Կուտոյանն ԱԱԾ արտահաստիքային աշխատակի՞ց
17:33, February 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրերս Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Սակայն չպարզաբանված է մնում հարցը, թե բավարարված են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ըստ որի այդ պաշտոնում «կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում»:
Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Գեորգի Կուտոյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։
Իրավապաշտպանները ևս մտահոգված են այս խնդրով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց. «Նախարար ում կնշանակեն՝ դա թիմի պատասխանատվությունն է, հիմա կարող է բժշկին նշանակել կրթության նախարար, թե գյուղատնտեսին նշանակի արդարադատության նախարար և այլն, դա արդեն խնդիրը քաղաքականության մեջ է: Բայց էնպիսի մասնագիտացված կառույց, ինչպիսին ոստիկանությունն է, մաքսային ծառայությունը, ֆինանսները, ԱԱԾ-ն, պետը պետք է լինի այդ բնագավառի մասնագետը: ԱԱԾ օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու համար համապատասխան կարողություն պետք է ունենալ: Օրենքի մեջ գրված է, որ այնտեղ աշխատած պետք է լինեն: Կամ մենք հիմա կարող ենք ենթադրել, որ Կուտոյանը եղել է ԱԱԾ արտահաստիքային աշխատակից կամ նա չի համապատասխանում օրենքի պահանջներին»:
Հիշեցնենք, մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը Գեորգի Կուտոյանը Սերժ Սարգսյանի փետրվարի 3-ի հրամանագրով 9 օրով զբաղեցրեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, որպեսզի համապատասխանի ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի կետին, համաձայն որի ԱԱԾ պետ կարող է նշանակվել իրավապահ որևէ կառույցի բարձրագույն խմբի պաշտոն ունեցող անձը: Ստացվում է, ըստ էության, մինչև փետրվարի 3-ը 35-ամյա Կուտոյանը որևէ ձևով չէր համապատասխանում ԱԱԾ պետի պաշտոնի համար: Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համատեքստում այս նշանակումը խոսում է նախագահականի նոր կադրային քաղաքականության մասին:
«Հին դեմքը նոր դեմքերի մասին չի կարող խոսել: Ինքն արդեն բավական հնացել է, չկա այդ ձևի բան, որ մարդ անընդհատ, 17 տարի բավական բարձր դիրքեր գրավի, 2 անգամ նախագահի պաշտոնում լինի ապօրինի կեղծված ընտրություններով և բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չկրի»,- ասաց Արթուր Սաքունցը: