Կայացավ «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան – քաղաքացի հարաբերություններում» թեմայով քննարկում
10:37, February 18, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն, Ոստիկանություն2016 թվականի փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում սրահում Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները ոստիկան – քաղաքացի հարաբերություններում» թեմայով:
Քննարկմանը հրավիրված էին իրավասու պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը:
Այնուհետև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի օգնական Անուշ Համբարյանը ներկայացրեց ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման վիճակը՝ ըստ ԶԼՄ մշտադիտարկման 2015թ. արդյունքների:
Միջոցառման երկրորդ մասում սոցիոլոգ, փորձագետ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը» զեկույցը, որն ամփոփում է 2015 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Հետազոտության շրջանակներում ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մամինների գործունեության նկատմամբ:
Միջոցառման երրորդ մասում ցուցադրվեց լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից պատրաստված տեսազեկույցը՝ «Պարբերական հիվանդություն» վերնագիրը կրող ֆիլմի տեսքով: Ֆիլմում ներառված քաղաքական հետապնդումների, խոշտանգումների, քաղաքացիների վրա հարձակման դեպքերը տեղի են ունեցել 2014-2015 թթ.-ին: Հետաքրքրական է, որ նկարագրված բոլոր գործերը կարճվել կամ կասեցվել են, որոշ դեպքերում անգամ քրեական գործ չի հարուցվել:
Ֆիլմի ցուցադրությանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում միջոցառման մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները քննարկվող թեմայի վերաբերյալ:
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով չբացահայտված հանցագործությունների մասին, նշեց, որ դրանք չբացահայտելը երկու պատճառ կարող է ունենալ՝ քաղաքական նպատակահարմարությունը և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը՝ վերջինը համարելով քիչ հավանական:
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ Տիգրան Նաղդալյանն իր խոսքում կարևորեց նման հանդիպում-քննարկումների անհրաժեշտությունը: Նա նշեց, որ խնդրի լուծման իրական ճանապարհը համակարգային փոփոխություններ կատարելն է, կադրային ճիշտ քաղաքականություն վարելը՝ հատկապես կարևորելով ուժային կառույցների աշխատակիցների կրթական ցենզի բարձրացումը: Վերջում փորձագետը հույս հայտնեց, որ բարեփոխումների արդյունքում ոստիկանությունը ուժային կառույցից կվերածվի ծառայություն մատուցող կառույցի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ընդգծեց այն հանգամանքը, որ ոստիկանությունում վիճակագրություն վարվում է միայն քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ, իսկ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ կատարված հանցագործությունների վիճակագրություն չի իրականացվում, որով, ըստ էության, պետությունը չի կատարում մարդու իրավունքների բնագավառում վերցրած իր պարտավորությունները:
Թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին նաև միջոցառմանը ներկա քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: