտայի ներկայացուցիչների երեխաները զորակոչվում են բանակ, ապա նրանք երբեք չեն հայտնվում առաջին գծում՝ հակառակորդին դեմ հանդիման։ Արշակ Զաքարյանի այս գրառմանն ի պատասխան սոցիալական ցանցերում մարդիկ ներկայացնում էին իշխող Հանրապետականի երիտասարդ ու կարկառուն ներկայացուցիչների ցուցակը, ովքեր բանակում չեն ծառայել։ Ցուցակում ներառված են ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, պատգամավոր Կարեն Ավագյանի, կրթության նախարար Արմեն Աշոտյանի և այլոց անունները։
Պաշտոնյաների զավակների ծառայել-չծառայելու հարցին հաճախ ստիպված են լինում անդրադառնալ նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարները։ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը հունվարի 8-ին՝ ձմեռային զորակոչի մեկնարկին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ծառայության վայրի վիճակահանությունը օգնում է հասարակություն մեջ առկա կասկածների փարատմանը։
«Որպեսզի հասարակությունը, զինապարտները վստահ լինեն, որ իրենք են ընտրում իրենց ծառայության վայրը, մենք գնում ենք վիճակահանությանը և դեռևս շարունակելու ենք այնքան ժամանակ, երբ կփարատվեն բոլոր կասկածները զորակոչի հետ կապված»,- ասաց Հակոբյանը։
Նա պնդեց, որ պաշտոնյաների զավակները ևս ծառայում են, սակայն երբ լրագրողները փորձեցին նրանցից անուններ իմանալ, ասաց՝ ինքը «պաշտոնյաների տղաների հաշվառմամբ չի զբաղվում»։
«Ես զբաղվում եմ ամբողջ Զինված ուժերի զորակոչի հաշվառմամբ, և ինչպես տեսնում եք, բոլոր զորակոչիկներն են էստեղ, ես չեմ կարող տարանջատել պաշտոնյայի տղա է, թե ոչ պաշտոնյայի։ Վիճակահանության կարգով իրենք բոլորը ընտրում են իրենց ծառայության վայրը։ Այս գործընթացը նաև ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև մենք գտել ենք, որ զորակոչի կազմակերպումը որոշակի կոռուպցիոն ռիսկեր ունի և հենց այս վիճակահանության կարգը հաստատելը ուղղված է ռիսկերը նվազեցնելուն։ Այս հիմնախնդրի վերջնական լուծելը դեռևս չեմ կարող վստահեցնել, բայց միջոցառումներն իրականացվում են, ես շրջանակները չբացեմ, որովհետև դա իրականացնում ենք որոշակի գաղտնիությամբ, վստահեցնում եմ, որ այդ ռիսկերը ևս զրոյական են լինելու»։
Պաշտոնյաների զավակների զինծառայության հարցին մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել անդրադառնալ նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով նշել է, թե բանակում են ծառայում իր և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների որդիներ։ Այլ ոլորտներում աշխատող պաշտոնյաների անուններ նա չի հնչեցրել։
Զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ղեկավար Էդգար Խաչատրյանը «Մեդիալաբին» ասում է՝ ՀԿ-ները որևէ մեխանիզմ չունեն վերահսկելու պաշտոնյաների զավակների զինծառայությունը, քանի որ ինքնին Պաշտպանության նախարարությունը փակ կառույց է։
«Մեզ համար բավականին բարդ է նման տեղեկություն ստանալը, գաղտնիության հիմնավորման հիմքով որևէ նման մեխանիզմն չկա, որպեսզի վերահսկենք կամ իմանանք, թե քանի պաշտոնյայի երեխա է ծառայում, ով որտեղ է ծառայում և այլն»,- ասում է նա։
«Բայց մահվան դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի պաշտոնյայի երեխա չի մահացել։ Մեր տեղեկություններով՝ կոնկրետ ոչ մի պաշտոնյայի երեխա չի ծառայում առաջին գծում»,- հավելեց Խաչատրյանը։
Մինչդեռ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում ընդգրկված և խորհրդին կից ստեղծված զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հովնանյանը պնդում է, որ կան բազմաթիվ հայրենասեր պաշտոնյաների զավակներ, ովքեր ծառայում են բանակում և շատ լավ են ծառայում։
