«Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. իրավապաշտպանների գնահատականը»
17:46, January 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Մամլո հաղորդագրություններ«Մեդիա կենտրոն», Հունվարի 18, Երևան: Այսօր Մեդիա կենտրոնում իրավապաշտպանների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի դատական գործի վերաբերյալ, ով հունվարի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում էր 2015-ի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով մասնակցում էր Մեդիա կենտրոնի քննարկմանը, ասաց, որ նախաքննությունը բավականին խախտումներով է ընթացել: Նախաքննության ընթացքում հարցաքննվել էին մոտավորապես 13 ոստիկան և հավաքի 13-15 մասնակից:
«Քննիչը երբ ուղարկեց դատարան, ինքը դատակոչեց միայն ոստիկան վկաներին: 14-15 վկաներին, ովքեր անմիջական մասնակից էին եղել և որոնց նկատմամբ բռնություն էր գործադրվել, իրենք չէին դատակոչվել: Այստեղից երևաց, որ քննչական մարմինը արդեն հակված է, որպեսզի գործը իր ցանկացած ուղղությամբ տանի: Դատաքննությունը նշանակվեց մի դատավորի, որը փորձված է այսպիսի գործեր վարելու մեջ և մեզ համար արդեն պարզ էր, որ պաշտպանական կողմի համար ոչ նպատահարմար ձևով է ընթանալու դատաքննությունը: Դատաքննության ընթացքում դատարանը անհասկանալի ձևով, առանց որևէ պատճառի մերժեց պաշտպանական կողմի 7 վկաների հարցաքննությունը»,-ասաց Հայրապետյանը:
Փաստաբանը որակեց դատավարության ամբողջ ընթացքը «ծիծաղելի և անհասկանալի ներկայացում»:
«Մեր կարծիքով դա ներկայացում էր, դատարանը պատվեր կատարեց: Տեսանյութի վերարտադրությունը արձանագրության տեսքով շատ կոպիտ խախտումներով ներկայացվեց դատարան, դատարանն էլ դա՝ ի գիտություն ընդունեց: Ես մտածում էի, որ դատարանը չի գնա ակնհայտ անհեթեթ դատական ակտ կայացնելուն, որովհետև տեսանկարահանված է, այսինքն, որ մի բան տեսանկարահանված է, 100 մարդ նայի այդ դրվագները, հնարավոր չի ասել, որ այդտեղ Գևորգ Սաֆարյանը կարող էր հարվածել, բայց դատարանը գնաց այդ ուղղությամբ: Համենայն դեպս պետք է սպառենք ներպետական ատյանները, որպեսզի գնանք Եվրոպական դատարան»,-հավելեց Հայրապետյանը:
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վարդան Հարությունյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասաց, որ Գևորգ Սաֆարյանը պայծառ երիտասարդ է, մարդ, որը որ մտահոգ է մեր հասարակության կամ մեր երկրի ապագայով, և երիտասարդ ակտիվիստ է:
«Իշխանությունները նրա և նրա նմանների նկատմամբ կայացնում են ոչ թե դատավճիռներ, այլ վենդետա են իրականացնում, պատժում են մարդուն, որը համակարծիք չէ իրենց հետ: Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, որը Կաֆկան կարող էր նկարագրել իր «Դատավարության» մեջ կամ որևէ մեկը այդ աբսուրդի ժանրում կարող էր նկարագրել: Բայց այդ աբսուրդը մեր կյանքն է, մեր իրականությունն է, մենք ստիպված ենք այդտեղ ապրել, և մեր ամենալուսավոր երիտասարդները ստիպված են լինել բանտերում»,-ասաց Հարությունյանը:
Քննարկման մյուս բանախոս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ սա այն եզակի գործերից է, որտեղ առավել ցայտուն երևում է ամբողջ ցինզիմը և ցինիկ վերաբերմունքը հայ հասարակության նկատմամբ:
«Դա դատավճիռ է՝ ընդդեմ խոսքի ազատության, կարծիքի ազատության: Սաֆարյանը այն ազնվագույն երիտասարդներից է, որի վերջին 4-5 տարվա կենսագրությունը վկայում է, որ ինքը բացարձակապես որևէ առնչություն չպետք է ունենար իրավապահ համակարգի հետ իր գործողություններով, իր ապրելակերպով, բայց մշտապես իր կարծիքի համար հետապնդվել է: Հիշենք իր նկատմամբ բռնությունը 2013-ի տարեվերջին, այնուհետև «100- ամյակն առանց ռեժիմի» շարժման իրադարձությունների ժամանակ, երբ էլի նրան ձերբակալեցին: Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն Գևորգ Սաֆարյանի, այլ Գևորգ Սաֆարյան հավաքական կերպարի դեմ: Սա համարում եմ հատուկ թիրախավորված պատժիչ գործողություն Գևորգ Սաֆարյան անձի և այդ վարքագիծը, մտածելակերպը, մոտեցումը ունեցող մարդկանց նկատմամբ»,-ասաց Սաքունցը:
Նա վրդովմունք հայտնեց, որ այս ամենի շուրջ իրենց քննադատությունները չեն հնչեցնում ընդդիմադիր քաղաքական ուժերը:
«Առնվազն այն ուժերը, որոնք քննադատում են իշխանություններին, ներկայանում են որպես այլընտրանք, այս պահին ամենացինիկ գործողության դեմ անհաղորդ են, չեն քննադատում այս երևույթը: Իշխանության անպատժելիությունը պայմանավորած է այդ անպատժելիության նկատմամբ հանդուրժողականությամբ»,-ընդգծե