«Պետք չի ընդհանրացումներ անել ողջ համակարգի մասին։ Ամեն մի սոցիալական խմբի մեջ էլ կան մարդիկ, որ ուզում են ինչ-որ բաներից խուսափել։ Եթե Աստված չանի, որևէ պաշտոնյայի զավակ զոհվի, մենք դրանից ուրախանալո՞ւ ենք։ Իհարկե, ոչ, բոլորն էլ մեզ համար հավասարապես թանկ են»,- «Մեդիալաբին» ասում է նա։
Հովնանյանը կարծում է, որ մամուլը հաճախ շահարկում է այս փաստը, իսկ պատճառը, որ զոհերի թվում երբեք պաշտոնյաների զավակները չեն լինում, ըստ նրա, այն է, որ պաշտոնյաների թիվը փոքր է։
«Եթե համամասնաբար վերցնեք և դիտարկեք հասարակությունը, անապահով կամ սովորական, նորմալ ապրող բազմազավակ ընտանիքները շատ ավելի շատ են, իհարկե, այդ համամասնությամբ պիտի դիտարկել այս խնդիրը։ Ապահովված և էլիտար խավը ավելի քիչ տոկոս է կազմում»,- ասում է նա։
Վերջին բոլոր զոհերի դեպքում զինվորները չունևոր ընտանիքներից էին սերում։ Մեկի ծնողներն էին Ռուսաստան մեկնել գումար աշխատելու համար, մյուսը ժամկետային ծառայությունից հետո ընտանիքի միակ կերակրողը պիտի դառնար, երրորդի ընտանիքում էլ ստիպված էին պատահական գործեր կատարել՝ օրվա ապրուստը վաստակելու համար։
Համաձայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի ուսումնասիրության՝ 2015 թվականին արձանագրվել է զինծառայողների մահվան 76 դեպք։
Մահվան դեպքերից 41-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայության կանոնների խախտման), 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու (1-ը՝ մարտական ծառայության կանոնների խախտման), 21-ը՝ դժբախտ պատահարի (19 ավտովթար, 1 նռնակի պայթյուն, 1 դեռևս չճշտված հանգամանքներ), 4-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են: Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 41 մահացության դեպքից 34-ը տեղի են ունեցել Ղարաբաղի, իսկ 7-ը՝ Հայաստանի տարածքում:
Երբ լրատվամիջոցները գնում են զոհված զինծառայողների մահվան դեպքերի հետքերով, ամեն անգամ պարզվում է, որ նրանք հասարակ, անապահով ընտանիքների զավակներ են, որ ծառայում էին շփման գծում՝ ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ։
Այսպես, դեկտեմբերի 25-ին դիպուկահարի կրակոցից զոհված վանաձորցի 18-ամյա Կարեն Աքուլյանի ուսուցիչն ասել է, որ ընտանիքի միակ արու զավակը անապահով ընտանիքից էր։ Ըստ ուսուցչի, տղային այնքան էր անհանգստացրել ընտանիքի սոցիալական վիճակը, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ցանկացել է թողնել ուսումը, որ կարողանար աշխատել ու ընտանիք պահել, բայց դասղեկը համոզել է նրան շարունակել ուսումը:
«Շատ խելոք էր, միշտ մտավախություն ունեի, որ իրեն հանկարծ չշահագործեն, մի շառի չգա: Ուզում էի աչքիս առաջ լիներ: Շատ-շատ եմ ցավում, էս կյանքից էդ երեխեն ոչ մի լավ բան չտարավ, որ ասես՝ ինչ-որ հաճույքներից օգտվել է, չէ»,- ասել է ուսուցիչը:
Սոցիալապես անապահով ընտանիքից էր նաև նոյեմբերի 12-ին Ղարաբաղում զոհված Վահե Վանոյանը։ Շիրակի մարզի Արևիկ գյուղից զորակոչված երիտասարդին ընդամենը մեկ ամիս էր մնացել ավարտելու ծառայությունը։ Արևիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը զինվորի ընտանիքի մասին պատմում է, որ նրանք անապահով են, օրվա հացը վաստակում են գյուղատնտեսական աշխատանքների շնորհիվ։
Նույնը պատմում է նաև Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետը դեկտեմբերի 4-ին սպանված Էդիկ Գրիգորյանի մասին։
«Հինգ երեխա են, հայր չունեն, մահացել է, չարչարվող, ապրող մարդիկ են՝ բոստանով, հայաթով, հողով։ Որ տարին ուժերը ինչքան պատեր։ Կարելի է ասել անապահով ընտանիք է»։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը ասում է՝ զոհված զինվորների դեպքում այդ սոցիալական անհավասարությունը հատկապես ցցուն է դառնում։ Ալեքսանյանը, ով նախկինում նաև որպես լրագրող է բանակի խնդիրները լուսաբանել, ընդգծում է՝ մարդկանց տունը քանդվում է, երբ զոհվում է ընտանիքի միակ արու զավակը, ով պետք է շարունակեր այդ ընտանիքի հոգսը հոգալը։
«Խեղճ ընտանիքներ, որոնց մեկը երկուս չի դառնում։ Երիտասարդ մայրեր, որ կորցնում են իրենց զավակներին։ Գիտեք, հատկապես գյուղերում մեծ հույսեր է կապում ընտանիքը տղայի հետ, բայց 36 տարեկան մայր, 39 տարեկան մայր, որ առաջին երեխային է կորցնում… էդ ընտանիքները քանդվում են, քիչ ընտանիքներ են, որ ունեն էլի տղաներ, շատ եմ գնացել, շատ մեծ ողբերգություն է, այդ մարդկանց տունը քանդվում է ընդմիշտ»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը։
Ալեքսանյանը համոզված է, որ մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաները կարողանում են իրենց զավակներին հեռու պահել առաջնագծից ու թշնամու գնդակներից։
«Եթե կան պաշտոնատար անձինք՝ նախարարներ, փոխնախարարներ և այլն, որ ասում են, թե իրենց զավակները ծառայում են, դա նշանակում է, որ նրանք պարզապես ձևակերպված են, նրանք չեն ծառայում, եթե կան նույնիսկ տղաներ, որ, ասենք, պաշտոնյայի, բայց ոչ բարձր պաշտոնյայի զավակ են ու ծառայում են, իրենք արտոնյալ կարգավիճակում են իրենց զորամասում։ Այդ պաշտոնատար անձանց շատերը բանակում չեն ծառայել և այդ ձևը շարունակվում է մինչև հիմա՝ նրանց զավակների պարագայում»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպանը։
Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ծառայել-չծառայելու բանավեճն ավելի թեժացրեցին նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչները՝ իրենց, շատերի համոզմամբ, ցինիկ հայտարարություններով։ Մասնավորապես, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, 1in.am-ի հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե «սահմանին շարունակ զոհվում են հայ զինվորներ, որքանո՞վ ենք ավելի անվտանգ», ասել էր.- «Կարող է դաժան բան եմ ասելու, բայց ես անկեղծ եմ ասելու, դա էլ անկախության գինն է»։
Այս հարցի շուրջ իր տեսակետն էր հայտնել նաև հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ գեներալ Սեյրան Սարոյանը՝ պնդելով, թե պաշտոնյաների և օլիգարխների զավակները չեն խուսափում զինվորական ծառայությունից։
«Ո՞վ պիտի խուսափի, ես ոչ մեկին չգիտեմ։ Չեմ բացառում, որ լինեն նման դեպքեր, բայց մեծամասնությամբ սաղ էլ ծառայում են։ Որ կռիվ էղավ, առաջինը ես եմ էթալու։ Իրանք ավելի շատ բան ունեն կորցնելու, քանց թե էն քյասիբի տղեն»,- ասել էր Սարոյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ իրենք երկու տարի առաջ Պաշտպանության նախարարությանը դիմում են հղել՝ խնդրելով տեղեկանք տրամադրել Զինված ուժերում ծառայող պաշտոնատար անձանց զավակների մասին, սակայն ապարդյուն։
«Մենք ուղղակի պատասխան չստացանք, մեզ ասացին, որ ՊՆ-ն նման հաշվառում չի իրականացնում»,- ասում է իրավապաշտպանը։
Պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունում զորակոչվում են զինվորական ծառայության ենթակա բոլոր տղաները։
«Զինակոչի ընթացքում չկա մեկ ՀՀ քաղաքացի՝ անկախ նրա քաղաքական և չգիտեմ ինչ այլ դիրքերից, ով ենթակա է զորակոչման և չի զորակոչվում»,- «Մեդիալաբին» վստահեցրեց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։