Քննարկման մյուս բանախոս, «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանի համոզմամբ ոստիկանների գործողություններում կա հանցակազմ, և ըստ նրա, Գևորգ Սաֆարյանը չէր կարող ենթարկվել հետապնդման, այլ հակառակը՝ պետք է վերցվեր պաշտպանության իրավապահ մարմինների կողմից, պետք է պաշտպանվեր նրա արտահայտվելու ազատության իրավունքը:
«Գևորգ Սաֆարյանը խտրականության զոհ է: Նա հետապնդվել է, հալածվել է իր հայացքների համար: Հայաստանում, այս պարագայում, բացակայում է իրավական պաշտպանության միջոցը: Պետք է հենց հիմա գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ասելով, որ չկա իրավական պաշտպանության միջոց, բացառվում է, որ հնարավոր լինի ներպետական ատյաններում վերականգնել Գևորգ Սաֆարյանի իրավունքները»,-ընդգծեց Զեյնալյանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը ասաց, որ Հայաստանում շատ են եղել քաղբանտարկյալներ, որոնք ազատման ժամանակ դարձել են շատ ավելի լավ իրավաբաններ, քան նրանց մեղադրող դատախազը:
«Երեկ դրա հերթական ապացույցն էր, կեցցե՛ Գևորգը: Այս դատավարությամբ հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում դատաիրավակա համակարգի ձևական մարմիններ են գործում: Իրականում սա մի մարմին է, որոշումը մի տեղ կատարվում է և նրանք իբր թե անկախ մարմիններ են Հատուկ քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, Դատախազությունը, դատարանները, իրականում սրանք ձևական տարանջատումներ են: Երեկ ինչ-որ դատախազը ներկայացնում էր, ոնց որ ոստիկանությունը խոսեր: Որևէ տարբերություն չկա, էլ չեմ ասում դատավորի մասին»,-ասաց Իշխանյանը:
Նա որակեց Գևորգ Սաֆարյանին դասական խղճի բանտարկյալ. «Այսինքն մարդ, ով ոչինչ չի արել ու հանկարծ հայտնվում է ճաղերի ետևում և դատարանը որոշում է երկու տարի տալ»:
«Ավելացնեմ միայն Վարդան Հարությունյանի ասածին, որ եթե այն ժամանակ ապացույցների թագուհին ինքնախոստովանություն էր և հիմա ապացույցների թագուհին ոստիկանության ցուցմունքն է, ես կասեի, որ հիմա ապացույցների թագուհին իշխանության կամքն է և այդ կամքով դատավարություններ են ընթանում: Սա մեր պետության հերթական խայտառակությունն էր»,-հավելեց Իշխանյանը:
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
Կարեն Անդրեասյանը լիարժեք չի աշխատել. Արթուր Սաքունց
18:30, January 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Մամլո հաղորդագրություններՆոր Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հետընթաց է լինելու: Այս մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` անդրադառնալով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հրաժարականի առնչությամբ վերջինիս կողմից արված հայտարարությանը: Օմբուդսմենը իր հայտարարության մեջ նկատել էր. մեջբերում. «Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»:
Արթուր Սաքունցը ասում է, որ կան մի շարք գործոններ, որոնք որպես սպառնալիք ուղղված են հենց օմբուդսմենի անձին, սակայն կան շատ գործոններ, որոնք պարզապես անհարին են դարձնում ՄԻՊ գործունեության հետագա արդյունավետությունը, հատկապես այն մակարդակում, որտեղ Կարեն Անդրեասյանը պատկերացնում էր, որ պետք է պաշտոնավարի որպես մարդու իրավունքների պաշտպան:
«Օմբուդսմենն իր հայտարարության մեջ հստակ ասում է, որ ՄԻՊ հնարավորությունները 2015 թվականի համեմատ, նախագահ Սերժ Սարգսյանի պարտադրած Սահամանադրությամբ, սահմանափակվել է»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հավելելով, ՄԻՊ ուղերձը կայանում է նաև նրանում, որ թույլ հույս է նշմարվում, թե օրենսդրությամբ կշտկվի Սահմանադրության բացը: Սակայն այս տեսակետը, ըստ Արթուր Սաքունցի, իրատեսական չէ:
Այն, որ Կարեն Անդրեասյանը բավականին անկեղծացել է իր գնահատականներում, նշելով, որ Հայաստանում տիրող իրավիճակն ու հատկապես մոտեցումը ՄԻՊ բնագավառին, Արթուր Սաքունցի կարծիքով խիստ մտահոգիչ է:
Նրա խոսքով օմբուդսմենն իր համար կարծես բացահայտել և հասկացել է, որ պետությունը ՄԻՊ գործունեության համար պատշաճ կամք չդրսևորեց: Նա մտահոգված է, որ դա էապես կնվազեցնի իր, որպես օմբուդսմենի, գործունեության արդյունավետությունը.
«Ըստ էության՝ նահաջ ենք կատարում ՄԻՊ բնագավառում, եթե Կարեն Անդրեասյանը, ՄԻՊ լինելով, մինչ այս չի տեսել՝ ինչ մակարդակում է մարդու իրավունքների պաշտպանությունը, և նոր է իրավիճակը գնահատում` մտահոգիչ է: Այսինքն՝ լիարժեք չի աշխատել…»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա դիտարկմամբ իրավիճակի ելքը ամեն դեպքում քաղաքացիական կամքն է ու հետևողական պայքարը: